Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոթղթակցին ուզում են փակի տակ պահել

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Մեղադրողը գտել է Գագիկ Շամշյանի «հանցանքը» ծանրացնող հանգամանքներ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում կշարունակվի «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 3-ի դատական նիստում էր, ըստ էության, բացահայտվել իշխանությունների եւ դատախազության կողմից ֆոտոթղթակցի ճակատագրի վերաբերյալ ծրագրած սցենարը: Այն է՝ Շամշյանին գոնե մի երեք ամիս փակի տակ պահել, ինչը ֆոտոթղթակցի պաշտպան Հովիկ Արսենյանը գնահատում է որպես լրագրողի վրա ճնշման մի ձեւ: Այսպես, գործով մեղադրող Չարխիֆալակյանը դատարանում հայտարարել էր իր «գտածոյի»՝ ի պատասխան իր հարցման ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկանքի մասին, առ այն, որ այն պահին՝ 2008թ. օգոստոսի 5-ին, երբ Գ. Շամշյանը «հանցավոր արարք» է կատարել՝ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, նրա դատվածությունը մարված չի եղել: Մեղադրողը սա համարել էր «ծանրացուցիչ հանգամանք», որը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ֆոտոթղթակցի նկատմամբ կիրառվի կալանք նախատեսող պատիժ՝ մինչեւ 3 ամիս ժամանակով:

Հիշեցնենք, որ 2007թ.-ին իր վրա կատարված հարձակման գործը ծածկադմփոց անելուց հետո իշխանությունները Գ. Շամշյանին մի քանի մեղադրանքներ էին առաջադրել, որոնց մի մասը դատարանի որոշմամբ կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով, իսկ մի մասը համարվել էր հաստատված: Ի վերջո, Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման, որի ժամկետը լրացել էր 2008թ. հուլիսի 16-ին: Գ. Շամշյանը դատական նախորդ նիստում առարկել էր մեղադրողի ներկայացրած տեղեկանքի դեմ, հայտարարելով, որ ինքը պատկան մարմիններին, օրենքով սահմանված կարգով հաշվառման կանգնելու համար, ներկայացել է դեռ 2008թ. հուլիսին, եւ ամենեւին էլ իր մեղքը չի, որ այդ մարմինների աշխատակիցները համապատասխան գրանցումն արել են միայն օգոստոսի 8-ի ամսաթվով: Շամշյանը նաեւ դատարանին միջնորդել էր հարցումներ անել եւ պարզել իրականությունը: Թե ի՞նչ զարգացում կարձանագրվի ֆոտոթղթակցի գործով այսօրվա դատական նիստում՝ դժվար է ասել:

Հիշեցնենք միայն, որ դատարանն արդեն հասցրել է մերժել Շամշյանի պաշտպանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել ականատես վկաների, որոնք կարող են իրենց ցուցմունքներով ամրապնդել Գ. Շամշյանի անմեղությունը՝ նրան մեղսագրվող արարքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել