16-րդ ֆորումում այս խնդիրն են բարձրացնելու մտավորականները
Ապրիլի վերջին տասնօրյակում կայանալու է հանրապետության մտավորականների 16-րդ ֆորումը, որի քննարկումների հիմքում լինելու են հայ ազգի բարոյական առողջացման խնդիրները: Հիշեցնենք, որ ֆորումի ավագանու անդամներ են Երվանդ Մանարյանը, Հրաչյա Մաթեւոսյանը, Օհան Դուրյանը եւ ընդդիմադիր հայացքների տեր մի շարք այլ մտավորականներ: Ֆորումի համակարգող խորհրդի անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ավագանու եւ համակարգող խորհրդի վերջին մի քանի համատեղ նիստերի ընթացքում եկել են այն եզրակացության, որ «բոլոր լրջագույն կորուստների կողքին մենք ունենում ենք մի այնպիսի կորուստ, որը հետագայում հնարավոր չէ վերականգնել՝ երկրի, ազգի եւ հասարակության բարոյական կորուստը. դա տնտեսություն չի, որ հետո վերականգնես, սոցիալական խնդիր չի, որ համակարգված մոտեցմամբ լուծես»: Մեր զրուցակիցը, իհարկե, չի ասում, որ ավագանին կախարդական փայտիկ ունի եւ մի հարվածով լուծելու է այդ հարցը: «Բայց պետք է ոչ միայն բարձրաձայնել խորացող այդ անբարոյական վիճակի մասին՝ սկսած ընտանիքից, վերջացրած պետական համակարգով, այլ կոնկրետ գործողություններ էլ անել, քանի որ բարոյական կերպարը կորցնող հասարակարգը գոյատեւման ի վիճակի չէ: Ազգային անվտանգության հարցը չի կարող լուծվել առանց բարոյականության, առանց մարդու բարոյական կերպարի: Հայ մարդն օրվա 24 ժամը նվիրում է հացի խնդրին եւ այդ հացը աշխատում է ոչ թե սեփական քրտինքով, այլ՝ ինչպես պատահի»,- նկատում է մեր զրուցակիցը:
Քանի որ մենք սիրում ենք ամեն ինչում նմանակել ԱՄՆ-ին, պարոն Մարգարյանը զուգահեռներ անցկացնելով՝ ասում է, որ ԱՄՆ-ում եթե գործարարը տարեկան 2 տոկոս շահույթ է ապահովում, ապա դա փայլուն ցուցանիշ է համարվում: Վերադառնալով մեր սկսնակ, բայց արդեն գերշահույթներ ունեցող «գործարարներին»՝ մեր զրուցակիցը նկատում է. «Դա բիզնես չէ: Խորհրդային տարիների «սպեկուլյանտ» բառը նրանց շատ է սազում: Սա բերում է ոչ թե նյութական, այլ բարոյական խեղաթյուրման, ու ամեն ինչ, ցանկացած տեսակի հարաբերություններ տեղափոխվում են «դոլարի դաշտ», եւ կորցնում ենք ազգի նկարագիրը: Դրան նպաստում է նաեւ հայկական հեռուստաեթերը, որը հայկականի հետ կապ չունի: Երեխան եթերում տեսնում է այդ տկլոր անբարոյականությունը, դոլարը, կրակոցները, ցոփ կյանքը, արյունը, մահը, ինչը ազդում է նույնիսկ հասուն մարդու հոգեկան վիճակի, ենթագիտակցության վրա, ու դա, ի վերջո, կբերի նաեւ հայի տեսակի կորստի: Հայ կլինի, բայց ոչ այն հայը, որը գիտի ծնունդ, կնունք, հարսանիք, նախնիների հիշատակ, սեփական դասական երաժշտություն, սեփական պոեզիա եւ համանման արժեքներ: Հայաստան էլ կլինի, բայց լատինական տառերով գրված: Մինչդեռ, մենք նորածնին հենց օրորոցում պետք է վարվելակերպ սովորեցնենք, հայավարի կրթենք, դաստիարակենք, նրա էսթետիկական հաճույքների մասին հոգանք»:
Իսկ թե ի՞նչ ճանապարհով պետք է լուծվի բարոյականության վերականգնման հարցը, պարոն Մարգարյանը հղում է անում հնդկական փորձին. «Միլիարդից ավելի ժողովուրդ, որը ուղիղ 20 տարի առաջ կանգնած էր քաղցի շեմին, բնակչության ուղիղ 70 տոկոսը չէր աշխատում եւ ապահովված չէր նվազագույն կենցաղային պայմաններով: Բայց երբ գործող վարչապետի կողմից դրվեցին բարոյական խնդիրները, որոնց կրող է ինքը, եւ փորձեց հասարակությունում առողջացման պրոցես տանել՝ այսօր արդեն Հնդկաստանն աշխարհում լրջագույն դեր է խաղում: Մեր հասարակության զգալի մասն առողջ է եւ կրողն է առողջ գաղափարների, այդ է պատճառը, որ քաղաքացիական հասարակական շարժում ձեւավորվեց Հայաստանում: Քաղաքական պրոցեսին, որին մենք միացել ենք եւ որի հաղթանակին չենք կասկածում, զուգահեռ պետք է նաեւ այս հարցերը բարձրացնենք»:
Պարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերվում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին խոսակցություններին. ներկայումս սահմանի բացումից մենք ավելի շատ կշահե՞նք, թե՞ կկորցնենք: Մեր զրուցակիցը այն կարծիքին չէ, որ դա միանշանակ բխում է հայ ազգի, մեր պատմության, ներկայի եւ ապագայի շահերից, բայցեւ կարեւոր է համարում հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունները. «Որեւէ մեկը կդժվարանա նժարի վրա դնել եւ հստակ ասել դրականն ու բացասականը, բայց ներկայիս սոցիալ-տնտեսական եւ քաղաքական պայմաններում, սահմանները բացելով, մենք բացում ենք գաղթի նոր ճանապարհ: Միաժամանակ՝ այժմ սահմանի բացումը չի լուծելու մեր ներքին խնդիրները՝ սահմանադրական կարգի հաստատում եւ օրենքի իշխանություն: Առեւտուրը փոքր-ինչ կաշխուժանա, նորից մեր շուկայում անորակ ապրանքը կավելանա, առեւտրականների ինչ-որ մի նոր խավ կձեւավորվի՝ ընդամենը»: