Սույն թվականի մարտի 19-ին ավարտվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Ահարոն Մկրտչյանի, Արտակ Զաքարյանի, Վահագն Ավագյանի պաշտոնավարման ժամկետները, սակայն մինչ այժմ թափուր տեղերի նշանակումներ չեն կատարվել: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի (2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված եւ ՀՀ նախագահի կողմից 2007 թվականի մարտի 20-ին ստորագրված փոփոխություններով), նշանակումները պետք է կատարեն Ազգային ժողովը եւ ՀՀ նախագահը: Ընդ որում՝ «Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»: Այսինքն՝ նշանակումների հստակ ժամկետ չի սահմանված, ինչն էլ հանգեցրել է ներկա վիճակին. ՀՌԱՀ-ը, օրենքով նախատեսված ութի փոխարեն, այժմ ունի ընդամենը չորս գործող անդամ եւ գործնականում չի կարող նիստեր գումարել, քանի որ, ըստ 43-րդ հոդվածի էլ՝ նիստերն իրավազոր են, եթե դրան ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ստացվում է, որ այս պահի դրությամբ ՀՌԱՀ-ը, ըստ էության, անիրավազոր է:
Պիտի ավելացնենք նաեւ, որ նման հնարավոր իրավիճակի մասին փորձագետներս ահազանգում էինք դեռ օրենքի փոփոխություններն ընդունելիս, բայց դե մեզ լսողն ո՞վ է. չէ՞ որ Ազգային ժողովում մտքի տիտաններ են նստած, իրենք իրենց գործը լավ գիտեն: Ի դեպ, նրանք մինչ այժմ չեն ընտրել անգամ 2007 թվականի ապրիլից թափուր եւ ԱԺ-ին հատկացված մեկ անդամին:
Ըստ տրամաբանության, նորերս ազատված երեք թափուր տեղերից մեկը պիտի լրացնի ՀՀ նախագահը, երկուսը՝ Ազգային ժողովը: Սերժ Սարգսյանի գործը հեշտ է (մանավանդ՝ օրենքի հիշյալ փոփոխություններով մրցույթ արդեն նախատեսված չէ), մի հրամանագիր՝ եւ վերջ:
Իսկ թե ե՞րբ Ազգային ժողովն իրեն հատկացված տեղերը կլրացնի՝ անհայտ է, համենայնդեպս՝ առաջիկա օրակարգերում նման հարց աչքովս չի ընկել:
Այսինքն՝ ճիշտ էլ անում են, որ չեն նշանակում. ո՞ւմ է պետք այն հանձնաժողովը, որ դեռ մեկուկես տարի հաճախականությունների լիցենզավորման մրցույթներ չի կազմակերպելու…