Շեքսպիրյան կրքեր՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումների քննարկման ժամանակ:
Խորհրդարանը մինչեւ հիմա չի լսել ո՛չ ՀՀ դատախազության 2007-ի գործունեության մասին հաղորդումը, ո՛չ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2007-ի ընթացքում գործունեության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը: Չլսված այս զեկույցների կույտը մի քիչ պակասեց, քանի որ 2009 թվականի ապրիլի 8-ին ԱԺ-ն վերջապես ժամանակ գտավ քննարկելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ավելին՝ դրանից անմիջապես հետո սկսեցին քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2008-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը: «1 տարին անցավ՝ ինչպես 1 րոպե»,- տեղից կատակեց Լարիսա Ալավերդյանը: «Էս նոր տարին էր, հա՞»,- ծիծաղեց Արմեն Մարտիրոսյանը:
Զվարճալի մասն այսքանով ավարտվեց. «Ժառանգության» պատգամավորները հարցերի եւ ելույթների միջոցով մեկ առ մեկ հիշեցրին, թե 2007-2008 ընտրական տարիների ընթացքում ինչ գործունեություն էր ծավալել Հանրային հեռուստատեսությունը: Ասենք, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ 2007-ի սեպտեմբերից սկսած, երբ տրվեց նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը՝ Հ1-ը սկսեց ծաղրել, վիրավորել ու զրպարտել ընդդիմադիր գործիչներին: Եվ հարակից զեկուցող Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց, թե համաձայն չէ այդ գնահատականների հետ: Բացի այդ՝ պնդեց, թե 2007-ից հետո շատ բան է փոխվել. «Ես համարում եմ, որ հանրային հեռուստաընկերության ներկայիս հեռարձակումն ամբողջությամբ քաղաքական բազմակարծության, քաղաքական հանդուրժողականության եւ անաչառ լրատվության շրջանակներում է»: Այս գնահատականները Լարիսա Ալավերդյանն անվանեց «բարձրագոչ ու վերին աստիճանի ոչ ադեկվատ»: Իսկ Արմեն Մարտիրոսյանը ելույթում պնդեց, թե Հ1-ն ինչպես աշխատում էր, այնպես էլ այժմ է աշխատում, պարզապես անցել է «լայթս» տարբերակի: Ալեքսան Հարությունյանը եզրափակիչ ելույթում հակադարձեց. «Դա միշտ չէ, որ վատ է: Արմատական ընդդիմությունն էլ «Ժառանգությանն» է անվանում «լայթս» ընդդիմություն: Այնպես որ՝ այս հարցում մենք կոլեգաներ ենք»:
Արմեն Մարտիրոսյանի մի դիտարկում առիթ դարձավ, որ հռետորների միջեւ յուրօրինակ մրցակցություն սկսվի, թե ով ավելի կծու համեմատություն կանի շեքսպիրյան թեմաներով: «Մավրն արեց իր գործը՝ մավրը կարող է հեռանալ»,- ելույթն այսպես սկսեց պրն Մարտիրոսյանը՝ թերեւս նկատի ունենալով այն, որ Արմեն Աշոտյանն իր զեկույցում մի ռեպլիկ նետեց 2007-ի մասին՝ «Իսկ ո՞վ էր այն ժամանակ եթերից գոհ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, թե 2007-ին իշխանավորները շատ գոհ էին Հ1-ի աշխատանքից, պաշտպանում էին, իսկ հիմա պարզվում է, որ գոհ չէին: Սակայն մավրի մասին հիշատակումն այլ համատեքստում հայտնվեց, երբ դահլիճից դուրս եկող Աշոտյանի հետեւից Նաիրա Զոհրաբյանը կանչեց՝ «Մավր, ո՞ւր ես հեռանում»: Եվ Արմեն Մարտիրոսյանն ամբիոնից վստահեցրեց. «Մավրն ինքը չէ»: Այնուամենայնիվ՝ եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանը հակադարձեց, թե Դեզդեմոնայի դերին մի հավակնեք՝ որեւէ մեկը որեւէ մեկին չի խեղդել լրատվության դաշտում: Իսկ ՀՀՌԸԽ նախագահն էլ իր հերթին նշեց. «Եթե ակնարկն իմ մասին էր, ապա ասեմ, որ դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ մավրը, այսինքն՝ ես, վաղուց կամ, բայց պրակտիկայում առայժմ միայն յագոներն են հեռացել: Ես մի՛շտ կամ»:
Եվս մի ուշագրավ հայտարարություն. «Ժառանգության» պատգամավորների ողջ քննադատությանը, թե Հ1-ը հասարակությանն անաչառ ու անկողմնակալ տեղեկատվություն չէր մատուցում, խախտում էր քարոզարշավի հավասարության սկզբունքները եւ այլն՝ Ալեքսան Հարությունյանն ԱԺ ամբիոնից այսպես պատասխանեց. «Ընդունելով քննադատությունը՝ ուզում եմ որոշակի պարզաբանում տալ: Գիտեք, որ բոլոր երկրներում գունավոր հեղափոխությունների հիմնական դաշնակիցը դառնում է Հանրային հեռուստատեսությունը. նման բան եղել է Վրաստանում, իսկ այսօր՝ մի ուրիշ երկրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող երբեք հույս ունենալ, ինչպես բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ շուտով Հանրայինում այս-այն կլինի, դիսիդենտներ կառաջանան: Բայց ուզում եմ ասել՝ նա լինի, թե մեկ այլ գունավոր հեղափոխության նախաձեռնող՝ համենայնդեպս, քանի ես այստեղ եմ՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը երբե՛ք չի դառնալու որեւէ գունավոր հեղափոխության գործիք»: Քննարկումը կշարունակվի այսօր: