ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իր խոստման համաձայն, ներկայացրեց սեփական եկամուտների մասին հռչակագիրը: Ըստ այդմ, 2008 թվականին Մեդվեդեւի եկամուտները կազմել են 4 միլիոն 139 հազար ռուբլի: ՌԴ առաջին տիկին Սվետլանան սեփական եկամուտներ չունի, սակայն սեփական բանկային հաշվի վրա պահում է 135 հազար ռուբլի: Սվետլանային են պատկանում նաեւ 1999 թվականի արտադրության «Ֆոլքսվագեն Գոլֆը» եւ ավտոտնակը: Բացի այդ, նախագահը եւ առաջին տիկինը Մոսկվայում ունեն բնակարան՝ 367,8 քմ մակերեսով, ունեն հաշիվներ 9 ռուսաստանյան բանկերում՝ 2,8 միլիոն ռուբլու, ինչպես նաեւ վարձակալում են հողամաս՝ 4700 քմ մակերեսով: Եկամուտների այդ հռչակագրից կարելի է ենթադրել, որ նախագահ դառնալուց հետո Դմիտրի Մեդվեդեւը հարստացել է, բայց ոչ մեծ չափով: Բանն այն է, որ նախագահի թեկնածուները օրենքով պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտները, իսկ գործող նախագահները դա կարող են անել միայն սեփական կամքով: Եվ ահա նախագահի թեկնածու եւ նախագահ Մեդվեդեւի նյութական վիճակի մեջ շեշտակի տարբերություններ չեն նկատվում: ՌԴ նախագահի ներկայացրած հայտարարագիրը ցույց է տալիս, որ նա վաստակում է իր արտասահմանցի գործընկերներից էապես ավելի քիչ: Այսպես, եթե նրա տարեկան աշխատավարձը կազմում է 67 հազար եվրո, ապա Մեդվեդեւի ամերիկյան գործընկեր Բարաք Օբաման վաստակում է 4 անգամ շատ՝ մոտ 300 հազար եվրո: Դժվար է ասել, թե ում աշխատանքն է ավելի բարդ: