Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսիստների հաշվին՝ կպայքարեն ճգնաժամի դեմ

Ապրիլ 08,2009 00:00

Անհատ տաքսիների վարորդները երեկ դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին, որ մեր երկրի ղեկավարները գոնե ժամանակավորապես «իրենց հանգիստ թողնեն», մինչեւ կարողանան որոշ գումար աշխատել ու մուծել լիցենզիայի համար պահանջվող գումարը, որը կազմում է մոտ 113 հազար դրամ:

Վարորդներից մեկը «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ արդեն մի քանի օր է, ինչ 3 հազար դրամից ավելի չի կարողանում աշխատել. «Էդ փողով լույսի փողը տամ, հաց առնեմ՝ ընտանիքս ուտի, թե վարկով վերցրած մեքենայիս փողը փակեմ»: Վարորդի ներկայացմամբ, երբ իրենք հանդիպել են տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցչի հետ ու ասել, որ ճգնաժամի հետ կապված իրենց գործերը շատ վատ են՝ պատվերներ գրեթե չեն լինում, նա պատասխանել է. «Դուք միայն ձեր մասին եք մտածում, բայց եթե հարկ չտաք, պետությունը չի կարողանա ճգնաժամի դեմն առնել»:

Վարորդները դժգոհում էին նաեւ, որ իրենց արգելում են 10 տարուց ավելի արտադրության մեքենաներով աշխատել. «Էդ օրենքը հնարողների մտքով չի անցնո՞ւմ, որ 5 տարվա մեքենան կարող ա ավելի վատ վիճակում լինի, քան, ասենք, 12 կամ նույնիսկ 15 տարվա մեքենաները: Թող տեխնիկական վիճակը ստուգեն, պահանջեն, որ մարդկանց անվտանգ, «բարով-խերով» տեղ հասցնենք, ոչ թե ստիպեն, որ մեր ընտանիքի հացը ապահովելու փոխարեն՝ գնանք 5 միլիոն վարկի տակ ընկնենք ու նոր մեքենա առնենք»: Անհատ տաքսիների վարորդների կարծիքով, այս ամենի մեղավորները տաքսի ծառայությունների ղեկավարներն են, որոնք տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւ կառավարությանը նամակ են ուղարկել եւ տեղեկացրել, իբր իրենք «խփում են տաքսի ծառայությունների գործին». «Նրանց մեքենաներից ամեն մեկը օրական 15-20 հազար դրամ է աշխատում, մենք 3 հազար դրամ հազիվ ենք տուն տանում»: Նրանց ներկայացմամբ. «Ստիպված ենք լինելու որոշ ժամանակ առանց տաքսու նշանի աշխատել, ուրիշ ելք չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել