Սարգիս Հացպանյանի արարքում բացակայում է հանցակազմը
Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ նրա հարցազրույցն է, ըստ որի՝ նա մեղադրվում է «սուտ մատնություն» կատարելու համար. իբր Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը նախապատրաստում են մահափորձ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
«Սուտ մատնության» հանցագործության հանցակազմն ունի առանձնահատկություններ եւ գործով ճշմարտության հասնելու համար անհրաժեշտ է պարզաբանել այդ հանգամանքները: Մասնավորապես.
1. Իրականում չկատարված, նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին հայտարարությունը, հաղորդումը մատնություն կատարողը ո՞ր մարմիններին է հղել եւ ի՞նչ ձեւով (բանավոր, գրավոր, անստորագիր):
2. Իրականում չկատարվածի մասին ակնհայտ սուտ տեղեկությունը, արդյոք, հանցագործության մասին է, եւ մատնանշվե՞լ են հանցագործությունը կատարող անձը կամ՝ անձինք:
3. Ինչպե՞ս են արտահայտվել սուտ մատնություն կատարողի հոգեբանական եւ գիտակցական ոլորտներում ծագած արտաքին պրոցեսները, եւ հատկապես ի՞նչ նպատակ է ունեցել հանցավորը:
Դիտարկենք վերը թվարկված հանգամանքները՝ գործի քննությամբ:
Նախապես նշենք, որ քննարկվող հանցագործության դիսպոզիցիան հստակ չէ, մասնավորապես՝ թվարկված չեն այն մարմինները, որոնց պետք է հղված լինի «սուտ մատնության» հայտարարությունը կամ հաղորդումը:
Քրեական իրավունքի տեսությունում այս խնդրի վերաբերյալ տարակարծիքներ կան: Մասնագետների մի խումբը գտնում է, որ իբր կատարված հանցագործության մասին սուտ հաղորդումը հղված է լինելու քրեական հետապնդում իրականացնող մարմիններին (ոստիկանություն, հետաքննության եւ դատաքննության մարմիններ): Իսկ մյուս մասը գտնում է, որ այդ շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել՝ ներառելով հանցագործության դեմ պայքարի գործառույթով օժտված բոլոր մարմիններին եւ անձանց:
Քանի որ «սուտ մատնություն» հանցագործության ոտնձգության անմիջական օբյեկտն արդարադատության ոլորտի տարբեր մարմինների բնականոն գործունեությունն է, իսկ հանցագործությունն էլ համարվում է ավարտված այն պահից, երբ հաղորդումը տեղեկացվել է դատախազին, հետաքննության եւ նախաքննության մարմիններին, ապա քննչական եւ դատական պրակտիկան գերադասում է առաջին տեսակետը, այսինքն՝ այդ հղումը պետք է ուղղված լինի քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին:
Վերը նշված խնդիրը փոխկապակցված է հանցավորի (մատնություն կատարողի) հոգեբանական եւ գիտակցական ոլորտներում ծագած արտաքին պրոցեսների զարգացման հետ, որի մեջ մտնում է դրդապատճառը եւ նպատակը (սուբյեկտիվ կողմը):
Ի դեպ, «սուտ մատնություն» հանցագործության դեպքում սուբյեկտը գործում է ուղղակի դիտավորությամբ, գիտակցում է, որ հանցագործության կատարման մասին իր հայտնած տեղեկություններն ակնհայտ սուտ են եւ ցանկանում է դրանց արդյունքում քրեական հետապնդման մարմիններն անմեղ անձին ենթարկեն քրեական պատասխանատվության:
Ինչպես նկատվում է, Սարգիս Հացպանյանն իբր նախապատրաստվող մահափորձի մասին քրեական հետապնդում իրականացնող մարմիններին եւ ընդհանրապես հանցագործության դեմ պայքարի լիազորություններ իրականացնող մարմիններին եւ պաշտոնատար անձանց հայտարարություն կամ հաղորդում չի հղել, ըստ որում՝ որեւէ դիտավորություն չի ունեցել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները Ռոբերտ Քոչարյանին եւ Դաշնակցությանը քրեական պատասխանատվության ենթարկեն, այսինքն՝ Հացպանյանի արարքում բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը (Հացպանյանը հայտնի հարցազրույցում միայն վերացական կարծիք է հայտնել մահափորձի մասին):
Անդրադառնանք «սուտ մատնություն» հանցագործության հանցակազմի մյուս առանձնահատկություններին:
«Սուտ մատնություն» հանցագործության հանցակազմի օբյեկտիվ կողմը եւ նրա առարկան համարվում է իրականում չկատարված հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդումը, ուստի պետք է գիտենալ, որ մատնություն կատարողի սուտ տեղեկությունները պետք է լինեն հանցագործության մասին, ըստ որում՝ հստակ մատնանշված կատարող անձը կամ անձինք, հակառակ դեպքում, այդ գործողությունները հանցակազմ չեն առաջացնում:
Օրինակ, հայտարարություն այն մասին, որ այսինչի նկուղում թաքցված է մարդու դիակ, քաղաքական կուսակցությունը նախապատրաստում է հանրապետության նախագահի սպանությունը եւ այլն (բերված օրինակներով հանցագործություն կատարող անձը հստակ նշված չէ):
«Սուտ մատնություն» հանցագործության հանցակազմը բացակայում է նաեւ, երբ անձը հանցագործության կատարման մասին իր տրամադրության տակ ունեցած տեղեկություններից (ահազանգերից) ենթադրաբար համոզվում է, որ իրականում այդ հանցագործության նախապատրաստումը եւ կատարումը հնարավոր է տեղի ունենա: Ինչպես գիտենք, Սարգիս Հացպանյանը հարցազրույցում հստակ չի նշել, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանը, այլ վաղեմի իր մի բարեկամի ահազանգի հիման վրա կանխակալ ենթադրություններ է արել հնարավոր մահափորձի շուրջ: Ինչպես արդեն նշել եմ, ենթադրությունները եւ տեսակետները հանցագործության հանցակազմ չեն առաջացնում, ուստի Հացպանյանի գործողություններում բացակայում է նաեւ հանցագործության օբյեկտիվ կողմի տարրը: Ինչ վերաբերում է սուտ տեղեկություններին, նկատենք, որ Դաշնակցությունն ավանդական կուսակցություն է՝ հազարավոր անդամներով: Իսկ Հացպանյանը որեւէ մեկին չի մատնանշել՝ որպես մահափորձի կազմակերպիչ կամ կատարող: Եթե այդ տեղեկությունները որակվել են սուտ մատնություն, անտրամաբանական է: Այսպիսով, Ս. Հացպանյանի նկատմամբ քրեական գործով բավարար ապացույցներ չկան՝ «սուտ մատնություն» կատարելու մեջ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար, եւ արարքում բացակայում է հանցակազմը: Ցավալի է, որ այս անգամ էլ առնչվում ենք քաղաքական դրդապատճառներով շինծու քրեական գործի հետ: