Վարդան Ղուկասյանի հիմնական մրցակիցը՝ Մարտուն Գրիգորյանը, ստանձնեց ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարությունը:
Շիրակի մարզային կառույցի գրասենյակը պաշտոնապես բացելու ու հումանիտար օգնություն բաժանելու նպատակով երեկ Գյումրիում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցի անօթեւան մի ընտանիքի բնակարան նվիրեց, շտապօգնության մի նոր մեքենա էլ կանգնեցրեց Գյումրիի շտապօգնության կայանի բակում, չմոռացավ նաեւ հաշմանդամներին եւ Օպերայի ու բալետի մեներգիչ Արտակ Կիրակոսյանին, որի ողնաշարը վնասվել էր Սարդարապատում: Իսկ մինչ այդ, կուսակցության ղեկավարը նորաբաց գրասենյակի ժապավենը կտրելուն պես, մամուլի ասուլիս հրավիրեց ու պատասխանեց որոշակի քաղաքական հարցերի: «Առավոտի» այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցի ղեկավար կարգելով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին՝ չի վախենո՞ւմ արդյոք հարաբերությունները փչացնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ուրիշները թող մտածեն մեզ հետ հարաբերություններ փչացնելու կամ չփչացնելու համար, այսօր այդ մարդուն հարգում են, մեծամասնականով անցած պատգամավոր է, երիտասարդ է ու ապագան իր առջեւում է: Ես շատ ուրախ եմ, որ նա ցանկություն է հայտնել մարզային կառույցի ղեկավար դառնալ: Ոչ մեկը նեղվելու խնդիր չունի, որովհետեւ մենք բոլորս հայ ենք, մարդիկ պետք է կարողանան իրենց աշխատանքով, գործով ապացուցել, ոչ թե՝ մեկը մյուսից նեղանա: Հիմա եթե, ասենք, մեկը ուժեղ է, մյուսը՝ թույլ, թույլը պիտի նեղանա՞, որ դիմացինը ուժեղ է, ոչ, թույլն էլ պետք է պարապի, որ ուժեղանա՝ սա է խնդիրը»:
«Առավոտը» Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից նույնպես հետաքրքրվեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը մտնելով՝ նպատակ չունի՞ արդյոք Վարդան Ղուկասյանին լուրջ հակակշիռ դառնալ ու, ի վերջո, քաղաքապետի պաշտոնին տիրանալ: Համենայնդեպս, գյումրեցիները առավել քան համոզված են այս հարցում: «Դա կապ չունի, եթե ես նման նպատակ ունենայի, ոչ մի բան ինձ չէր խանգարում, որ ես ավելի շուտ մտնեի ԲՀԿ, օրինակ՝ քաղաքապետի ընտրություններից առաջ: Վստահեցնում եմ, ես անձնական շահ չունեմ, ես կուսակցական դարձա, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ունենամ օգտակար դառնալ Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Ի վերջո երկու տարի է՝ ես անկուսակցական, անկախ պատգամավոր եմ, ես լուրջ ուսումնասիրել եմ քաղաքական դաշտը ու որպես պատգամավոր՝ համոզվել, որ այն հարցերը, որոնք մեր մարզի ազգաբնակչությանը հուզում են, լուծում տալու համար հեշտ ձեւը կուսակցական դառնալն է, քո թիկունքին կուսակցություն ունենալն է: Իսկ անկախ մնալ հնարավոր է միայն մի դեպքում, եթե չես ուզում բան անել»,- պատասխանեց Մարտուն Գրիգորյանը: