Ուկրաինան հեղափոխական իրավիճակում է, բնակչության 2/3-ը ամբողջությամբ կորցրել է վստահությունը գործող իշխանության նկատմամբ: Այդ մասին է հայտարարել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Արսենիյ Յացենյուկը: vesti.ru-ի տվյալներով, Յացենյուկը պատրաստվում է հայտարարել իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին: Այս- օր քաղաքական գործիչը դառնալու է 35 տարեկան եւ հնարավորություն կստանա մասնակցելու նախագահական կամպանիային: Ուկրաինայի խորհրդարանը որոշել է նախագահական ընտրություններն անցկացնել այս տարվա հոկտեմբերի 25-ին, սակայն երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն առաջարկում է այլ տարեթիվ՝ 2010-ի հունվարը: Յացենյուկն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ դառնալու դեպքում անցկացնելու է արեւմտամետ քաղաքականություն, բայց միաժամանակ բարելավելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Գերագույն Ռադայի նախկին խոսնակը բանակցություններ է վարում իր թիմի մեջ ամերիկյան PR մասնագետներին ներգրավելու վերաբերյալ: Նա նաեւ նշում է, որ այսօր երկրում շատ մարդիկ խուճապի մեջ են, քանի որ չեն կարող իրենց բանկային հաշիվներից գումարներ հանել: Յացենյուկի խոսքերով, այս տարվա ընթացքում գործազրկությունն Ուկրաինայում կկրկնապատկվի եւ կհասնի 2 միլիոն մարդ սահմանագծին: