Մեղադրողը ֆոտոթղթակցի գործով պահանջեց տուգանք
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ Գ. Շամշյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարան կհասներ (տրանսպորտային խցանումների պատճառով նա 10 րոպե ուշացումով ներկայացավ- Ռ. Մ.), «մեղադրյալը» զբաղվեց իր մասնագիտական գործունեությամբ, լուսանկարեց մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանին: Վերջինս էլ ֆոտոթղթակցին մտերմաբար հայտնեց իր ցանկությունը, թե՝ այնպես նկարիր, որ 50 տարեկան չերեւամ: Գ. Շամշյանը նկարեց եւ ասաց. «Ըհը, իսկական օլիգարխի նմանվեցիք», ինչն ակնհայտորեն դուր եկավ մեղադրողին:
Պաշտպանը ներկայացավ, եւ մեղադրողը սկսեց իր ճառը: Վերջինս ասաց, որ անցյալ տարվա օգոստոսի 5-ին Գ. Շամշյանը մասնակցել է Սմբատ Այվազյանի գործով դատաքննությանը: Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը հորդորել է նկարել 5 րոպե (ինչպես երեկվա նիստը նախագահող Ա.Խաչատրյանը-Ռ.Մ.): Սակայն Գ. Շամշյանը հետագայում չի դադարեցրել նկարահանումը: Մեղադրողն ասաց, որ Գ. Շամշյանը իր ցուցմունքում ասել է, որ իր լուսանկարչական սարքը պահված է եղել դատավորի ուղղությամբ, սակայն ինքը չի նկարել: Մեղադրողի գնահատմամբ, լրագրողի պատճառաբանությունները անհիմն են եւ «պատասխանատվությունից խուսափելու» փորձեր են: «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու» համար մեղադրվող Գ. Շամշյանին դատական կարգադրիչները ուժով հեռացրել են նիստերի դահլիճից, ապա 1 ժամ առանձին պահելուց հետո տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ուշադրության արժանի է այն, որ ապացույցների մեջ դրված էր ոստիկաններին ուղղված դատական կարգադրիչների հաղորդումը: Մեղադրողը նշեց, որ Գ. Շամշյանը վիրավորական արտահայտություններ է արել դատավոր Գ. Ավետիսյանի հասցեին. «Սաղ կյանքդ արգելանքի տակ ես եղել», «Արի մեր տեղը սղագրություն արա, պրծի» եւ այլն: Մեղադրողը միջնորդեց ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասով թողնել անփոփոխ եւ Գ. Շամշյանին տույժի ենթարկել աշխատավարձի 500-ապատիկի չափով: Պաշտպան Հ. Արսենյանի համար «նման մեղադրանքն անսպասելի» էր, ուստի դատարանից խնդրեց ողջամիտ ժամկետ՝ պաշտպանական ճառի համար: Գ. Շամշյանն իր հերթին ասաց, որ մտադիր է «գեղարվեստական ճառ» ասել: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին, ժ.10-ին: Նկատենք, որ նախորդ օրն էլ մեկ այլ՝ «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանին նույն մեղադրանքի համար առաջարկվեց աշխատավարձի 300-ապատիկի չափով տուգանք: Մեղադրողների համար կարծես բավարար չէ այն, որ լրագրողին զրկում են ազատ շարժվելու իրավունքից՝ ընտրելով ստորագրությունը քաղաքից չբացակայելու համար: Վտանգավոր միտումն այն է, որ նյութական վնասի հատուցման ինստիտուտը դեռ չկայացած, առաջին փորձարկումներն արվում են ոչ թե այս պետությանը նյութական վնաս հասցրածներին, գողերին, կողոպտիչներին, կաշառակերներին, այլ մարդկանց, ովքեր տեղեկացնում են իրականության իրական պատկերի մասին: