Երեկ շարունակվեց «7»-ի կազմաքանդված գործի մի մասը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը:
Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում գտնվող «7»-ի մասնատված գործով Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ «7»-ի գործը տրոհվեց 5 մասերի, որոնք լսվելու են տարբեր դատարաններում: ՀՀ Քրօրի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններից հետո վերանայվեցին «7»-ին առաջադրված մեղադրանքները՝ 225 հոդվածի 3-րդ մասով նրանց առաջադրված մեղադրանքները փոխվեցին 225-ի 1-ին մասի՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Երեկվա նիստը տեւեց 4,5 ժամ: Ալ. Արզումանյանը եւ Ս. Սիրունյանը ողջ ընթացքում կանգնած մնացին: Նիստի սկզբում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանից պահանջեց փոխել մեղադրական եզրակացության ցանկը՝ ապացույցների եւ վկաների մասով, քանզի «7»-ի գործում ընդգրկված ոչ բոլոր ապացույցներն ու վկաներն են առնչվում իր պաշտպանյալ Ալ. Արզումանյանին առաջադրված մեղադրանքին: Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի եւ «7»-ի գործից 15 վկա առանձնացրեց: Ավելի ուշ այս առիթով պաշտպան Հովիկ Արսենյանն «Առավոտին» ասաց, որ դատակոչի ցուցակում մնացած «7-ն այն քաղաքացիներն են, որոնց մինչեւ մարտի 1-ը Արզումանյանը միջնորդել է, որ բնակարան վարձակալեն, որտեղ Արարատ Զուրաբյանի հետ հաճախակի գնացել են հանգստանալու: Ի՞նչ կապ ունեն անկարգությունների հետ… Մյուս 8-ը մարդիկ են, ում հետ Ալ. Արզումանյանը հեռախոսային խոսակցություններ է ունեցել: Նրանցից մեկն էլ հիմա իր կողքը կանգնած Սուրեն Սիրունյանն է: Իրենք իրենց հետ հակասության մեջ են մտել»:
Ալ. Արզումանյանը միջնորդություն ներկայացրեց իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը ընդհանրապես վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, հիմնավորելով, որ ՀՀ Քրօր-ի 225 եւ 300-րդ հոդվածները շաղկապված էին, եւ եթե իր վրայից հանվել է 300 հոդվածով առաջադրված մեղադրանքը, դա նշանակում է, որ նույն հիմքով պետք է հանել նաեւ 225-ով առաջադրված մեղադրանքը: 1,5 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավորը մերժեց միջնորդությունը:
«Ես տեղով երաշխիք եմ: Իմ անունը եւ իմ կենսագրությունը երաշխիք են: Ես այս երկիրը կառուցողներից մեկն եմ: Ինձ այս քաղաքում նույնիսկ յուրաքանչյուր շուն է ճանաչում: Ինձ ձերբակալել են իմ հրապարակային գործունեության համար, եւ ես այս երկրից փախչելու տեղ չունեմ»,- իր պաշտպան Լ. Սիմոնյանի՝ իր նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությանն այս խոսքերով միացավ Ալեքսանդր Արզումանյանը: «Փիլոյանը նույնիսկ իր ամենավայրենի երազում չի կարող պատկերացնել, որ ես փախուստի դիմեմ: Եթե ինձ առաջադրված մեղադրանքը իրականում գոյություն ունենար, մինչ օրս ապացուցված կլիներ: 1,5 տարվա ընթացքում մենք պատերազմ ենք հաղթել, 7 տարածք ազատագրել»,- հայտարարեց Ալ. Արզումանյանը: Պաշտպանների մեկ այլ միջնորդություն՝ Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը գրավով փոխելու, նույնպես մերժվեց:
Իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Ս. Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ Սիրունյանին ձերբակալել եւ մեղադրանք են առաջադրել միայն հանրահավաքներին մասնակցելու եւ մարտի 1-ին մի քանի անգամ Ալեքսանդր Արզումանյանի հետ հեռախոսազրույց ունենալու համար: Դատավորը քննության չառավ այս միջնորդությունը, պատճառաբանելով, որ այն ոչ ճիշտ ժամանակին է ներկայացված՝ ապացույցների ուսումնասիրության ժամանակը չէ: Ապա Սիրունյանի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, եւ շտապ օգնություն հրավիրվեց: Այդ պատճառով ընդմիջված նիստը կշարունակվի այսօր: