Ըստ մասնագետների՝ ծխախոտից հրաժարվելու համար առաջին 3 շաբաթն է դժվար
Վերջերս Ամերիկայի Ֆլորիդա նահանգի օկրուգային դատարանը Philip Morris USA ծխախոտային ընկերությանը պարտավորեցրել է 8 մլն դոլար վճարել թոքերի քաղցկեղից մահացած մոլի ծխողի այրուն, որի ամուսինը մահացել էր 55 տարեկանում: Մահացածի կնոջ խոսքերով՝ նա ծխել սկսել էր 15 տարեկանից:
Հետաքրքիր է, որ բոլոր ծխողներն էլ գիտակցում են ծխելու վատ հետեւանքների մասին, բայց ծխելը թողնելու հարցում կոնկրետ քայլեր քչերն են անում: «Ծխում եմ 12 տարեկանից ու, անկեղծ ասած, չեմ էլ փորձել թողնել: Շատ ընկերներ ունեմ, ովքեր բազմաթիվ փորձեր արել են, բայց արդյունքում ոչինչ չի ստացվել: Իսկ ես չեմ էլ փորձում, որովհետեւ հաստատ գիտեմ, որ արդյունքում ոչինչ էլ չի ստացվելու, միայն զուր տեղը նյարդերս են խանգարվելու: Կարծում եմ, որ ծխելը թողնելու համար շատ մեծ կամք է պետք»,- ասում է 34-ամյա Վազգենը: Իսկ գիտնականները պարզել են, որ ծխախոտից հրաժարվողների համար ամենադժվարը առաջին 3 շաբաթը դիմանալն է, հետո ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում. չէ՞ որ անգամ երկու օր չծխելու դեպքում օրգանիզմը մաքրվում է նիկոտինից, հետեւաբար՝ գնալով նվազում է նաեւ վերջինիս հանդեպ կախվածությունը: Իրականում ծխախոտի չարաշահումը կամ պարզապես օգտագործումը կարող է հանգեցնել շատ վտանգավոր հետեւանքների: Ընդունված է այն կարծիքը, որ նիկոտինը մեծ մասամբ հանգեցնում է թոքերի քաղցկեղի, բայց կա նաեւ քաղցկեղի 10-ից ավելի տարատեսակ, որոնց զարգացումը ոչ պակաս հավանական է. առավել տարածված են կերակրափողի ու ստամոքսի քաղցկեղները: Մարդու վրա ծխախոտի բացասական ազդեցության մյուս ոլորտը սրտանոթային համակարգն է:
«Ամուսինս 5 տարի առաջ մահացավ սրտի ինֆարկտից: Նախքան այդ, նա 2 անգամ արդեն ինֆարկտ տարել էր եւ գտնվում էր բժիշկների ու իմ խիստ վերահսկողության տակ: Նրան հակացուցված էր հատկապես ծխախոտը, որն էլ մեր ընտանեկան վեճերի մշտական պատճառն էր. այդպես էլ ոչ մի կերպ չկարողացանք պայքարել այդ չարիքի դեմ: Հետո բժիշկը մեզ հայտնեց, որ ծխախոտի չարաշահումը արագացրել է նրա մահը»,- պատմում է 61-ամյա Սիլվա Հարությունյանը: Պետք է նշել, որ նիկոտինի ազդեցությունը մարդկանց վրա պայմանավորված է տվյալ օրգանիզմի առանձնահատկությամբ:
«Գիտեմ, որ շատ եմ ծխում՝ օրական 2 տուփ, օրեր են լինում՝ նույնիսկ 3, բայց, փառք Աստծո, դեռ առողջությունից չեմ բողոքում: Բացի այդ, գործս էլ է ստիպում: Կոշկակար եմ, ամբողջ օրը գլուխս կախ իմ գործն եմ անում. ուրիշ էլ ի՞նչ ա մնում անել»,- ասում է Հակոբ պապը: Շատերն էլ ծխել սկսում կամ վերսկսում են այն պատճառաբանությամբ, թե դա նյարդերը հանգստացնելու միակ արդյունավետ միջոցն է: «Արդեն 5-րդ տարին էր լրանում, որ հրաժարվել էի ծխելուց. ընկերուհուս խոսք էի տվել: Բայց երբ ամուսնացանք ու պետք է ծնվեր մեր առաջնեկը, հիվանդանոցի սպասասրահում մեկ ժամվա մեջ մեկ տուփ ծխախոտ վերջացրի: Այդ օրվանից ծխելը կրկին դարձավ սովորություն»,- պատմում է 27-ամյա Արտակը:
Առողջապահության համաշխարհային տվյալներով՝ ծխողների 70%-ը ցանկանում է վերջ տալ դրան, սակայն ինքնուրույն թողնել հաջողվում է միայն 5%-ին: Բայց չպետք է մոռանալ, որ օրեցօր ավելանում են այն հիվանդությամբ մահացության դեպքերը, որոնց հիմնական մասը առաջանում է ծխելու հետեւանքով: