Համաշխարհային բանկի տրամադրած 50 միլիոն դոլարը առեւտրային բանկերը կբաշխեն իրենց ուզած տոկոսադրույքով
Նախորդ շաբաթ որոշվեց, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող $50 միլիոնը պետք է տնօրինեն Հայաստանի 8 առեւտրային բանկեր: Այս գումարը նախատեսված է իբրեւ փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու համար: Սակայն, ծանոթանալով վարկավորման պայմաններին, պարզ է դառնում, որ դրանք ձեռնտու չեն նույնիսկ խոշոր տնտեսվարողների համար, ուր մնաց՝ թե դրանից կարողանան օգտվել միջին ու մանր բիզնեսով զբաղվողները:
$50 միլիոն վարկը ՀԲ-ն մեր Կենտրոնական բանկին է տրամադրել 26,5 տարի մարման ժամկետով, ընդ որում՝ 5 տարին արտոնյալ է, այսինքն՝ առաջին 5 տարվա ընթացքում ԿԲ-ն մայր գումարից ոչ մի կոպեկ պարտք չի վերադարձնելու, այլ միայն մարելու է վարկի տոկոսները: Նշենք, որ վարկը բանկերին տրամադրվելու է 8-9%-ով։ Սակայն այս տոկոսադրույքը չի վերաբերում տնտեսվարողներին, քանի որ մինչեւ վարկը հասնի նրանց՝ տոկոսադրույքը առնվազն կկրկնապատկվի:
Վերջերս ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ասել էր, որ առեւտրային բանկերն իրենք են որոշելու, թե այս վարկի տոկոսադրույքն ինչքան է լինելու: Վ. Գաբրիելյանի ենթադրություններով, տոկոսադրույքները կլինեն տարեկան 15% եւ ավելի: Նկատենք, որ առանց ՀԲ-ի աջակցության էլ ընտրված բանկերից շատերը ՓՄՁ վարկավորում կատարում էին, սակայն ոչ թե 15% եւ մի փոքր ավելի, այլ տարեկան 17-22%-ով: Թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեն վարկերը մանր եւ միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին, մեզ հետ զրույցում որեւէ բանկի ներկայացուցիչ կոնկրետ թիվ չնշեց, սակայն նրանց ներկայացմամբ, դժվար թե այն լինի մինչ այսօր բանկի կողմից տրամադրվող վարկի տոկոսից ավելի ցածր:
ՀԲ-ի $50 միլիոնից բաժին կհասնի նաեւ «Ակբա Կրեդիտ ագրիկոլ» բանկին: Բանկի առեւտրային վարկերի բաժնի պետ Արայիկ Ասրյանի խոսքերով, դեռեւս պարզ չէ, թե վարկի տարեկան տոկոսադրույքն ինչքան կլինի, քանի որ դեռեւս գումարը չեն ստացել եւ տոկոսադրույքների հարցը պետք է քննարկեն: Նրա հավաստմամբ՝ առայժմ հայտնի է միայն, որ վարկ չեն տրամադրի, ասենք՝ խաղատներին կամ զենքի առեւտրի ու ատոմակայան կառուցելու համար: Ա. Ասրյանը վստահեցրեց, որ ՓՄՁ-ի վարկավորումն իրականացնում են տարեկան 12-24%-ով: «Առավոտի» հարցին, արդյո՞ք ՀԲ-ի տրամադրած վարկի տոկոսադրույքները ավելի ցածր կլինեն, քան այսօր առաջարկում է իրենց բանկը, Ա. Ասրյանն ասաց. «ՀԲ-ի գումարով իրականացվող վարկավորման տոկոսադրույքներն էլ կլինեն այսօրվա մեր առաջարկվող տոկոսադրույքների սահմաններում»: Ըստ Ա. Ասրյանի՝ վարկը չի գերազանցելու 60 միլիոն դրամը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ որեւէ խոշոր տնտեսվարող 60 միլիոնի հայտ ներկայացնի եւ նրան եւս ընդառաջեն, պարոն Ասրյանն ասաց. «Հնարավոր է, եթե ներկայացրած հայտը մեր պահանջներին համապատասխան լինի»:
«HSBC» բանկից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք արդեն որոշել են, թե ՀԲ-ի տրամադրած վարկը ինչ կերպ է բաշխվելու. «Վարկը տրամադրվելու է առավելագույնը 5 տարի ժամկետով, մեկ վարկառուին տրվող վարկի գումարը չպետք է գերազանցի 45 միլիոն դրամը կամ դրան համարժեք դոլարը: Տոկոսադրույքը կախված կլինի տվյալ վարկառուի վարկային ռիսկի աստիճանից՝ տատանվելով տարեկան 12-24%-ի միջեւ: Համաշխարհային բանկի վարկը ուղղված է միայն փոքր եւ միջին ձեռնարկություններին, եւ բանկերը տվյալ պարագայում հանդես են գալիս որպես գործընկեր»:
«Արարատ բանկը» եւս այն բանկերից է, որը ՀԲ-ի ծրագրով պետք է վարկավորում իրականացնի: Բանկի գործադիր տնօրենի խորհրդական Արայիկ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց բանկի կողմից տրամադրվող վարկը լինելու է մինչեւ $150 հազարին համարժեք դրամ:
Պարոն Մանուկյանը եւս չհստակեցրեց, թե ինչ տոկոսով են տրամադրելու վարկը. «Մինչեւ պայմանագրերը չլինեն, գումարը չստանանք՝ չենք կարող ասել»: Նշենք, կախված մարման ժամկետից, ռիսկայնությունից եւ այլ գործոններից, «Արարատ բանկը» ՓՄՁ վարկավորումն իրականացնում է տարեկան 17-20%-ով:
Ըստ Արայիկ Մանուկյանի, այնքան էլ տեղին չէ ՀԲ-ի կողմից տրամադրվող գումարը համարել օգնություն, քանի որ այն եւս վարկ է՝ իր տոկոսներով:
Ստացվում է, որ հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում մեր կառավարությանը տրամադրված վարկը իրականում աջակցում է ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկատերերին, այլ, թերեւս, բանկերին, քանի որ վերջիններս հնարավորություն են ստանում արտոնյալ պայմաններով լրացուցիչ գումարներ ներգրավել եւ իրենց ուզած տոկոսադրույքով տրամադրել գործարարներին:
Հիշեցնենք նաեւ, որ ԿԲ փոխնախագահ Վ. Գաբրիելյանը հայտարարել էր, որ «բանկերն ազատ են եւ իրենք են որոշելու տոկոսադրույքները»: Ուստի, տրամաբանական է, որ որեւէ բանկ, ի շահ տնտեսվարողի, չի որոշի մինչ այժմ եղած տոկոսադրույքները նվազեցնել: