Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարիշում» են Կուբայի հետ

Ապրիլ 08,2009 00:00

Վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկացի կոնգրեսականները հանդիպեցին Կուբայի ղեկավարի հետ: Ըստ gazeta.ru-ի, բանակցությունները, որոնց, բացի Ռաուլ Կաստրոյից, մասնակցում էին նաեւ Կուբայի խորհրդարանի նախագահը եւ արտգործնախարարը, անցել են «փակ ռեժիմով»: Սակայն պատվիրակության ղեկավար, Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Բարբարա Լին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հանդիպումը կարող է սկիզբ լինել Կուբայի ներկայացուցիչների հետ «անկեղծ քննարկումների» համար, այդ թվում նաեւ՝ մարդու իրավունքների խնդրի շուրջ: ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 50 տարի առաջ, իսկ 47 տարի առաջ սկսվել է կղզու տնտեսական շրջափակումը, որը նախաձեռնել էր այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին: 2004 թվականին Ջորջ Բուշ կրտսերը խստացրեց պատժամիջոցները, մասնավորապես՝ արգելելով ԱՄՆ-ից Կուբա ներմուծել դեղորայք եւ մթերք: Այս տարիների ընթացքում շրջափակման պատճառով Կուբան կրել է ավելի քան $90 միլիարդի վնաս: Օբամայի ընտրվելուց հետո Կուբայի վարչապետ Ռաուլ Կաստրոն հայտարարեց ամերիկացիների հետ ուղիղ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Իր հերթին Բարաք Օբաման, ինչպես եւ ԱՄՆ նախորդ նախագահները, խոստացավ վերանայել տնտեսական պատժամիջոցների հարցը, այն դեպքում, եթե Կուբայում ձեռնարկվեն որոշակի քայլեր՝ ժողովրդավարացման եւ մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ: Այս տարվա մարտին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որը մեղմացնում է Կուբայի վերաբերյալ էմբարգոյի պայմանները: Վերացել են այլ հավելյալ արգելքներ, որոնք սահմանել էր Ջորջ Բուշը: Սակայն, ինչպես նշեց կոնգրեսական Բարբարա Լին, մինչեւ պատժամիջոցների վերացումը դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել