Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՓ ՈՒ ՇՎԱՅՏ ԿՅԱՆՔԻ ԳԵՐԻՆԵՐԸ

Ապրիլ 08,2009 00:00

Չամուսնացած տղամարդիկ միշտ խոցելի են ու հասանելի

Որո՞նք են սոցիալապես ապահով, լիարժեք ամուսնական կյանքի պատրաստ երիտասարդ տղամարդկանց՝ ամուսնանալու ցանկություն, ձգտում չունենալու պատճառները: Այս հարցը թերեւս կհետաքրքրի բոլոր այն աղջիկներին, կանանց, ովքեր երկար ժամանակ շփվելով նմանատիպ տղամարդկանց հետ, հանկարծ հայտնաբերում են, որ նրանք ամենեւին էլ չէին պատրաստվում ամուսնանալ իրենց հետ, թեեւ այդ քայլն անելու համար նրանց ինչ-որ բան ոչ պակասում էր, ոչ էլ խանգարում:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Մարինա Թեւոսյանի հետ: Ըստ նրա՝ ամեն ինչով ապահովված տղամարդիկ ցոփ ու շվայտ կյանքի գերիներն են. «Նրանց ավելի շատ գրավում են կյանքի հաճույքները, ամեն ինչից ազատ ու անկաշկանդ օգտվելու անսպառ ցանկությունը, ամեն ինչ ստանալու հակումը: Նրանց համար կյանքը խաղ է, լրջության տարրը բացակայում է նրանց մոտ. այդպիսիներն ապրում են ամեն ինչի դիմաց վճարելով ու ամեն ինչ ստանալով… Այսօրինակ տղամարդիկ խուսափում են լուրջ հարաբերություններից, եւ նրանց անընդմեջ տանջում է այն հարցը, որ իրենք դեռ պատրաստ չեն ամուսնական կյանքին: Նրանց դուր է գալիս կյանքում ամեն հարցում լինել իշխող, տիրող, ազատ ու ինքնուրույն»: Մ. Թեւոսյանի բնութագրմամբ՝ նմանօրինակ տղամարդիկ ունեն ընդգծված անկայուն բնավորություն. «Ամեն օր, ամեն րոպե նրանց հոգեբանությունը փոխվում է. նրանք հստակ չգիտեն՝ ինչ են ուզում եւ ինչու են ուզում: Սովորաբար, տարիքային նկարագրմամբ նրանք 25-35 տարեկան տղամարդիկ են, ովքեր բոլոր հարցերում, բացի անձնականից, հաջողակ են: Նրանց, ինչպես ասում են՝ անզեն աչքով երբեք չես նկատի, նրանք հասարակության մեջ փորձում են աննկատ լինել եւ միշտ շրջում են իրենց «վանդակի» մեջ առած՝ «զրահաբաճկոնով»: Այս կարգի տղամարդիկ շատ ինքնամփոփ են, ոչ ոքի թույլ չեն տալիս մեկ մետրից ավելի իրենց մոտենալ եւ միշտ գտնվում են այնտեղ, որտեղ հասարակության լայն շերտերն են: Այսինքն՝ նրանք սովորաբար ամենուր շրջապատված են մարդկանցով»: Մ. Թեւոսյանի համոզմամբ՝ չամուսնացած հասուն տղամարդիկ երբեք անհասանելի չեն լինում. «Տղամարդը միշտ որսորդի դերում է: Մասնավորապես՝ այս բնութագրմանն են համապատասխանում չամուսնացած, ամեն ինչով ապահովված հարուստ տղամարդիկ: Նրանց բնորոշ է նպատակասլացությունը՝ ինչպես գործում, այնպես էլ անձնական հարաբերություններում: Նրանց նաեւ հեշտությամբ հաջողվում է «ձեռք գցել» անգամ ամենաանհասանելի աղջիկներին՝ թանկարժեք նվերներով, շլացուցիչ ռեստորան-սրճարաններ այցելություններով: Երբ հաջողությամբ է «պսակվում» որսը, նրանք նույնքան հեշտությամբ հոգնում են եւ անցնում հաջորդին: Սա մի գործողություն է, որը միշտ ընթացքի մեջ է եւ կանգ չի առնում: Սակայն սա չի նշանակում, որ նրանք անհասանելի են, ինչպես իրենք են փորձում ցուցադրել: Իրականում այսպիսիները ամենահեշտ հասանելի եւ ամենախոցելի տղամարդիկ են»:

Մեր զրուցակիցն առանձնացրեց չամուսնանալու երեք պատճառ. «Շռայլ կյանքով ապրող տղամարդիկ միշտ ինչ-որ պատրվակներ են փնտրում ամուսնական լծից խուսափելու համար: Իրականում դրանք լուրջ պատճառներ են: Առաջին մեծ խնդիրը դա տղամարդու չզարգացածությունն է, նա գիտակցում է, որ դեռ լիարժեք չի զարգացել կյանքի այդ լուրջ քայլի համար, պատրաստ չէ իր վրա, բացի իր անձից, մեկ ուրիշի պատասխանատվությունն էլ կրել: Ըստ նրա, նա դեռ իր մայրիկի երեխան է: Սա լուրջ հոգեբանական խնդիր է, որի միջով պետք է անցնի յուրաքանչյուր տղամարդ ամուսնական խոստում տալուց առաջ՝ արդյո՞ք ինքը այդքան զարգացել է, թե՝ ոչ: Օրինակ, նման խնդրի առաջ կանգնում են սովորաբար կարճ ժամանակահատվածում ծանոթացած եւ ամուսնության շտապող տղամարդիկ: Իրականում, ըստ հոգեբանների, շփման, ծանոթության օպտիմալ ժամանակահատվածը երեք տարին է, իսկ կարճ հարաբերությունները ինֆորմատիվ չեն, դրա համար էլ դրանք բերում են չզարգացածության, ինչն էլ հանդիսանում է ամուսնությունից խույս տալու քայլը: Հաջորդ պատճառը վախն է, անհաջող փորձի վախը: Երբ տղամարդը նախկինում սիրահարված է եղել, սիրել է եւ հոգեպես պատրաստ է եղել ամուսնության, սակայն այն անհաջողության է մատնվել: Նրանց լեզվով ասած, մեկ անգամ արդեն կոտրվել են եւ երկրորդ անգամ վախենում են փորձել: Սա տրավմատիկ փորձություն է եւ կարող է բերել հոգեբանական տրավմատիկ անկման, անինքնավստահության, թերահավատության, սեփական անձի թերարժեքության եւ հիասթափության: Երրորդ պատճառն էլ անկարողությունն է: Ասում են՝ ցանկանում եմ մեկի հետ կյանքս կապել, բայց չի ստացվում… Այստեղ խոսքը ինքնաճանաչման փորձի տապալման մասին է: Երբ տղամարդը փորձում է ճանաչել աղջկան, հետո հասկանալ՝ վերջինս իրեն համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ընթացքում, երբ տղամարդն ինքն իր համար պարզում է, որ տվյալ աղջիկն իրեն չի համապատասխանում, փորձում է մեկ ուրիշի մեջ գտնել իրեն համապատասխանին: Բայց սա նշանակում է, որ այդ տղամարդը նախ ինքն իրեն լավ չի ճանաչում, որ կարողանա իր համապատասխանին գտնել»: Հոգեբանի հավաստմամբ, թերի է այն կարծիքը, որ նման տղամարդիկ սիրել չգիտեն. «Այդպիսիները ընդունակ են սիրելու այնպես, ինչպես չի սիրի եւ ոչ մեկը: Սակայն պետք է փաստել, որ այս կարգի տղամարդիկ շատ եսասեր են, նրանց մեջ ամենից առաջ խոսում է էգոիզմը»: Հոգեբանը վերջում հավելեց. «Այն, որ սոցիալապես ապահով, բայց հոգեպես ամուսնության ոչ պատրաստ տղամարդիկ չեն ամուսնանում՝ հրաշալի է, որովհետեւ նրանք չեն կարող ամուր ընտանիք կազմել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել