Մասնագետների կարծիքով՝ հարցի լուծման լավագույն տարբերակը Հայաստանում կրթված անձանց համար նպաստավոր պայմաններ
ստեղծելն է:
Ժամանակին արտերկրում ուսում ստացած անձանց, այսպես ասած, մատով էին ցույց տալիս: Սակայն այսօր թվում է՝ այժմ կա ամեն ինչ արտասահմանում կրթությունը կազմակերպելու համար. ՀՀ-ում գործում են այդպիսի ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային կազմակերպություններ, ՀՀ-ի՝ միջազգային կառույցներին անդամագրվելը հայաստանցի ուսանողների տեղաշարժն ավելի հեշտ է դարձնում, կան ինֆորմացիա ստանալու լայն հնարավորություններ եւ այլն: Բայց արիուտես, որ, այսքանով հանդերձ, արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողները որոշ խնդիրներ ունեն: Օրինակ՝ ԵՊԼՀ ուսանողուհի Անին «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ինչպես գրեթե բոլոր պարագաներում, այս դեպքում էլ դաշտը մենաշնորհային է: Մեկ անգամ նման միջազգային ծրագրերով արտասահմանում կրթություն ստացած անձինք դաշտն իրենցով են արել եւ թույլ չեն տալիս մյուսներին օգտվել այդ հնարավորություններից»: ԵՊՀ ուսանող Արտակ Հովսեփյանն էլ նկատեց. «Ամեն տարի հետեւում եմ հայտարարություններին, բայց, չգիտեմ ինչու, ամեն անգամ, երբ դիմում եմ, պարզվում է՝ ուշացել եմ»: Հնչեցված մտահոգությունները փոխանցեցինք այս ասպարեզում հիմնական «խաղացողներին»: Այդ շարքում են՝ «Բրիտանական խորհուրդը», «Այրեքսի» հայաստանյան գրասենյակը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը, DAAD-ն: Կազմակերպությունների ղեկավարների հետ զրույցում պարզ դարձավ, որ իրենք հիմնականում չեն զբաղվում դիմորդների ընտրության հարցով, այլ ընդամենը միջնորդ են հանդիսանում նրանց եւ այս կամ այն երկրում գործող՝ ծրագիրն իրականացնող կառույցների միջեւ: Այս կազմակերպությունները հիմնականում իրականացնում են տեխնիկական հարցեր, իրազեկում, ստեղծում են համապատասխան պայմաններ՝ արտերկրից ժամանած պրոֆեսորների կողմից հայաստանյան դիմորդների հետ հարցազրույց անցկացնելու համար: «Առավոտի» հետ զրուցած անձանց համար զարմանալի չէին դժգոհությունները: Օրինակ՝ «Այրեքսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն, տարածաշրջանում կրթական ծրագրերի փոխտնօրեն Արինա Զոհրաբյանը՝ մենաշնորհի հետ կապված դժգոհություններին այսպես արձագանքեց. «Նախընտրությունը տրվում է այն դիմորդներին, որոնք երբեւէ չեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող որեւէ ծրագրի: Մյուս կողմից էլ հանձնաժողովը երաշխավորում է՝ անձը անցնի՞ հաջորդ փուլ, թե՝ ոչ: Իսկ վերջնական որոշումը կայացվում է Վաշինգտոնի մեր գրասենյակում»:
Տեղեկացնենք, որ «Այրեքսն» իրականացնում է ՅՈՒԳՐԵԴ եւ Էդմունդ Ս. Մասկի անվան կրթաթոշակների ծրագրերը, որոնց մասին մանրամասն ինֆորմացիա կարելի է ստանալ www.irex. am հասցեում: «Այրեքսում» հայտերի հավաքագրման փուլը տեւում է 4-5 շաբաթ, ինչի պատճառով էլ երբեմն որոշ ուսանողներ ուշանում են: «Այրեքսի» կրթական ծրագրերի ավագ պատասխանատու Տիգրան Թովմասյանը նշեց. «Այդ ընթացքում հայտարարում ենք ծրագիրը: Պատրաստում ենք նամակներ եւ ուղարկում ՀՀ-ում գործող պետական եւ ոչ պետական բուհերին: Խնդրում ենք ղեկավարներին հնարավորություն տալ սեմինարների միջոցով ուսանողներին ներկայացնել ծրագրերը: Որոշ բուհեր մերժում են, մյուսները չեն արձագանքում, որոշները արձագանքում են: Կան նաեւ դեկաններ, որոնք չեն աջակցում ուսանողներին՝ մեր տեղեկատվական սեմինարներին մասնակցելու համար»: Իսկ Ա. Զոհրաբյանը նկատեց. «Եթե ուսանողը ունենա նախաձեռնություն, անպայման կգտնի ինֆորմացիա»: Այս ոլորտում փորձառուները ուսանողներին խորհուրդ են տալիս արտասահմանյան ուսումնական ծրագրերով հետաքրքրվել հիմնականում աշնանը՝ անընդհատ հետեւելով նշված կազմակերպությունների էլեկտրոնային սայթերին: Երբեմն այս ծրագրերն օգտագործվում են արտասահմանում հաստատվելու համար: Վերադարձի մասին Ա. Զոհրաբյանն ասաց. «Ռիսկը մեծ է, քանի որ ՀՀ-ն այն երկիրն է, որ շատերն են ուզում լքել: Ուստի մեկնողների հետ կնքվում է պայմանագիր եւ տրվում J1 վիզա, որի ժամկետը լրանալուց հետո անձը տվյալ երկրում դառնում է անօրինական միգրանտ»:
«Բրիտանական խորհուրդն» իրականացնում է Ջոն Սմիթի անվան 5-շաբաթյա ծրագիրը, հիմնականում 25-30 տարեկանների համար՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ «Չիվնինգ» կրթաթոշակը՝ մագիստրոսի կոչում ստանալու համար: «Բրիտանական խորհրդի» հասարակայնության հետ կապերի եւ կրթության պատասխանատու Մարիամ Մովսիսյանը ուսանողներին խորհուրդ տվեց ինֆորմացիայի համար գրանցվել սոցիալական ցանցերում եւ հաճախ մուտք գործել www.britishcouncil.am կայք:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը կազմակերպում է ծրագրեր ուսանողների եւ դասախոսների համար: Օրինակ՝ մագիստրոսի եւ ասպիրանտի կոչում կարելի է ստանալ Կենտրոնական եվրոպական համալսարանում, մագիստրոսի կոչում՝ Մեծ Բրիտանիայի «Էսսեքսի», «Օքսֆորդի», «Յորքի» համալսարաններում: Ծրագրերին կարելի է ծանոթանալ www.osi.am կայքում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը մտահոգված է. «ՀՀ-ում չկա ռեսուրսային կենտրոն, որ ինֆորմացիան դասակարգված եւ համակարգված տրամադրի ուսանողներին, ուստի դա անում ենք մենք՝ սեմինարներով, թերթերում, էլեկտրոնային միջոցներով հայտարարություններ տալով, սոցիալական ցանցերով տարածելով, գրասենյակում եւ այլ միջոցներով»: Վերադառնալով այն հարցին, որ արտասահմանյան կրթական ծրագրերը երկիրը լքելու հարմար միջոց են, Լ. Մինասյանն ասաց. «Պայմանագիրը պարտադրանք չէ: Չեմ կարծում, որ հարյուր հազարավոր մարդիկ ՀՀ-ն լքեցին կրթաթոշակով արտասահմանում սովորելու միջոցով: Կարեւորն այն է, որ վերադառնալուց հետո կրթված անձինք աշխատանք գտնեն: Մեր ծրագրերից մեկի միջոցով նրանց որոշ ժամանակ հնարավորություն է տրվում աշխատել հայաստանյան համալսարաններում՝ հիմնադրամի կրթաթոշակ ստանալով: Բայց երբ լրանում է կրթաթոշակի ժամկետը, ու հերթը գալիս է բուհին, որ գոնե կես դրույքով նրանց ընդունի աշխատանքի, վերջիններս հրաժարվում են»: