Բելառուսի ընդդիմությունը լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնել: Որոշ գործիչներ այդ դժվարությունները բացատրում են արտասահմանից ուղարկվող գումարների կրճատմամբ, ոմանք էլ դա կապում են տնտեսական ճգնաժամի հետ: Առաջինը նյութական խնդիրների մասին հայտարարեց «Բելառուսական ժողովրդական ճակատի» փոխնախագահ Վիկտոր Իվաշկեւիչը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ նա օրերս լրագրողներին պատմել է, որ արտասահմանյան օգնության կրճատման պատճառով կուսակցությունը գրասենյակային տարածք վարձելու խնդիրների առաջ է կանգնել: Նրա խոսքերով, բավարար չեն միջոցները նաեւ բողոքի ակցիաներին քարոզչական նյութեր պատրաստելու համար: Այժմ ընդդիմության ակտիվիստներին առաջարկվում է ցույցերի գալ սեփական դրոշներով եւ պաստառներով: «Արտասահմանյան հիմնադրամները, որոնք զբաղվում են ժողովրդավարության աջակցությամբ, չեն օգնում բելառուսական ժողովրդավարական ուժերին: Բանն այն է, որ մենք քննադատում ենք այն եվրոպական քաղաքական գործիչներին, որոնք ոչ սկզբունքային բանակցություններ են վարում Լուկաշենկոյի ռեժիմի հետ: Դա նրանց դուր չի գալիս, եւ նրանք ազդում են հիմնադրամների վրա»,- պատմում է Վ. Իվաշկեւիչը: Բելառուսի ընդդիմության մեծ մասը դեմ է Մինսկի եւ Արեւմուտքի միջեւ բանակցություններին: Նրանց կարծիքով, Եվրամիությունը շտապում է երկխոսություն ծավալելու հարցում՝ չսպասելով մինչեւ Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացվեն: