Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն՝ գործընկերների հանդեպ

Ապրիլ 08,2009 00:00

Քիմիկոսները պատասխանում են քիմիկոսին

«Ստիպված եմ եղելությունը պատմել բոլորին»։ Այս արտահայտությամբ է սկսվում ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Գեւորգյանի՝ «Առավոտ» թերթում (25 մարտի 2009թ.) տպված հերթական հոդվածը։ Մենք էլ ենք սկսում նույն տողերով։ Այո, ստիպված ենք իրականությունը բարձրաձայնել։ Հոդվածագիրը վերջին տասնամյակում բազմիցս դժգոհել է, որ իր, այսպես կոչված, «քիմիայի նոր տեսությունը» չի ընդունվում Հայաստանի քիմիական հանրության կողմից։ Խորամուխ չլինելով մանրամասների մեջ՝ միանգամից նշենք, որ Ա. Գեւորգյանի «քիմիայի տեսությունը անվրեպ» դարձնելու առաջարկը հիմնված է բացարձակապես անհիմն եւ իմաստազուրկ թվաբանական հաշվարկների եւ դիլետանտական ամփոփումների վրա։ Վերջիններս ապացուցելու համար Գեւորգյանի կողմից օգտագործվում են անընդունելի մոտեցումների հիման վրա ստացված փորձնական արդյունքներ։ Եվ, ամենակարեւորը՝ «տեսության» հիմնաքարում դրված է հեղինակի կողմից պնդվող բոլոր էլեմենտների էլեկտրադրականության գաղափարը, որն ինքնին աբսուրդ է: Այլ կերպ ասած՝ չարաբաստիկ «նոր տեսության» հեղինակը փորձում է կացնով վերանորոգել ձեռքի նուրբ ժամացույցը։ Մի հարց ուղղենք «տեսության» հեղինակին։ Ինչո՞ւ մինչ օրս իր «նոր» մտքերը չի կիրառել կոնկրետ որեւէ քիմիական խնդիր լուծելու համար, երբ տարբեր տեղերում հայտարարում է, որ «այս նոր տեսությունը» միլիոնավոր դոլարների օգուտ կարող է տալ։ Ինչո՞ւ իր գիտական հոդվածները չի ուղարկում տպագրության՝ արտասահման։ Նշենք, որ ՀՀ ԳԱԱ միջոցներով ս.թ. փետրվարի 1-8-ը Ա. Գեւորգյանը գործուղվեց Մոսկվա (իր իսկ խնդրանքով)՝ իր «նոր» գաղափարները քննարկելու համար։ Վերադարձից հետո հաշվետվության ժամանակ նա չբերեց որեւէ փաստարկ, որ Մոսկվայում քննարկումները տվել են դրական արդյունք եւ որ իր «տեսությունը» քիմիական գիտությունը հեղաշրջող նոր խոսք է։ Ավելին, նա հաղորդեց, որ եզրակացություն ինքն անձամբ ստացել է, սակայն հրաժարվեց այն ներկայացնելուց, պատճառաբանելով, որ պաշտոնական պատասխանը կարող է բոլորովին ուրիշ լինել, վիրավորելով այս դեպքում մոսկովյան գիտնականներին։ Ցանկանում ենք ավելացնել նաեւ, որ Գեւորգյանի՝ իր «տեսությունը» մեկնաբանող հոդվածները «Հայկական քիմիական հանդեսի» խմբագրության կողմից ուղարկվել են գրախոսվելու ՀՀ եւ ՌԴ անվանի գիտնականներին, եւ բոլորն անխտիր ստացել են բացասական գնահատական, միակ եզրակացությամբ, որ այդպիսիք չեն կարող հրապարակվել գիտական հանդեսներում։ Բոլոր գրախոսներին Ա. Գեւորգյանը պատասխանել է վիրավորական արտահայտություններով՝ չանդրադառնալով գիտական մտքին։

«Առավոտի» հոդվածում Ա. Գեւորգյանը մեղադրում է ինստիտուտի ղեկավարությանը՝ «երիտասարդներին ողջակիզելու» մեջ։ Մինչդեռ կարելի է նրան մեղադրել՝ իր երիտասարդ աշխատակիցներին գիտության կեղծարարությամբ զբաղվել սովորեցնելու մեջ։ Քանի դեռ ք.գ.դ. Ա. Գեւորգյանը զբաղված էր իր անհիմն մտքերը այս կամ այն հոդվածում շարադրելով՝ կարելի էր չվախենալ ապագայի համար եւ մտածել, որ մի օր ինքն էլ կհասկանա ընտրված ուղու սխալ լինելը ու հետ կկանգնի ցնորամիտ «տեսությունից»։ Այսօր մենք կանգնած ենք մի վտանգի առաջ, որը կապված է նրա կողմից նոր սերնդի քիմիկոսին սխալ գիտելիքներով պատրաստելու եւ անգամ տիրաժավորելու հետ։

Կասկածից դուրս է, որ ցանկացած գիտական վեճ պիտք է լուծվի գիտական փաստարկների վրա հիմնված քննարկումների ճանապարհով։ Նշենք, որ վերջին տարիներին Ա. Գեւորգյանի «տեսությունը» քննարկվել է Հայաստանի տարբեր գիտական օջախներում, այդ թվում՝ Օրգանական քիմիայի ինստիտուտում, Երեւանի պետական համալսարանում, ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքում։ Սակայն Ա. Գեւորգյանը, հաջողություն չունենալով գիտական քննարկումներում (երբեմն այն վերածելով սկանդալների), իր չարաբաստիկ «նոր տեսության» քննարկումները տեղափոխել է կամ երկրի ղեկավարներին ուղղված նամակների դաշտ, կամ մամուլ՝ փորձելով տեռորի ենթարկել ԳԱԱ-ն եւ հանրապետության քիմիական հանրությանը։ Ուզում ենք հիշեցնել Ա. Գեւորգյանին, որ ե՛ւ Կոպեռնիկոսը, ե՛ւ Մենդելեեւը, որոնց աշխատանքների հետ է համեմատում իր «նոր տեսության» նշանակությունը, երբեք չեն փորձել ստիպողաբար հասնել իրենց գաղափարների ընդունմանը՝ գիտական հանրության կողմից։ Գուցե արժե, որ Ա. Գեւորգյանը նրանցից ընդօրինակի գիտնականի եւ մտածողի համեստ եւ անշահախնդիր կեցվածք։

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ տնօրեն,

ք.գ.դ. Վ. Թոփուզյան

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ ՕՔԻ տնօրեն,

ք.գ.դ. Գ. Հասրաթյան

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ ՕՔԻ փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ. Ինճիկյան

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղար, ք.գ.դ. Ա. Գյուլնազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել