Լրահոս
Օրվա լրահոսը

Ագուլեցին՝ Զատիկի մասին

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Նա խորհուրդ է տալիս ստեղծագործաբար մոտենալ տոներին

«Սուրբ Զատիկը գեղեցիկ տոն է, այն իր մեջ կրում է հայեցիության մեծ խորհուրդ»,- երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկի` Հարության տոնը: Նկարչուհու խոսքով՝ Զատիկը հատուկ նախապատրաստություն է պահանջում. «Ներկայացնում եմ մի քանի աշխատանք, որոնք բնութագրում են Սուրբ Զատկի տոնակատարությունը, թե ինչպես պետք է զարդարել Զատկի սեղանը, ինչ պետք է դնել սեղանին: Զայրանում եմ, որ այսօր հայ կանայք Զատկի սեղանը զարդարում են փայլփլուն խաղալիքներով, խանութից ձեռք բերված թռչուններով ու ծտերով, ձուն ներկում տարբներ գույներով: Չի կարելի. չես հասկանում՝ ինչ մշակույթ է դա: Զատիկին նախ պետք է կրել պարտադիր նոր հագուստ, դա վերածնունդի խորհուրդն է: Տան մի անկյունում պետք է կանգնեցնել Կենաց ծառը: Այն պատրաստում են Զատիկից մի քանի օր առաջ՝ բալենու ճյուղից, կարմիր եւ կանաչ թելերով, որոնք կնոջ եւ տղամարդու խորհրդանիշն են: Կարող են զարդարել նաեւ գունավոր, գործած ձվերով: Մյուս կարեւոր պարագան ակլատիզն է իր 40 քարերով, ներքին հատվածում՝ սոխով, որը խոհանոցի խորհրդանիշն է, իսկ 40 քարերը կամ նախկինում՝ լոբիները, Պահքի 40 օրերն են: Հաջորդ պարագան ուտիստատն է (ցորենի հասկից հյուսած փունջը), որն ամբողջ տարի հսկում է խոհանոցը…»:

Լրագրողի հարցին՝ քրիստոնյա լինելով արդյոք ճի՞շտ է համարում հեթանոսական տոներ, ասենք՝ Տրնդեզ նշելը, տիկին Լուսիկը պատասխանեց. «Համոզվա՞ծ եք, որ հեթանոսությունից է եկել Տրնդեզը: Հեթանոսություն ի՞նչ է նշանակում՝ ազգային: Եթե կա ավանդույթ, ծես, ուրեմն դա մեր մշակույթն է եւ չպետք է անտեսել այն»:

Վերջում էլ, նորից դառնալով տոներին, նա ավելացրեց. «Հիմնական նպատակս ու աշխատանքներիս գաղափարն այն է, որ մեր կանայք մի փոքր ստեղծագործաբար մոտենան հայկական տոներին ու ծեսերին, ծանոթ լինեն դրանց, կարողանան պրակտիկորեն իրենց ընտանիքներում ներկայացնել՝ իրենց ձեռքի աշխատանքների շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել