Երկրորդ օրն է, ինչ իրավապահները հետեւողականորեն արգելափակում են քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա:
Իսկ երեկ բանը հասել է նաեւ բռնություն գործադրելուն: Ժամը 17.00-ի սահմաններում ոստիկաններն արգելափակել էին Հյուսիսային պողոտայի այն հատվածը, որտեղ մարդիկ սովորաբար հավաքվում են: Նրանց, ում հաջողվել է մի քիչ առաջանալ, ոստիկանները ուժի կիրառմամբ դուրս են բերել պողոտայի տարածքից, առարկողներին՝ նախ 3-4 կանանց, ապա նաեւ «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանի որդուն՝ Վահագն Գեւորգյանին, ձեռքերը ոլորելով նստեցրել են ոստիկանական «գազելներն» ու տարել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ մյուսներին «ետ մղել» մինչեւ Կարապի լիճ: Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ թեթեւ բախում է եղել: Ոստիկանների եւ անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանի կողմից ծեծի է ենթարկվել նաեւ «Ա1+»-ի ֆոտոլրագրող Դավիթ Ջալալյանը, երբ փորձել է նկարահանել, թե ոստիկանները ինչպես են ծեծում մարդկանց: Ռ. Մելքոնյանը հարվածել է լրագրողի դեմքին եւ որովայնի հատվածում, որից հետո ծեծը շարունակել են մյուս ոստիկանները: Լրագրողին առաջին օգնություն է ցուցաբերվել «Ա1+»-ի խմբագրությունում՝ շտապօգնության բրիգադի կողմից, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը երեկ հայտարարել է, թե հետամուտ է լինելու, որ մեղավորները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ:
Լարումը հանդարտեցնելու նպատակով ոստիկանության հետ փորձել է բանակցել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որը եւս բերման է ենթարկվել։ Երեկ, ուշ երեկոյան, ՀԱԿ գրասենյակը փոխանցեց, որ բերման ենթարկվածներն են Վահագն Գեւորգյանը, Գեւորգ Բոյաջյանը, Մարիամ Պողոսյանը, Ալլա Սարդարյանը, Սվետլանա Միքայելյանը, Վալենտինա Միրզոյանը, Արայիկ Միրզոյանը, Անահիտ Գրիգորյանը, Արմեն Թովմասյանը, Աշոտ Թադեւոսյանն ու Լեւոն Զուրաբյանը: Մինչեւ կեսգիշեր «քաղաքական զբոսանքի» մասնակիցների եւ նրանց միացածների հոծ խմբեր, ՀԱԿ առաջնորդներ հավաքվել էին Կենտրոն թաղապետարանին հարող տարածքում եւ վանկարկում էին ընդդիմության կարգախոսները: Այստեղ էին ոստիկանական ուժեր ու կարմիր բերետավորներ, որոնք փորձում էին մարդկանց ցրել: Ի վերջո, քաղաքացիներին «զբոսնելու» իրավունքից զրկելու փորձերը վերածվեցին մինի երթի՝ Սայաթ-Նովա փողոցով:
Ժամը 22:00-ի սահմաններում բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին: Ըստ ընդդիմության՝ սրանք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարվանն ընդառաջ իրականացվող «պրոֆիլակտիկ» քայլեր են: