Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՉԷ

Ապրիլ 09,2009 00:00

Մինչ օրս Հայաստանում գործում է խորհրդային տարիներին հաստատված հացի տեխնիկական կանոնակարգը

Անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ էականորեն խստացվեցին հացի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջները: Մասնավորապես, որպես պարտադիր պահանջ սահմանվեց հացի որակի, բաղադրության եւ արտադրողի մասին տվյալներով տեղեկատվական թերթիկի առկայությունը վաճառքի կետերում, ինչպես նաեւ համապատասխան մակնշումը գնապիտակի վրա: Սակայն, ինչպես լինում է սովորաբար, այս որոշումը եւս իրականություն չդարձավ: Ոլորտի վերահսկողությունն իրականացնող մարմինը՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը, որոշ ժամանակ ստուգայցեր իրականացրեց, հայտնաբերեց խախտումներ, տուգանեց մի քանի ընկերությունների, եւ այսքանով հարցը փակվեց: Ու թեեւ տեսչության պետ Գրիշա Բաղիյանի կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքում գրանցվել է նկատելի տեղաշարժ հացի շուկայի բարելավման ուղղությամբ, այնուամենայնիվ, այսօր էլ, ինչպես նախկինում, Երեւանի բազմաթիվ խանութներում վաճառվող հացն առանց մակնշման է, եւ չկա փակցված որեւէ տեղեկատվական թերթիկ: Բացառություն են կազմում փաթեթավորված վաճառվող հացի որոշ թանկ տեսակներ, որոնք, սակայն, ոչ միշտ են թարմ լինում: Դրանում համոզվելու համար բավական է փոքրիկ շրջայց կատարել Երեւանի կենտրոնում գործող խանութներում, ինչը, վստահ ենք, ոլորտի պատասխանատուներից ո՛չ մեծ ժամանակ, ո՛չ էլ ռեսուրսներ կպահանջի: Եվ եթե վիճակն այսպիսին է մայրաքաղաքում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում մարզերում, հատկապես՝ գյուղական բնակավայրերում:

Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հավաստիացնում է, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ որ այս պահի դրությամբ տեսչությունը գյուղատնտեսության նախարարի հանձնարարագրերով ստուգումներ է իրականացնում հացի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող 135 կետերում, որոնցից 60-ը՝ հանրապետության մարզերում է, 75-ը՝ Երեւանում: Առայժմ տեսչությունը չունի կոնկրետ թվեր այս տարի հայտնաբերված խախտումների մասին: Ինչպես տեղեկացանք, սննդամթերքի անվտանգության տեսուչները ստուգումներ կարող են իրականացնել միայն նախարարի համապատասխան հանձնարարագրերով, որոնք տրվում են ծրագրային ստուգումների ժամանակ, երբեմն էլ բողոքների հիման վրա: Մեր դիտարկմանը, թե գործող այս կարգը պարունակում է կամայական մոտեցման ռիսկեր՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, տեսչության պետը հավաստիացրեց, թե նման բան չկա, եւ իրենց նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր խանութներում վաճառվի որակյալ եւ գործող չափանիշներին համապատասխանող հաց: Առայժմ, ըստ Գ. Բաղիյանի, կան աղաղակող թերություններ, որոնց բացահայտման ուղղությամբ աշխատում է Հայաստանի ողջ տարածքում գործող տեսչության 165 աշխատակից:

Իրավիճակի հսկողության արդյունավետության բարձրացման առաջնային խնդիրներից է հացի տեխնիկական կանոնակարգի բացակայությունը: Մինչ օրս Հայաստանում գործում է խորհրդային տարիներին հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն, անշուշտ, հնացած է եւ չի համապատասխանում ներկա եվրոպական չափանիշներին: Գյուղատնտեսության նախարարությունում ներկայումս ընթանում են նոր կանոնակարգի մշակման աշխատանքները, որոնք, ըստ Գ. Բաղիյանի, մինչեւ տարեվերջ կավարտվեն եւ կներկայացվեն կառավարությանը: Այն կլինի հացի եւ հացաբուլկեղենի վերաբերյալ եվրոպական չափանիշներին համապատասխանող տեխնիկական պահանջների ամբողջական փաստաթուղթ: Բացի այդ, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնցով հացի թերի քաշի եւ մակնշման բացակայության համար կսահմանվեն հստակ տուգանքներ: Առայժմ՝ հացն իրացնող կետերի համար տուգանքի չափը 50-100 հազար դրամ է, իսկ արտադրամասերի համար՝ 100-300 հազար դրամ:

Ինչ վերաբերում է հացամթերքի տեղափոխման հակասանիտարական պայմաններին, ապա դրանով զբաղվում է առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ տեսչությունը, սակայն այստեղ էլ, ըստ պատասխանատուների, առկա են լուրջ իրավական բացթողումներ: Մասնավորապես, հաստատված չեն սննդամթերքի տեղափոխման մասին սանիտարահիգիենիկ կանոնները: Առայժմ սննդամթերքի անվտանգության ու սանիտարահիգիենիկ տեսչությունները պարբերաբար իրականացնում են համատեղ ստուգայցեր, որոնց արդյունավետության մակարդակի մասին կարելի է դատել՝ յուրաքանչյուր առավոտ տեսնելով, թե ինչպես են «Ռաֆ» կամ «Ֆուրգոն» մեքենաների թափքերից խանութներին հաց մատակարարում:

Ամեն դեպքում ոլորտի պատասխանատուները կոչ են անում քաղաքացիներին, հետամուտ լինելով սեփական շահերին՝ պահանջել վաճառողներից տեղեկատվական թերթիկներ: Իսկ դրանք չտրամադրելու դեպքում խնդրում են զանգել նախարարության «թեժ գիծ»՝ 45 74 21, որտեղ մուտքագրվող բոլոր բողոքներին, ըստ նախարարության ներկայացուցիչների, տրվում է համապատասխան ընթացք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել