Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱՐԺԵՔԸ «ԼՈՂԱ»

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Տնտեսագետները կարծում են, որ Կենտրոնական բանկը հիմա էլ ակտիվորեն միջամտում է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչի հետեւանքով էլ դոլարի փոխարժեքը ոչ թե լողացող է, այլ՝ կայուն:

Հայաստանում փոխարժեքի լողացող կուրսին վերադառնալու որոշման մասին հանրությանը տեղեկացնելիս՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ իրենց միջամտությունները շուկայում կլինեն մինիմալ. «Բայց եթե մենք տեսնում ենք շուկայում կտրուկ տատանումներ, որոնք կարող են ունենալ շատ անցանկալի հետեւանքներ, այդ պարագայում, իհարկե, միջամտելու ենք: Դա վերաբերում է փոխարժեքի շատ վերեւ գնալուն էլ, շատ ներքեւ իջնելուն էլ»: Սակայն որոշ տնտեսագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով, այսօր էլ փոխարժեքը չի կարելի անվանել լողացող, քանի որ Կենտրոնական բանկը նախկինի նման շարունակում է միջամտել շուկային եւ կուրսը պահել կայուն՝ 368-373-ի սահմանում, ինչն, ըստ նրանց, ճգնաժամի պարագայում սխալ քաղաքականության հետեւանք է:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ուսումնասիրելով լուրջ տնտեսագետների վերլուծություններն ու դատողությունները, «Առավոտին» փոխանցեց, որ հանգել է հետեւյալ եզրակացության. «Ընդհանուր առմամբ, համաձայն եմ նրանց գնահատականների հետ: Հիմա Հայաստանում փոխարժեքն իսկապես լողացող չէ»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ նշեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր փողային իշխանությունները հայտարարել էին, թե ինչ հատվածում է փոխարժեքը լողալու, ուրեմն, սա ազատ փոխարժեքի քաղաքականություն չէ: Ես նկատել եմ, որ հիմա փոխարժեքի մասին խոսելիս այն անվանում են կարգավորվող»: Մեր հարցին, եթե պարոն Ասատրյանը այժմ էլ լիներ ԿԲ-ի ղեկավար, ի՞նչ քաղաքականությամբ կառաջնորդվեր, նա պատասխանեց. «Մեր տնտեսության պատմության մեջ ամենածանր հատվածում եմ եղել ԿԲ ղեկավար, եւ հենց այն ժամանակ էլ նշմարվել են հիմնական ուղղությունները, որոնք անփոփոխ են մնացել մինչեւ վերջերս: Ես հետեւողականորեն կանեի այն, ինչ արել եմ: Լողացող փոխարժեքը տնտեսական համակարգը կարգավորող միջոց է: Կարծում եմ, որ այս խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե տնտեսագետները»:

ԱԺ պատգամավոր Արա Նռանյանն էլ այս հարցի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ըստ էության, միշտ էլ ունեցել ենք լողացող կուրս, սակայն պետական միջամտության տարբեր աստիճանով: Երբ փոխարժեքը 305-ի սահմանում էր, մենք ունեինք պետական միջամտության բավական բարձր աստիճան, սակայն Կենտրոնական բանկը թուլացրեց իր միջամտությունը, որի հետեւանքով կտրուկ բարձրացավ փոխարժեքը: Կարելի է ասել, որ հիմա էլ միջամտություն եւ վերահսկողություն կա, սակայն սա ավելի զուսպ ու չափավոր միջամտություն է, քան մենք ունեինք այն ժամանակ, երբ փոխարժեքի գինը 300-ի սահմաններում էր»: Ի պատասխան մեր այն հարցին, թե այժմ է՞լ է ԿԲ-ն փոխարժեքը կայուն պահում՝ մեր պահուստները շուկա ներարկելու հաշվին, պատգամավորն ասաց. «Այն, որ պահուստներից ներարկումներ են լինում, գաղտնիք չէ: Հարցն այն է, թե որքանո՞վ է հեռանկարային այս տնտեսական քաղաքականությունը, ի վերջո՝ ինչպիսի՞ն է լինելու մեր ազգային դրամի ճակատագիրը: Կառավարությունն ակնկալում է դրամային աջակցություններ միջազգային կազմակերպություններից: Այդ միջոցների տնօրինումից եւ ճիշտ օգտագործումից է մեծապես կախված՝ մենք կունենա՞նք համեմատաբար կայուն իրավիճակ, թե՞ ճգնաժամը ավելի կխորանա: Պահուստների վատնումը որեւէ հեռանկարի չի կարող բերել: Տարիներ շարունակ Հայաստան եկող դոլարները փակում էին ֆինանսական դեֆիցիտը, այսօր այդ դոլարները չեն գալիս, եւ մենք ակնհայտ լուրջ պրոբլեմ ունենք՝ արտաքին առեւտուրն ու արտաքին շրջանառությունը սպասարկելու համար»:

«Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, տնտեսագետ Գագիկ Թորոսյանի կարծիքով էլ, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, քանի որ դոլարի փոխարժեքը իսկապես լողացող է. «Առաջին օրերին դոլարը բարձրացավ միանգամից 80 դրամով, որն իր մեջ «պանիկայի» էֆեկտ ուներ, հետո իջավ ու «պանիկան» էլ անցավ: Եթե լողացող չլիներ՝ չէր իջնի: Այս պահին արդեն լողացող փոխարժեքին անցնելու էֆեկտը դրական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել