Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցը կիսատ մնաց

Ապրիլ 09,2009 00:00

\"\"Երեկ առավոտյան մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը լավ չէր աշխատում

Որոշ երթուղագծերի վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով գազի թանկացումից: Վարորդների ներկայացմամբ, իրենք ոչ մի կերպ չեն տեղավորվում իրենց ծախսերի մեջ. «Հերիք չի էդքան բարձր օրվա պլան ենք տալիս, հիմա էլ այդքան թանկ գնով գազ ենք լիցքավորում: Էլ չենք ասում, որ գազալցակայաններում նոր մախինացիաներ են սկսվել. եթե նախկինում այդչափ լիցքավորումով մի քանի պտույտ էինք անում, հիմա կիսատ են լիցքավորում ու ճանապարհի կեսից գազը վերջանում է»: Միկրոավտոբուսների վարորդներն իրենց ցույցը կազմակերպել էին Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Անդրանիկի արձանի հարեւանությամբ:

Նրանք, ի նշան բողոքի, տասնյակ երթուղայիններ կանգնեցրել էին այդ հատվածում եւ ուղեւորներին չէին սպասարկում: Նշենք, սակայն, որ գործադուլ անող վարորդների բողոքի ակցիան երկար չտեւեց, քանի որ պետավտոտեսչության աշխատակիցներն այն «ցրեցին», որից հետո վարորդները սկսեցին սպասարկել:

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն, Ճանապարհային ոստիկանությունը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունը մայրաքաղաքում իրականացրել են ստուգայցեր՝ չլիցենզավորված, դեղին պետհամարանիշներ չունեցող ու 10 տարեկանից մեծ ավտոմեքենա ունեցող տաքսիստներին հայտնաբերելու համար: «Ռեյդի» նպատակը չլիցենզավորված տաքսիներն օրինական դաշտ բերելն է: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, տաքսիների 50 անհատ վարորդ արդեն իսկ դիմել է տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ գրանցվելու, այնուհետեւ լիցենզիա ստանալու համար: Իսկ 100-ն էլ դիմել ու ստացել է համապատասխան փաստաթղթային փաթեթ, որպեսզի տեղեկանա տաքսին լիցենզավորելու ընթացակարգի մասին: Այդ կապակցությամբ նախարարությունում նույնիսկ մեծ հերթեր են գոյացել: Նախարարությունից հայտնել են, որ տաքսիստների հոսքը շարունակվում է նախարարություն, նրանց որոշ մասը գրանցվել է, որպեսզի պարզի, թե 10 տարեկանից մեծ մեքենա ունեցողներն ինչ թիվ են կազմում: Դեղին համարանիշի համալրման եւ լիցենզավորման մասին հայտ է ներկայացրել նաեւ 14 իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ, այս պահին ՀՀ-ում գործում է 622 տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպություն, այդ թվում՝ տաքսու 70 անհատ վարորդ:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ կկիրառվի տուգանք՝ այդ գործունեության արդյունքում ստացված համախառն եկամտի 50%-ի չափով: Միայն մեկ ամսվա ապօրինի գործունեության համար նրանցից հօգուտ բյուջեի կգանձվի տուգանք՝ 90 հազար դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել