Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի կոպեկի համար սրան-նրան օրհնում ենք»

Ապրիլ 08,2009 00:00

Ռուզանն իր 2 աղջիկներին դպրոցից հանել է, որ իր հետ մուրացկանություն անեն

«Օր չկա, որ կիսաքաղց չքնենք: Ամբողջ օրը փողոցներն ընկած փող եմ մուրում, որ գոնե հաց առնեմ, երեխեքս սոված չմնան: Օր ա լինում, որ բացի հացից ուրիշ ուտելիք էլ եմ բերում, բայց դա հազվադեպ ա պատահում: Երեխեքս կարոտ են մի լավ բանի, բացի չոր հացից ու մի դատարկ ճաշից՝ բան չեն ուտում, լինում են օրեր, որ դրան էլ են կարոտ մնում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Ռուզանը:

«Ամուսինս վաղուց է մեզ լքել ու հեռացել, երեխեքիս միակ խնամակալը ես եմ, երբ ամուսինս մեզ հետ էր, գոնե էսքան վատ չէինք ապրում, շուկայում բանվորություն էր անում, ու մեր օրվա հացն ու մի բան էլ ավելի ունենում էինք, հետո պատճառաբանեց, որ հոգնել է ցածր աշխատավարձով ամբողջ օրը չարչարվելուց ու որոշել է Հայաստանից գնալ, որովհետեւ Սոչիում լավ աշխատանք են առաջարկել: Էդպես խոսում էր, ու մի օր էլ «վեշերը» հավաքեց ու գնաց: Էդ ժամանակ փոքր աղջիկս 8 տարեկան էր, իսկ մեծս՝ 10: Ես էլ 2 աղջիկներիս հետ մենակ մնացի: Գնալուց հետո ոչ զանգել ա, ոչ՝ եկել: Արդեն 5 տարի ա՝ ոչ մի նորություն չունեմ»,- պատմեց մուրացկան կինը:

35-ամյա Ռուզանի խոսքերով՝ մուրացկանությունը նույնպես աշխատանք է. «Մի ժամանակ մասնավոր օֆիսում հավաքարար էի, հետո օֆիսը փակվեց, ու առանց աշխատանք մնացի, դրանից հետո դժվարանում էի աշխատանք գտնել, ուր գնում էի՝ մերժում էին, ո՛չ արտաքինս էին հավանում, ո՛չ էլ միջնակարգ կրթությունս: Սկզբից տեղս չէի գտնում, չգիտեի՝ ոնց ենք ապրելու: Ստիպված սկսեցի փող մուրալ, առաջին անգամ ինչ-որ ռեստորանի մոտ էի, տեսա, որ հարուստ մարդիկ շատ են ներս ու դուրս անում, մտածեցի, որ փող խնդրեմ՝ կտան ու էդպես էլ արեցի, նրանք էլ իմ ուզածից ավելի շատ տվեցին: Առաջին անգամ էր, որ էդ օրը երեխեքս շատ էին ուրախացել, որովհետեւ իրանց համար լավ-լավ բաներ էի առել, հետո անհարմար զգացի ամեն օր նույն տեղը գնալ, մեկ-մեկ էլ անպատվում էին ու վռնդում, ես էլ սկսեցի տոն օրերին եկեղեցի գնալ ու էնտեղ մուրացկանություն անել, բայց էդ ձեւ չէինք կարողանում ապրել, ես էլ ստիպված սկսեցի ամեն օր մուրացկանությամբ զբաղվել»:

Ռուզանի ավագ դուստրը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ նույնպես փող է մուրում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր հավաքած գումարով ինչ-որ չափով կարողանում է մորն օգնել:

«Ամաչում էի մաշված շորերով դպրոց գնալ, մաման ոչ տետր էր կարողանում առնել, ոչ՝ գրիչ: Դրա համար էլ մեզ էլ չթողեց դպրոց գնանք, հիմա երեքով ենք փող հավաքում: Ես ու քույրս հիմնականում միասին ենք ման գալիս, իսկ մաման՝ մենակ: Երեկոյան միասին տուն ենք գնում, շատ եմ ամաչում, երբ ծանոթ մարդ եմ տեսնում, բայց ինչ արած, մաման մենակ չի հասցնում: Մեզ որ տեսնում են՝ ավելի են խղճում ու ավելի շատ փող են տալիս, քան մամային, հիմա ավելի խիստ ա դառել, առաջ որտեղ ուզում՝ մուրացկանություն էինք անում, բայց հիմա ոստիկանությունն անընդհատ հսկում է ու չի թողնում ամեն տեղ փող հավաքել»,- մեզ հետ զրույցում ասաց Անին:

«Հագուստի համար էդքան չենք նեղվում: Ծանոթ-հարեւան, ով ինչ հին շոր ու կոշիկ ունի՝ մեզ ա տալիս, մենք էլ սիրով վերցնում ենք: Արդեն քանի տարի հագուստին փող չենք տալիս, գոնե էս ձեւով հոգսս մի քիչ թեթեւացել ա: Բնակարանիս մի սենյակը վարձով եմ տվել, որ գոնե կարողանամ էդ փողով կոմունալ վարձերը վճարել, թե չէ մեր հավաքած գումարով հազիվ հաց ենք առնում: Ձմռանն էր շատ դժվար, տունը չէինք կարողանում տաքացնել, 3 ամիս առանց լույսի ենք մնացել, ամբողջ օրը թափառում էինք, գիշերը գալիս քնում ու էդպես շարունակ: Հիմա մեր վիճակն ավելի լավ ա, երեխեքս էին շատ մեղք, ցրտին բոլորովին չէին դիմանում, ամբողջ ձմեռ հիվանդ էին, բայց դեղի ու բժշկի տանելու փող չունեի, հազիվ ուտելիք էի ճարում,- ասաց տիկին Ռուզանը:- Չեմ ուզում հիշել էն ծանր օրերը, որ մենակ եմ անցկացրել երեխեքիս հետ, ուզում եմ ամեն ինչ շուտ մոռանալ, բայց մեկ ա, հիմա էլ անհույս ապրում ենք, սրան-նրան օրհնելով մի քանի կոպեկի համար, ինչ արած, պիտի դառը ճակատագրիս հարմարվեմ ու գործս անեմ, որ սովից չմեռնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել