Ապրիլի 5-ին վրացական սահմանապահ մոտորանավակները կալանել են թուրքական «Դենֆա դեմետ» նավը, որը Աբխազիա է հասցրել 1 միլիոն տոննա վառելաքսուքային նյութեր: Կիրակի օրը նավը դուրս է եկել Սուխումի նավահանգստից եւ չեզոք գոտում բռնագրավվել է վրացական իրավապահների կողմից: Այժմ թուրքական նավը գտնվում է Փոթի նավահանգստում, իսկ Թուրքիայի քաղաքացիներից կազմված 10 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է: Վրացական կողմը բազմիցս է կալանել Թուրքիայից եկած նավերը, եւ ինչպես «Ռիա նովոստիին» ասել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, իր գերատեսչությունն այդ հարցի շուրջ պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Արտասահմանյան ընկերությունները, վախենալով վրացի իրավապահների նման գործելակերպից, հրաժարվում են Աբխազիա վառելիք տեղափոխել: Երկուշաբթի օրը Վրաստանը կալանել է «Վ. Ուսպենսկի» շոգենավը եւ անազատության մեջ է պահում ռուսաստանցի 14 քաղաքացու: Վրացական իշխանությունները պնդում են, որ շոգենավը խախտել է նավարկելու ռեժիմը: