Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական տրանսպորտից օգտվելը ռիսկային է

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Շատ երթուղայիններ «գիծ են դուրս գալիս» տեխնիկապես անսարք, մաշված ու կեղտոտ վիճակում:

Այսօր մայրաքաղաքի որոշ երթուղային տաքսիներից օգտվելու համար առնվազն պետք է սուր զգացողությունների սիրահար լինել կամ էլ, այլընտրանք չունենալով, մեծ ռիսկի դիմել եւ, այնուամենայնիվ, օգտվել այդ տրանսպորտից: Հասարակությանը սպասարկող որոշ միկրոավտոբուսներ գտնվում են տեխնիկապես այնքան վատ վիճակում, որ թերություններն ու անսարք վիճակը նկատելու համար պարտադիր չէ ավտոնորոգման մասնագետ լինել: Որոշ միկրոավտոբուսներ «գիծ են դուրս գալիս»՝ վստահ չլինելով տեղ կհասնեն, թե՝ չէ: Որպես կանոն, հնամաշ երթուղայինների նստելատեղերը կա՛մ պոկված են, կա՛մ էլ ամբողջ ընթացքի ժամանակ շարժվում են, դուռը լավ չի փակվում, նույնիսկ որոշ ապակիներ բացակայում են, կամ դրանց փոխարեն հնարամիտ վարորդը փակցրել է այն, ինչ ընկել է ձեռքի տակ: Սրան ավելացնենք նաեւ այն, որ վարորդները հաճախ գերազանցում են պահանջվող արագությունը: Շատ միկրոավտոբուսներում էլ նստելատեղերն են խտացված լինում, որ կանգնած ուղեւորների համար որքան հնարավոր է շատ «ոտի տեղ» լինի:

Նշենք, որ այս կամ այն երթուղագծի շահագործման մրցույթը շահելու համար, մեքենաները պարտադիր պետք է տեխնիկապես բարվոք վիճակում լինեն, բացի այդ, նստելատեղերը լինեն գործարանային վիճակում, ապակիներն ու անվադողերը՝ նույնպես:

Մասնավորապես, թիվ 86 երթուղայինը նստելիս, ուղեւորը չի կարող վստահ լինել, որ ժամանակին եւ անվնաս տեղ կհասնի: Այս երթուղու մեքենաներից շատերը ճանապարհի կեսին փչանում են, ուղեւորն էլ ստիպված է լինում ճանապարհի կեսին իջնել եւ այլ տրանսպորտային միջոցով տեղ հասնել: Թիվ 86-ի գրեթե բոլոր մեքենաների նստարանները կեղտի մեջ կորած են, ապակիների փոխարեն ցելոֆաններ են, բացի այդ, որպես կանոն, ընթացքի ժամանակ մեքենայից տրակտորի ձայն է գալիս, իսկ հատակի մաշվածության պատճառով՝ երեւում է ասֆալտը: Այս երթուղագիծը շահագործում է «Հուսո երթ» ընկերությունը: Գրեթե նույն անմխիթար վիճակում են թիվ 29, 75, 34 եւ 100 համարի երթուղային տաքսիներից շատերը:

Թե որքանով է վերահսկվում, որ ուղեւորներին բազմաթիվ անհարմարություններ պատճառող եւ տեխնիկապես անսարք երթուղայինները չշահագործվեն, «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Յուրա Գալստյանը «Առավոտին» պարզաբանեց. «Որպես կանոն, մեքենաները մրցույթին մասնակցում են նորմալ վիճակում, բայց ընթացքում ձեւափոխում են սրահը, այդ թվում նաեւ՝ նստարանները»: Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական վիճակին, պարոն Գալստյանն ասաց. «Մեքենաները պարբերաբար տեխզննում են անցնում, եւ եթե այդ ժամանակ հայտնաբերվի, որ, ասենք, նստարանները ձեւափոխված են կամ ապակիները պոկված են ու ջարդված, պետք է դրանց շահագործելու թույլտվություն չտրվի: Էլ չեմ խոսում մնացած դեպքերի մասին, երբ անսարք է շարժիչը կամ, ասենք, անվադողերը նորմալ վիճակում չեն եւ այլն»:

Մեր այն դիտարկմանը, որ մայրաքաղաքի բազմաթիվ երթուղայիններ շահագործվում են անմխիթար վիճակում, պարոն Գալստյանն ասաց. «Ես այս պաշտոնում նոր եմ, այսուհետեւ խիստ վերահսկելու ենք մեքենաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել