Որպեսզի ՀՀ նախագահի ստեղծած «անկախ» հանձնաժողովը հեշտությամբ ազատ չարձակի մարդասպաններին եւ շարունակի ազատազրկման մեջ պահել քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին:
«Առավոտը» վերջին տարիներին պարբերաբար անդրադարձել է ՀՀ նախագահի նշանակած՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի գործունեությանը: Վերջինս Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քաշքշուկի պատճառով խուլիգանության համար ազատազրկված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սափեյան եղբայրներին, զինծառայությունից խուսափելու համար դատապարտված «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին եւ քաղաքական շարժառիթներով դատապարտված այլ անձանց երբեք չի ընդառաջել, բայց փոխարենն ազատել է առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածների:
Հիշեցնենք մի քանիսն այն փաստերից, որոնք «Առավոտը» հրապարակել է 2007-ի օգոստոսի 30-ի համարում: Այս հանձնաժողովի շնորհիվ՝ պատժի հետագա կրումից ազատվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Չալաբյանը, որը պղնձե կաթսայով սպանել էր 70-ամյա միայնակ կնոջը՝ Անգին Գազարյանին, ու հետո այրել նրան: Հանձնաժողովը նման «մարդասիրական» մոտեցում էր ցուցաբերել նաեւ 14 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Պետրոսյանի նկատմամբ, որը 40 հազար դրամ ու 118 դոլար պարտքը վերադարձնելու փոխարեն՝ կացնով սպանել էր պարտատիրոջը՝ Դոնարա Մամալյանին: Հանձնաժողովը ներել էր նաեւ 11 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Գրիգորյանին, որը քարերով կոտրել էր Տատյանա Աղաբաբովայի գլուխը:
Դեռ 2007 թվականի նոյեմբերի 7-ին էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ դրել նախաձեռնություն՝ «Քրեական դատավարության» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, որով առաջարկում է վերացնել այս «անկախ» հանձնաժողովը եւ դրա փոխարեն սահմանել, որ դատապարտյալն իրավունք ունի դիմել ուղղակիորեն դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցով: Նկատենք, որ այժմ գործող կարգով էլ, ի վերջո, այս հարցում վերջնական որոշումը կայացնում է դատարանը, բայց միայն «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում: Եվ վերոհիշյալ բոլոր մարդասպաններին ազատ արձակելու վճիռների պատասխանատվությունը հավասարապես կիսում են նաեւ դատարանները: Հիշեցնենք «Առավոտում» էլի հրապարակված փաստեր: 2007-ի հոկտեմբերի 5-ին մեր թերթը հրապարակեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը 2004-ին միջնորդել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Խոսրով Ավագյանին պատժի հետագա կրումից ազատելու համար: Նա այդ ժամանակ ընդամենը 3 տարի էր անցկացրել բանտում: Եվ ազատ արձակվելուց հետո՝ 2007-ի հունվարին թունավորելով սպանեց նյութական ծանր վիճակում գտնվող միայնակ, տարեց քույրեր 85-ամյա Վարսենիկ եւ 82-ամյա Մարգո Գյուրջինյաններին՝ նրանց բնակարանին տիրանալու նպատակով: Մի հիշեցում էլ 2007-ի սեպտեմբերի 13-ի «Առավոտից». Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանն այդ տարվա օգոստոսի 27-ին պատժի կրումից ազատել էր Արամայիս Միրիբյանին եւ Վարդան Մուխսիխաչոյանին, որոնք 5 տարեկան երեխայի աչքի առաջ սպանել էին նրա մորը:
Կարծում ենք, որ այս օրինակները բավարար են՝ ապացուցելու համար, թե այն լուծումը, որն առաջարկում է Զարուհի Փոստանջյանը՝ նույնպես, շատ մեղմ ասած, իդեալական չէ: Սակայն նա ուղղակի առաջարկում է խնայել պետբյուջեով այս հանձնաժողովին հատկացվող միջոցները: Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, թե առանց որեւէ հիմնավորման որոշումներ կայացնող այս հանձնաժողովը կոռուպցիոն լրացուցիչ օղակ է ոչ պակաս կոռուպցիոն դատարանի ճանապարհին. «Սկզբում դրամաշորթության հնարավորություն է տրվում ՔԿՀ ղեկավարությանը, հետո խնդիրը քննարկում է հատուկ հանձնաժողովը, հետո եթե ազատազրկվածը դիմում է դատարան, ապա նույն հարցն անցնում է նաեւ դատական գործընթացների միջով: Այս երեք մարմիններից ոչ մեկը զերծ չէ կոռուպցիայից»:
Ի դեպ, կառավարությունը սկզբնապես բացասական եզրակացություն էր տվել «Ժառանգության» պատգամավորի նախաձեռնությանը: Սակայն ՍԴ-ն 2008-ի փետրվարի 5-ին «Քրեակատարողական oրենuգրքի» 115 հոդվածը՝ անկախ հանձնաժողովի որոշումն oրենքին հակաuելու դեպքում դատական կարգով բողոքարկելը uահմանափակելու մաuով, ճանաչեց Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր: Եվ դրանից հետո նոր՝ հունիսին կառավարությունն ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց իր նախաձեռնությունը «Քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին, որով ընդամենը սահմանվում է, թե այդ հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել՝ օրենքին հակասելու դեպքում:
Ապրիլի 6-7-ին ԱԺ-ն քննարկեց ե՛ւ կառավարության, ե՛ւ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունները՝ իբրեւ այլընտրանքային նախագծեր: Այսինքն՝ դրանցից ո՛ր մեկը քվեարկության ժամանակ ավելի շատ ձայն հավաքի՝ ընդունվելու է որպես հիմք:
Կառավարության նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը կոռուպցիայի վերաբերյալ անկախ հանձնաժողովին ուղղված մեղադրանքներին ԱԺ ամբիոնից հակադարձեց. «Ընդհակառակը՝ այս անկախ հանձնաժողովը նպաստեց, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն, քանի որ մինչ այդ էին կոռուպցիոն ռիսկերը չափազանց շատ: Իսկ անկախ հանձնաժողովի գոյությունը հնարավորություն տվեց, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը մի փոքր ավելի կաշկանդված լինի՝ հենց այնպես չտա դրական եզրակացություններ մարդկանց պատժից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար»:
Նկատենք, որ այս 2 օրինագծերից եւ ոչ մեկում արտացոլված չեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ ԵԽ անդամ երկրներին ուղղված 2003 թվականի հանձնարարականի դրույթները, ըստ որոնց՝ «Պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պահանջվող չափանիշները պետք է լինեն պարզորոշ եւ հստակ: Դրանք պետք է լինեն նաեւ իրական՝ այն իմաստով, որ պետք է հաշվի առնվեն բանտարկյալների անձը, սոցիալական եւ տնտեսական հանգամանքները»: Բացի այդ՝ պայմանական վաղաժամկետ ազատելու որոշումներ կայացնելիս դատապարտյալները պետք է իրավունք ունենան, «որպեսզի իրենց անձամբ լսեն»: Ու նաեւ՝ «որոշումներում պետք է նշվեն պատճառների մասին եւ այդ մասին հաղորդվեն գրավոր»: Զարուհի Փոստանջյանը երեկ իր եզրափակիչ խոսքում անհրաժեշտություն համարեց նման հստակ չափորոշիչներ սահմանելը: Իսկ Գեւորգ Դանիելյանն իր եզրափակիչ ելույթում առաջարկեց ընդունել կառավարության ներկայացրած տարբերակը՝ հավաստիացնելով, թե ամենաուշը մեկամսյա ժամկետում կառավարությունը կներկայացնի այս ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով օրենսդրական փաթեթ: Այլընտրանքային այս նախագծերի քվեարկությունը կկայանա այսօր: