Արդեն երեկ Երեւանում լուրեր էին սկսել տարածվել, որ Վիլնյուսում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանն ու Շվեյցարիան բողոք են ներկայացրել, իբրեւ թե Արսեն Ջուլֆալակյանն արգելված խթանիչներ է օգտագործած եղել, եւ իրավասու ատյանները զբաղվում են այդ հարցով:
Ուշ երեկոյան կրկին դիմեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին՝ պարզաբանում ստանալու համար: «Նման խնդիր ընդհանրապես չի եղել ու չի կարող լինել,- ասաց նա:- Ընդունված կարգի համաձայն, ցանկացած մարզաձեւում, այդ թվում նաեւ՝ ըմբշամարտում, մեդալակիրները պարտադիր դոպինգ-ստուգում են անցնում: Վիլնյուսում «ոսկին» նվաճելուց հետո Արսենը մյուս մրցանակակիրների նման մեզը հանձնել է, որը եղել է 75 գրամ: Հաջորդ օրն առավոտյան հակադոպինգային ծառայության ներկայացուցիչը մոտեցել է մեզ եւ պարզաբանելով, որ 74 կգ քաշային կարգում անհրաժեշտ է հանձնել 90 գրամ, խնդրել, որ եթե հնարավոր է, մեկ անգամ էլ հանձնի: Մենք էլ պատասխանել ենք, որ ոչ մի խնդիր չկա: Ու Արսենը նմուշը հանձնել է եւ դեռ մի բան էլ՝ ավելի: Չգիտեմ ու անկեղծ ասած, չեմ էլ ուզում իմանալ, թե այդ լուրերը տարածողներն ի՞նչ շարժառիթներ ունեն: Խնդիրը նրանցն է»: