Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԵՐԿՐՈՐԴՆ ԵՆՔ

Ապրիլ 08,2009 00:00

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձավ Երեւան: Սակայն Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը թիմի հետ չէր: Նա Վիլնյուսից մեկնել էր Կրասնոդար՝ ընտանիքի մոտ:

Հենց «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպված հանդիսավոր դիմավորումից անմիջապես հետո «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, 74 կգ քաշային կարգում Հին աշխարհամասի նորընծա չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ համարվող, սակայն ձախողված Ռոման Ամոյանի (55 կգ քաշային կարգ) հետ:

\"\"Ռոման Ամոյան. Հասկանալի է, նա անտրամադիր էր եւ աշխատում էր խուսափել հարցերից: Բայց, այնուամենայնիվ, «Առավոտին» ասաց. «Ինչ խոսք, որ դժգոհ եմ ինձանից: Այդպես պատահեց: Բայց անցածը ետ չես բերի: Կարծում եմ, որ նման բան էլ չի կրկնվի»:

Լեւոն Ջուլֆալակյան. «Ամբողջ թիմը լավ հանդես եկավ: Դա ասում եմ ոչ թե երկու «ոսկիների» համար: Տղաները լավ գոտեմարտեր արեցին: Եվ դրա արդյունքն է, որ միավորներով թիմային հաշվարկում 33 երկրների մեջ գրավեցինք երրորդ տեղը, իսկ նվաճած ոսկե մեդալների քանակով զիջեցինք միայն Ռուսաստանին: Պատկերացրեք, որ բոլոր քաշային կարգերում խաղարկվող յոթ ոսկե մեդալներից չորսը գնացել է \"\"Ռուսաստան, երկուսը՝ եկել Հայաստան եւ մեկը՝ Ֆինլանդիա: Այսինքն՝ Եվրոպայի չեմպիոն տվել է ընդամենը երեք երկիր: Ես այս հաջողությունը վերագրում եմ ամբողջ թիմին՝ մարզիչներին, բժշկին, ըմբիշներին, բոլորիս համախմբվածությանը, ՀԱՕԿ-ին, որի նախագահ Գագիկ Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել մեր մարզաձեւը, սպորտի պետական կառույցին, մեր նորընտիր ֆեդերացիային, հատկապես՝ նախագահ Սամվել Կարապետյանին, որի գալուց հետո առաջընթացն անհերքելի է: Հիմա մնում է, որ չհանգստանանք, շարունակենք նույն տեմպերով եւ լավ հանդես գանք նաեւ աշխարհի առաջնությունում: Հուսով եմ, որ տղաներն այնտեղ էլ հուսախաբ չեն անի»:

Հարցին, թե Ռոման Ամոյանի մրցելույթից նո՞ւյնպես գոհ է, մարզիչը պատասխանեց. «Այս ընթացքում նրա մարզումներից, կարգապահությունից գոհ եմ եղել: Ես նրանից մեդալ էի սպասում: Բայց նաեւ մտավախություն կար, որ օլիմպիական խաղերից հետո նրան ինչ-որ բան խանգարում էր: Նրան թվում էր, թե օլիմպիական խաղերից հետո բոլորը պետք է իրեն պարտվեն: Վիլնյուսում Ռոմանը համոզվեց, որ այդպիսի բան չի լինում: Իհարկե, տխուր եմ, որ նա մեդալ չունեցավ, բայց մյուս կողմից էլ ինչ-որ տեղ ուրախ եմ, որ այդպես եղավ: Դա նրա համար լավ դաս էր, որը եթե ճիշտ յուրացնի, ապա աշխարհի առաջնությունում մեծ հաղթանակներ կունենա: Աստղային հիվանդությունը մարզիկի համար կործանարար է: Որքան էլ տիտղոսներ ունենաս, պետք է գիտենաս, որ քանի դեռ գործում ես, բարձունքներից իջնելու վտանգը միշտ հետապնդելու է քեզ: Եվ ամեն մի հաջորդ նվաճումից հետո պատվանդանից իջնելով՝ պիտի դառնաս սովորական, շարքային մարզիկ եւ հաջորդ մեկնարկին մոտենաս՝ ասես առաջինին: Այս նույն բանը միշտ ասել եմ նաեւ որդուս՝ Արսենին, որից արդեն երկու տարի լուրջ սպասելիքներ կան: Նրա պարագայում, գուցե, սխալները, ավելորդ շտապողականությունը տարիքի հետ էին կապված»:

Արսեն Ջուլֆալակյան. «Հասկանալի է, որ երջանիկ եմ: Նաեւ այն պատճառով, որ չեմպիոն \"\"դարձա ապրիլի 4-ի երեկոյան՝ հորս ծննդյան օրվանից մի քանի ժամ առաջ:

Այս ամբողջ ընթացքում ինքս ինձ հարց եմ տվել, թե անկախ ոսկե մեդալից, ինչպե՞ս հանդես եկա: Գոհ եմ մրցելույթներիցս: Հաղթել եմ բոլոր մրցակիցներիս, ոչ ոքի ոչ մի միավոր չեմ տվել, բայց շահել եմ տեխնիկական միավորներ: Հաղթանակները, ինչպես ասում են, արդար քրտինքով են տրվել՝ առանց վիճակ գցելու անհրաժեշտության կամ մրցակիցներիս տրված նկատողությունների: Կարծում եմ, որ այս անգամ պատրաստ էի թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես եւ որ ամենակարեւորն է՝ հոգեբանական պատրաստվածությամբ: Առաջ այդպիսին չէի: Հիմա արդեն որոշակի փորձ ունեմ, գորգում այլեւս չեմ շտապում, ինչը միշտ ինձ խանգարել է: Հիմա մի քիչ կհանգստանամ եւ կսկսեմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Երազանքս եղել է Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալը: Առաջինն իրականացավ: Հերթը մյուսներինն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել