Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 08,2009 00:00

Վիրահայերին պակասում է միասնականությունը եւ սա կարող է կործանել Ջավախքը

\"\"\"\"
Արտուշ Գրիգորյանը վստահ է, որ խնդիրների մասին բարձրաձայնել է պետք, իսկ Օֆելյա Գրիգորյանը կարծում է, որ Ջավախքի խնդիրները լուծելու մի հնարավորություն
բաց ենք թողել:

Վրաստանում հայկական կազմակերպությունների պակաս չկա ու չկա նաեւ մի կարեւոր բան՝ իրար նկատմամբ հանդուրժողականություն, համախմբվածություն, միասնականություն: Սա այն դեպքում, երբ բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ բարեկեցիկ եւ խաղաղ կյանք Ջավախքում, Վրաստանի կյանքին լիարժեք ինտեգրված հայ քաղաքացի, ազգային որեւէ խտրականության բացառում: Առավել ցավալի է, երբ հայկական կազմակերպությունների անհամախումբ գոյության բաղկացուցիչ է դառնում իրար հրապարակավ վիրավորելը, պիտակավորելը, իրար վրա ցեխ շպրտելը: Օրինակ, ոմանք պաշտպանում են Ջավախքի երիտասարդական միության նախագահ Վահագն Չախալյանին: Այլք՝ քննադատում: Մենք փորձեցինք խոսել երկու կողմերի հետ էլ: Վահագն Չախալյանին չընդունողներից են նաեւ Վրաստանում հրատարակվող հայերեն «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Հայ-վրաց բարեկամության միության» վարչության նախագահ Տիգրան Մուրադյանը: Ինձ հուզող հարցերը էլեկտրոնային փոստով Վան Բայբուրթյանին եմ ուղարկել մարտի 30-ին: Նամակը տեղ հասել է, Բայբուրթյանը զանգել է խմբագրություն, սակայն հարցերին չի պատասխանել: «Վրաստան» թերթում Տիգրան Մուրադյանը Վահագն Չախալյանին համարում է ապօրինի բիզնեսով զբաղվող խարդախ:

Իսկ ահա «Ջավախք» երիտասարդական միության նախագահ Արտուշ Գրիգորյանը մեկն է նրանցից, որ Վահագն Չախալյանին պաշտպանում է, ի պաշտպանություն նրա ակցիաներ կազմակերպում կամ մասնակցում կազմակերպվող ակցիաներին: Արտուշ Գրիգորյանը մեր՝ ինչո՞ւ չեք փորձում նպատակին հասնելու համար միավորել ձեր ջանքերը եւ զբաղված եք իրար դեմ ելույթներ ունենալով հարցին պատասխանեց. «Այսօր տրամագծորեն հակառակ տեսակետներ են հնչում: Ոմանք ասում են, թե Ջավախքում միայն սոցիալական խնդիրներ են, այնպիսիք, ինչպիսին Վրաստանի այլ շրջաններում: Այդպիսի տեսակետ բարձրաձայնողներն ընդամենը փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրական հարցերից: Իսկ իրականությունն այն է, որ Ջավախքում սոցիալական խնդիրները, ցավոք, մղված են երրորդ պլան, որովհետեւ այսօր ազգային-քաղաքական խնդիրն է առաջնային: Տեսակետների բաժանվածության մասին ասեմ հետեւյալը՝ կա ջավախահայության ընդահուր տեսակետ, ըստ որի՝ Ջավախքում կան ազգային, կրթամշակութային, քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներ: Եվ կա տեսակետ, որ արտահայտում են Վրաստանի իշխանությունների հետ սերտաճած մարդիկ, ըստ որի՝ Ջավախքում կան միայն սոցիալական խնդիրներ: Ես ցավով եմ սա ասում»: Ըստ Արտուշ Գրիգորյանի, խնդիրները լուծվում են նախ դրանց մասին բարձրաձայնելով՝ «ջայլամի քաղաքականությունը» կբերի խնդիրների էլ ավելի բարդացման, «կարեւոր է որ լինի միասնական տեսակետ, եւ Ջավախքի հարցում շահագրգիռ ուժերը միասնական պայքարեն»: Արտուշ Գրիգորյանն ասաց, որ իրենք առաջնորդվում են ջավախահայության շահերով եւ իրենց տեսակետն անպայման համաձայնեցնում ջավախահայության եւ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մտավորականների, Ջավախքի էլիտայի հետ. «Իմ ծնողները ապրում են Ջավախքում, ես նրանց հետ ամենօրյա կապ ունեմ եւ չեմ կարող հայտնել մի կարծիք, որը տարբերվում է իմ ծնողների կարծիքից»:

Հասկանալի է, որ վիրահայության պառակտվածությունը շահեկան եւ ձեռնտու է բոլորին՝ բացի հայերից: Ի՞նչ եք անում պառակտվածությունը վերացնելու համար՝ մեր հարցին Արտուշ Գրիգորյանը պատասխանեց, որ առաջին հերթին հրապարակային են դարձնում Ջավախքի խնդիրները. «Մենք պետք է հասարակությանը ճիշտ մատուցենք ջավախահայության խնդիրները, որ մերժվեն ուշադրություն շեղող, ոչ իրական կարծիքները, որ մարդիկ հասկանան՝ իրականում ինչ կա Ջավախքում: Շատերը մտածում են, թե մենք նպատակ ունենք Ջավախքում երկրորդ Ղարաբաղ ստեղծել կամ պատերազմ հրահրել: Իրականում մեր նպատակն է, որ ջավախահայությունը ինտեգրված լինի Վրաստանի հանրությանը, ջավախահայության իրավունքները պաշտպանված լինեն, հայերենին տան տարածաշրջանային լեզվի կարգավիճակ եւ այլն: Սա է իրականությունը, եւ խելամիտ կլինի, եթե ուշադրություն շեղող կարծիքներ արտահայտողները փոխեն իրենց տեսակետը: Այս պարագայում ինչ-որ չափով միասնականություն կլինի»:

Սակայն առայժմ համախմբվածություն չկա, ուստի Արտուշ Գրիգորյանին հարցրինք՝ այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ է սպասվում վիրահայությանը. «Եթե չեղավ միասնականություն եւ Վրաստանի իշխանությունները շարունակեն ճնշել ջավախահայությանը, Հայաստանն էլ չուզենա ավելի լուրջ եւ կոնկրետ քայլերի դիմել, ապա տարիներ հետո Ջավախքը կդառնա Նախիջեւան, նույն ճակատագրին կարժանանա Վրաստանի այլ շրջանների հայությունը: Վիրահայության անվտանգության երաշխիքը Ջավախքի՝ հայկական տարածաշրջանի գոյությունն է»:

Իսկ ահա Օֆելյա Գրիգորյանը, ով վիրահայ երիտասարդների 1988-1998 թվականներին գործած «Կանչ» միության նախագահն է եղել, այս պառակտվածության իր գնահատականն ունի. «Նրանց շահերը նույնն են, ու թեեւ հայ են, բայց բարիկադների տարբեր կողմերում են: Մեկը սերտացել է վրացական իշխանությունների հետ եւ այնտեղից է սնվում, մյուսը, դժբախտաբար, ոչ թե Հայաստանի մասին է մտածում կամ հայկական պետության շահերից գործում, այլ՝ Ռուսաստանի թելադրանքով: Երբ 1990-ականներին կար հնարավորություն, այս ուժերը, չգիտես ինչու, նմանատիպ քայլեր չգործադրեցին: Այդ ժամանակ երկու կողմերն էլ, հայկական մտածողությամբ հանդես գալով, կարող էին անել այդ լավ գործը: Այսօր այդ քայլերը, որ կարծես թե հայրենասիրական են, բերում են նրան, որ կործանում են Ջավախքը, որը շատ արագ տեմպերով կհայաթափվի: Նաեւ կտուժի Հայաստանը, որովհետեւ այսօր մեր «երակային» սնուցող ճանապարհը Վրաստանն է, եւ նոր խնդիր Վրաստանի հետ չենք ուզում: Չեմ սիրում Վրաստանի նախագահին, ունենալով ինչ-որ հիմքեր, բայց այսօր նա օրենքի երկիր է ստեղծում եւ, դրանից ելնելով, Հայաստանը կարող է ցուցաբերել լուրջ օժանդակություն, որ Ջավախքում նույնպես գործի այդ օրենքը, եւ մենք կարողանանք ունենալ ամուր Ջավախք, հետագայում մտածելով, թե ինչ կարելի է անել, եթե փոխվեն տվյալ իշխանությունները»:

Հ. Գ. Իսկ թե ինչպես են օտարները օգտվում մեր անհամախումբ վիճակից, կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել