Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտն» իր աջակիցներին չի բացահայտում

Ապրիլ 09,2009 00:00

Նախորդ տարեվերջից գործունեությունը դադարեցրել էր «Նաիրիտ» քիմիական գործարանը: Այս տարվա մարտից գործարանը վերագործարկվեց, ինչի արդյունքում էլ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների մի մասը նորից անցավ աշխատանքի: Ու քանի որ «Նաիրիտի» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ոչ մի կոպեկ ֆինանսական օգնություն գործարանին չի տրամադրել, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է վերագործարկվել գործարանը, սակայն պարզվեց, որ «Նաիրիտի» ղեկավարությունն այդ տեղեկությունը համարում է գաղտնի եւ չի ցանկանում բացահայտել իր աջակիցներին: Հարցի առնչությամբ գործարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» փոխանցեցին. «Նաիրիտ գործարան» ընկերության ֆինանսավորման աղբյուրների քննարկումը թերթերի էջերում մենք նպատակահարմար չենք գտնում»: Նշենք նաեւ, որ գործարանի վերագործարկումից հետո աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Նրանք իրենց բողոքը հիմնավորում էին նրանով, որ աշխատում են թունավոր արտադրամասում, որի համար պետք է լրացուցից գումար ստանան:

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե գործարանի ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է քննարկել ու ընդառաջել իր աշխատակիցների բողոքին: Այս առնչությամբ էլ «Նաիրիտից» պարզաբանեցին. «Հայաստանում, Եվրասիայում կամ ողջ աշխարհում մատնանշեք որեւէ կազմակերպություն, ընկերություն կամ հիմնարկ, որ համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում բարձրացնում է աշխատավարձերը: Բացի այդ, ընկերության աշխատակիցների կողմից գործարանի անձնակազմի կառավարման բաժին կամ արհմիութենական կոմիտե՝ աշխատավարձի բարձրացման պահանջով որեւէ դիմում կամ առաջարկություն չի ներկայացվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել