ԱԺ-ն այս քառօրյա նիստի օրակարգը հաստատելիս որոշեց մինչեւ 90 օրով հետաձգել նստաշրջանի մեծ օրակարգում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությունն ընդգրկելու հարցը: Հիշեցնենք, որ ըստ այդ նախաձեռնության՝ պիտի ուժը կորցրած ճանաչվի 2008-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ սահմանած արգելքը՝ մինչեւ 2010 թ. հուլիսի 20-ը հեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու վերաբերյալ:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ որոշեցին այդքան հետաձգել՝ նախագծի համահեղինակ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Նախ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում առաջարկել էինք մեր նախաձեռնությունը հետաձգել ոչ թե 90, այլ 60 օրով: Հանձնաժողովի այդ նիստին ներկա էր էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որն ի պատասխան իմ հարցերի՝ պնդեց, թե կա՛ թվային հեռարձակման իրականացման ծրագիրը: Եվ համաձայն չէր իմ տեսակետի հետ, թե այս ամենը վկայում է իրենց կողմից ձգձգվող գործունեության մասին: Ներսես Երիցյանը խոստացավ, թե մայիսին ներկայացնելու է այդ ծրագիրը»: Դարձյալ հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն փետրվարի 4-ի հարցուպատասխանի ժամանակ Ներսես Երիցյանը հայտարարել էր, թե այդ ծրագիրը «1 ամսվա ընթացքում հիմնական ուղղություններով պատրաստ կլինի»։ Իսկ այժմ էլ պարզվում է, թե մայիսին է պատրաստ լինելու: «Ասաց՝ վստահեցնում եմ, թե մայիսին կլինի այդ ծրագիրը, եւ այնտեղ կլինի ձեր բոլոր հարցերի պատասխանը»,- պատմեց Անահիտ Բախշյանը: Նա մարտի 26-ին պատգամավորական հարցապնդում էր ուղարկել այս նախարարին եւ մասնավորապես հետաքրքրվել. «Որքա՞ն ներդրում է պահանջվում այդ ծրագրի իրականացման համար, ովքե՞ր են ներդնելու»: Էկոնոմիկայի նախարարն, ըստ «Ժառանգության» պատգամավորի՝ հանձնաժողովի նիստում հայտարարել է. «Դրա գումարները կան»: Եվ Անահիտ Բախշյանն ասաց. «Թող մայիսին ծրագիրը ներկայացնի, եւ դրան համապատասխան՝ նորից կանդրադառնանք մեր նախաձեռնությանը»: