Երեկ Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարելիցի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես արձանագրվել է, որ իր երդմնակալությունը «իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ՝ Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ», իսկ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը՝
«- Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին, ընդհակառակը՝ բոլորին առնելով պաշտպանության տակ, ապացուցեց, որ նաեւ ինքն է եղել փետրվարի 19-ի ընտրախախտումների դժոխային մեխանիզմի ստեղծողներից ու հրահանգողներից մեկը։
– Ամեն ինչ արեց՝ պարտակելու համար 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նույն օրը երեկոյան ինքնաբուխ խաղաղ հանրահավաքի մասնակիցների արյունալի սպանդը։ Միայն նրա հրամանով է, որ հնարավոր էր քրեական գործ անգամ չհարուցել զոհված 10 քաղաքացիների մահվան փաստով։ Դրանով նա ապացուցեց, որ ինքը ոչ միայն տեղյակ, այլեւ առնվազն համահեղինակ է եղել պետական ու ազգային այդ խայտառակության կազմակերպմանը։
– Շարունակում է պատանդ պահել 55 քաղբանտարկյալների՝ չխորշելով այդ նպատակի համար մինչեւ վերջ վարկաբեկել, ծաղր ու ծանակի առարկա դարձնել ողջ դատական համակարգը, հանցավոր գործողությունների մղել տասնյակ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների։
– Երբ ամբողջ աշխարհում գների աննախադեպ անկում է, Հայաստանում գների նույնպիսի բարձրացում է. շատ լավ հասկանալով, որ ապօրինի ու հանցավոր իր իշխանությունը դատապարտված է, Ս. Սարգսյանի վարչախումբը ինքնամոռաց տրվել է վերջին թալանին ու կողոպուտին՝ դրանով նաեւ վրեժ լուծելով իրեն ոչ մի կերպ չընդունող մի ողջ ժողովրդից։
– Սեփական իշխանությունը օր ավելի պահելու համար Ս. Սարգսյանը միջազգային աճուրդի է հանել երկրի ազգային շահերը։ ԼՂ խնդիրը հասցվել է մի վիճակի, երբ կա՛մ ստիպված պետք է լինի ստորագրել կարգավորման՝ մինչ այս եղած հնարավոր տարբերակներից ամենաանբարենպաստը, կա՛մ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ,- հայտարարել է ՀԱԿ-ն ու եզրափակել,- 1 տարվա ընթացքում Ս. Սարգսյանը լիակատար կրախի է մատնվել ներքին քաղաքական ասպարեզում. մարդու իրավունքների հազարավոր խախտումները, պետական մարմինների ապօրինությունների խրախճանքը, անիշխանության ծավալվող երեւույթները, անպատիժ սպանությունները, վարչախմբի քրեականացման խորացումը նրա դեմ են տրամադրել ողջ հասարակությանը։ Նա նույնպիսի կրախի է մատնվել նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում՝ երկիրը ու նրա շահերը դարձնելով մանրադրամ մեծ պետությունների բարդ հարաբերություններում։ Երկու դեպքում էլ նրա «ձեռքբերումները» տասնապատիկ բավարար են մարդկային ու քաղաքական տարրական արժանապատվություն ունեցող գործչի համար՝ ընդունել ահռելի ձախողումները եւ հրաժարական տալ»։