Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ ԱՊՐԻԼԻ 9-Ը

Ապրիլ 09,2009 00:00

Որքա՞ն առաջ գնաց Հայաստանն այս մեկ տարվա ընթացքում

2008 թվականի ապրիլի 9-ից մինչ օրս նախագահ Սերժ Սարգսյանը 28 ծավալուն հրապարակային ելույթ է ունեցել: Մինչդեռ բոլորն են հիշում, որ նախորդ պաշտոնները զբաղեցնելիս (այդ թվում նաեւ՝ ՀՀ վարչապետի) Սերժ Սարգսյանը առանձնապես հրապարակային դեմք չէր եւ հայտնի էր ավելի շատ որպես ստվերային գործիչ: Նախագահ դառնալուց հետո, փաստորեն, նա փոխել է իր իմիջը եւ սկսել է խոսել: Եթե երկրի նախագահը ամսվա մեջ թեկուզ երկու անգամ հրապարակային խոսք է ասում, նշանակում է՝ ասելիք ունի, պատկերացնում է իր աշխատանքը, սկսել է կարեւորել հասարակությանը հաշվետու լինելու եւ նրա հետ մշտական երկխոսության մեջ մտնելու հանգամանքը: Անցած տարվա փետրվարի 19-ի ընտրություններից մինչ այս պահը բավական դրամատիկ իրավիճակների ենք ականատես եղել. մարտի 1-ի ողբերգության եւ անհեթեթ դատավարությունների արդյունքում ստացել ենք երկփեղկված հասարակություն, բեւեռացում, անհանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական լարվածություն՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին ճակատում, դրան ավելացան տնտեսական սպառնալիքներ՝ մեծ մասամբ պայմանավորված երկրից դուրս գտնվող գործոններով, տարածաշրջանային անցանկալի զարգացումներ՝ երկրի վրա ուղղակի բացասական ազդեցությամբ եւ այլն: Սակայն անցած տարվա ապրիլի 9-ից մինչ այսօր գխավոր խնդիրը, որը հասարակությանը շարունակում է պահել լարվածության մեջ, քաղբանտարկյալներն են ու մարտի 1-ի սպանությունների չբացահայտված լինելն է:

Իսկ ահա թե ինչ են մտածում այս մեկ տարվա մասին մեր զրուցակից քաղաքական գործիչները: «Եթե տղերքին ազատ արձակեն, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի»՝ այս մտքի հետ համաձայն են թե իշխանամետները, թե ընդդիմադիրները: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, նորից պնդեց իր խոսքը՝ համաներում անցկացնելը միակ ճիշտ ճանապարհն է: ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանը «Առավոտի» հետ զրույցում նախ մի քիչ նեղվեց մեր հարցից: Իսկ հարցը հետեւյալն էր՝ ի՞նչ սխալներ է գործել նախագահը իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում. «Սովորաբար մարդուն գնահատելիս սկզբում ասում են, թե ինչ լավ բաներ է արել, եւ հետո, եթե թերացումներ կան, խոսում են թերացումներից»,- այսպիսի դիտողություն արեց եւ շարունակեց. «Ես կարծում եմ, բավականաչափ փոփոխություններ կան մեր արտաքին քաղաքականության մեջ, որոնք դրական իմաստով ձեռքբերումներ են: Ներսում ուղղակի տնտեսական ճգնաժամ է, որի ուրվականը պտտվում է ամբողջ մոլորակում, ճիշտն ասած, դրա արձագանքները Հայաստանում բավականաչափ զգացվում են, ես չեմ կարծում՝ դա գործադիր իշխանության վատ աշխատանքի արդյունքն է: Մեղավորը աշխարհի հսկաներն են, եւ մենք այդ սխալների պտուղներն ենք ճաշակում»:

Վիկտոր Դալլաքյանի կարծիքով՝ շատ բարդ եւ հակասական ժամանակաշրջան է բաժին ընկել Սերժ Սարգսյանին նախագահության այս մեկ տարվա ընթացքում. «Եթե ընդհանուր գնահատական տամ, ապա գործող նախագահը իր քաղաքականությունը իրականացրել է բարդագույն պայմաններում՝ ներքաղաքական լարվածություն, որը դեռ չի հաղթահարվել, ես նշել եմ հաղթահարման ճանապարհները (համաներում), այդ խնդիրներն առկա են, չկա իշխանություն-ընդդիմություն բնականոն փոխհարաբերություն: Ես դրական եմ գնահատում արտաքին քաղաքականության բնագավառում գործող նախագահի քայլերը: Ցավով պետք է նշեմ, որ չնայած որոշակի քայլեր իրականացվել են կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարում, բայց այս հարցում լուրջ անելիքներ կան: Շարունակվում է նաեւ նախորդ վարչակազմի կողմից իրականացվող կադրային արատավոր քաղաքականությունը, եւ, իմ տպավորությամբ, գործող նախագահը այս հարցում կարող է եւ պարտավոր է կատարել լուրջ քայլեր»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը անցած մեկ տարվա համար լավ համարեց այն, որ «մարտի 1 չեղավ». «Սրանով կարելի է սահմանափակել լավը: Մնացած փորձերը, որոնք կարծես պիտի բերեին քաղաքացիական երկխոսության, ես հատուկ չեմ ասում՝ ընդդիմության եւ իշխանության, այլ հենց քաղաքացիականը նկատի ունեմ, ես կարծում եմ՝ դրանք հիմնականում կրում էին վերին աստիճանի իմիտացիոն բնույթ, ինչի համար ես վերին աստիճանի ափսոսում եմ: Ես համոզված եմ, որ եթե ազատվեին այն բարդույթներից, որոնք կարծես թե մնացել են նախորդ իշխանություններից, նախորդ նախագահական ժամանակներից, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, սակայն այդպես էլ չեն ազատվել այդ ամենից այս մեկ տարվա մեջ»: Որպես «վատ» որակեց նաեւ այն, որ մարտի 1-ի վիրավորների եւ սպանվածների մեղավորները մինչ այժմ չեն հայտնաբերվել եւ չեն դատապարտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել