Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԼԱՏԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏ Է ԺԱՄԱՆԵԼ

Ապրիլ 08,2009 00:00

Բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը հպարտ է այդ «պիտակով»

\"\"
Քրիստոֆեր Ուորեն-Գրինը հիացած է
Սվետլանա Նավասարդյանի արվեստով:

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ կղեկավարի բրիտանացի ճանաչված երաժիշտ Քրիստոֆեր Ուորեն-Գրինը, որին արտերկրյա մամուլը հաճախ անվանում է «պալատական երաժիշտ», հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա բարձր է գնահատվում Միացյալ թագավորության պալատական վերնախավի կողմից, իր մասնակցությունը բերելով բրիտանական արքունիքում տեղի ունեցող միջոցառումներին: Կարելի է հետեւություն անել, որ արքունիքում բարձր են գնահատում դասական եւ պրոֆեսիոնալ երաժշտարվեստը, որովհետեւ հենց այդ երաժշտությունն է հարգի ինչպես պալատական արարողությունների, այնպես էլ ընտանեկան տոների ժամանակ: «Առավոտի» հետ զրույցում Ք. Ուորեն-Գրինը հաստատելով իր հասցեին՝ պալատական երաժիշտ բնութագրումը, հայտնեց, որ այն պատիվ է, արվեստին ուղղված բարձր գնահատություն: Իսկ դիրիժորի հետ մեր հանդիպումը որոշակի խոհեր ու մտորումներ ծնեց, խոհեր, որոնք վերաբերում են մեզանում ձեւավորված արարողակարգային մշակույթին, դասական երաժշտության հանդեպ վերաբերմունքին:

Արդյո՞ք մեր իշխանական վերնախավն էլ պատրաստակամորեն է տարբեր ընդունելությունների ու տոնախմբությունների ժամանակ դռները բացում այն երաժիշտների առջեւ, որոնք հնչեցնում են դասական երաժշտություն եւ արդյոք ժամանակը չէ՞, որ «պալատական երաժիշտ» հասկացությունը մեզ մոտ էլ ընկալվի որպես բարձր գնահատական:

Ք. Ուորեն-Գրինից հետաքրքրվեցինք՝ թագավորական ընտանիքը միայն դասակա՞ն երաժշտություն է նախընտրում, չէ՞ որ անգլիական ֆոլկ երաժշտությունը հայտնի է իր հարուստ կենսագրությամբ… Մեր զրուցակիցը նշեց 2006թ. Էլիզաբեթ թագուհու 80-ամյակին նվիրված միջոցառումը, որն անցել է նեղ շրջանակում, Գեւորգ 3-րդ թագավորի Քյու պալատում. «Ներկա էին միայն թագավորական ընտանիքների ներկայացուցիչները, հնչում էին Վագների, Էլգարի եւ ժամանակակից ճանաչված կոմպոզիտոր Հյուբեր Հերիի ստեղծագործությունները: Նշեմ, որ թագաժառանգ Չարլզը դասական երաժշտության, մասնավորապես՝ օպերային արվեստի սիրահար է, եւ 2007 թ. նրա կյանքի ընկերուհի դարձած Կամիլան այս հարցում ամուսնու հետ կիսում է երաժշտական նախասիրությունները: Այդ տարի մեծ շուքով տոնվեց թագաժառանգ Չարլզի 60-ամյակը, որին հրավիրված էին շուրջ 400 ճանաչված դեմքեր: Նշեմ, որ Կամիլան ինչ-որ տեղ ոչ օֆիցիալ պալատական երաժշտիս հովանավորն է»:

Խոսելով թագավորական պալատում հնչող երաժշտությունից՝ մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ թագաժառանգ Չարլզի՝ դասական երաժշտության հանդեպ սերը պայմանավորված է նրա թավջութակահար լինելով. «Նրա ու արքայադուստր Դիանայի որդիները՝ Ուիլյամն ու Հարրին, հետաքրքրված են նաեւ ֆոլկ երաժշտությամբ, նրանց գերում է «Բիթլզի», Ռեյ Չարլզի եւ մյուս անվանիների արվեստը: Կարճ ասած՝ թագավորական պալատում իշխում է երաժշտարվեստի տարբեր ուղղությունների բարձրակարգ խճանկար…»:

Անդրադառնալով երեւանյան համերգին որպես մենակատար հանդես եկող դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին, Ք. Ուորեն-Գրինը, չգտնելով բառեր, արտահայտեց իր հիացմունքը՝ ձեռքերը հառելով երկինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել