Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Ապրիլ 08,2009 00:00

Սեքսապաթոլոգները խորհուրդ են տալիս սեռական հարաբերություններում լինել ազատ ու անկաշկանդ

«Ֆրիգիտ կանայք չկան, կան ապաշնորհ տղամարդիկ»,- թեւավոր դարձած այս խոսքերի հետ համակարծիք են շատ բժիշկ-սեքսապաթոլոգներ: Նրանց խոսքերով՝ ամուսնական զույգերը տարիներով սեռական հարաբերություն են ունենում, սակայն կանայք այդպես էլ հաճույքի գագաթնակետին չեն հասնում: Մասնագետների հավաստմամբ՝ այսօր ամուսնական զույգերը կամ, առհասարակ, սեռական զուգընկերները, խնդիրներ ունենալու դեպքում, գրեթե չեն դիմում սեքսապաթոլոգների: Բժիշկների օգնությանը չդիմելու հիմնական պատճառը հայկական մենտալիտետն է: Որոշ զույգեր ամաչում են, որոշներն էլ նույնիսկ չեն գիտակցում, որ սեռական կյանքում միմյանց չհասկանալը լուրջ խնդիր է եւ պետք է դիմել բժշկի:

«Առավոտի» հետ զրույցում սեքսապաթոլոգ Անաիդա Թումանյանը վստահեցրեց, որ հայ կանայք, որպես կանոն, սեքսապաթոլոգի չեն դիմում, կամ էլ դիմում են շատ հազվադեպ. «Ավելի շատ հեռախոսով են դիմում: Զանգում են, հարցնում, ասենք՝ ամուսինս շուտ է վերջացնում, ի՞նչ անենք: Ես ասում եմ՝ միասին եկեք կզրուցենք, ամեն ինչ կպարզենք: Իսկ այդ տիկինն ասում է՝ չի լինի՞ հեռախոսով ասեք, ես էլ իմ ամուսնուն կասեմ: Ասում եմ՝ ոչ, հեռախոսով միշտ չէ, որ հնարավոր է օգնել: Մեկ այլ կին էլ էլի հեռախոսով գանգատվում էր, որ երկար տարիներ է ամուսնացած է, բայց այդպես էլ չի հասկացել, թե սեքսն ինչ բան է, հաճույք չի ստացել: Երբ նրան ու ամուսնուն հրավիրեցի ինձ մոտ, կրկին հրաժարվեց՝ ամաչեց ու պատճառաբանեց, որ ամուսինը չի գա: Շատ ժամանակ մեր տղամարդիկ չեն էլ հասկանում, որ խնդիր կա սեռական հարաբերության ընթացքում: Պետք է ասեմ, որ անկողնում՝ ինչպես պատերազմում, մարդը պետք է ազատություն տա իրեն»:

Բժշկուհու պատմելով՝ շատ ժամանակ տղամարդիկ էլ, դիմելով բժշկի, հատկապես՝ կին սեքսապաթոլոգի, անակնկալի են գալիս: Սակայն, երբ սկսում են բուժման կուրսը, հասկանում են, որ կին սեքսապաթոլոգը տղամարդկանց նկատմամբ առավել հոգատար է. «Կանայք ավելի քնքուշ են, նուրբ ու բարի: Վերջապես կանանց մոտ կա մայրական բնազդ, որը եւս օգնում է աշխատանքում: Ինձ դիմած տղամարդիկ հասկանում են, որ կինն իրենց խնդիրներն ավելի լավ է հասկանում ու կարողանում է օգնել»: Ըստ բժշկի, այսօր շատ են տղամարդիկ, որոնք դիմում են անկարողության համար. «Ասում են, որ դրա համար կինն իրեն նսեմացնում է: Դա լուրջ նեւրոզի կարող է հանգեցնել: Տղամարդն այդ մասին ավելի դժվարությամբ է պատմում տղամարդ բժշկին, քան՝ կին: Իսկ անկարողությունը բուժելու համար, կինն էլ պետք է օգնի, ոչ թե հեգնի: Վերջիվերջո, անկարողության կարող են հանգեցնել մի շարք պատճառներ. հոգսերը, շատ ու լարված աշխատելը, սթրեսները եւ այլն»:

Ճիշտ է, տիկին Թումանյանն օգնում է իր տղամարդ հիվանդներին, սակայն կան տղամարդիկ, որոնք անգամ մի քանի այցելությունից հետո էլ ամաչում են բժշկից. «Մի պացիենտ ունեի, որ գալիս էր, իր համար հատուկ սրբիչ ունեինք, դնում էր դեմքին, որ չտեսնի, թե իրեն կին է բուժում»:

Շուրջ 30 տարի աշխատելով սեքսապաթոլոգ, Անաիդա Թումանյանը դեռ մինչեւ վերջ չի բացահայտել տղամարդկանց: Օրինակ՝ թե ինչո՞ւ են տղամարդիկ «լեւի» գնում. «Ես պացիենտ ունեմ, որն առաջին անգամ ինձ մոտ բուժվեց, որպեսզի կարողանա «ձախ» գնալ: Նրա հոգեբանության վրա ազդում էր, որ ընկերների հետ սաունա կամ այլ տեղեր էր գնում ու չէր կարողանում ուրիշ կանանց նայել, քանի որ իր մեջ ցանկություն չէր առաջանում բացի իր տիկնոջից այլ կանանց հետ սեքսով զբաղվելու: Պացիենտ էլ ունեմ, որը վարակ ուներ, բուժելուց հետո նորից էր վարակվել ու եկել էր մեզ մոտ: Երբ հարցրի, ինչո՞ւ գնացիր, ասաց՝ երբ տեսա՝ չկարողացա ինձ զսպել, շատ լավն էր, կմեռնեի, որ չգնայի: Շատերը նույնիսկ պահպանակից օգտվել չգիտեն, չգիտեն նույնիսկ, որ պահպանակը ոչ բոլոր վարակներն է պահում: Ես միշտ ասում եմ՝ տղաներ, մի՛ խմեք, թմրանյութ մի՛ օգտագործեք, շատ աջուձախ մի՛ արեք, սպիդը տարածված է: Պահպանակ հանել-հագնելու ձեւ կա: Մի տեղ կարդացի, որ Հռոմի պապը արգելել է պահպանակներ օգտագործել, կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: Մարդիկ պետք է գործողության դիմելուց առաջ մտածեն՝ արժե՞, թե՞ չարժե, այլ ոչ թե 5 րոպեի հաճույքի համար ամբողջ կյանքում տառապել»:

Սեքսապաթոլոգի պատմելով, այսօր մեր հասարակության մեջ մի խնդիր էլ կա՝ հայ տղամարդիկ ավելի կասկածամիտ են դարձել: Ըստ բժկուհու՝ հաճախակի են դեպքերը, երբ փեսացուները հարսնացուների ձեռքները բռնած դիմում են բժշկուհուն, որպեսզի ստուգեն՝ կո՞ւյս է ապագա կինը, թե՞ ոչ. «Քանի որ կուսությունը վերականգնելու միջոցով ամուսնանալը շատ տարածված է: Դա էլ է գալիս մեր մենտալիտետից, հայ տղամարդիկ, չգիտես ինչու, ուզում են անպայման իրենց կինը կույս լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել