Ավտոարշավի «Ֆորմուլա 1» դասում աշխարհի առաջնության երկրորդ մրցափուլը, որն ընթանում էր Մալայզիայում եւ կրում էր «Մալայզիայի Գրան պրի» անվանումը, 33-րդ շրջանից հետո դադարեցվել է հորդառատ անձրեւի պատճառով: Ըստ «Drom» հանդեսի, մեկնարկի ժամանակ եղանակային պայմանները նորմալ են եղել: Սակայն 23-րդ շրջանից սկսել է անձրեւ տեղալ, որը եւս տասը շրջան անց այնքան հորդառատ է դարձել, որ կազմակերպիչները հարկադրված այն ընդհատելու որոշում են կայացրել: Եվ քանի որ երկինքը պարզելու հույս չի եղել, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIA) որոշել է կրկնական մեկնարկ չհայտարարել եւ արշավորդներին տալ ընդհանուր միավորների այն քանակը, որը նրանք վաստակած են եղել անցած 31 շրջաններում (ընդհանուր առմամբ՝ նախատեսված էր անցնել 56 շրջան): Արդյունքում հաղթող է ճանաչվել «Brawn GP» թիմի ներկայացուցիչ Ջենսոն Բաթընը: Երկրորդ տեղը բաժին է հասել Նիկ Հայդֆելդին (BMW), որին հետեւել են Տիմո Գլոկը եւ Յարնո Տրուլլին՝ «Toyota»-ից: