Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

– Երեւանի ավագանու ընտրությունները դեռ չեն մեկնարկել, բայց ռազբորկաները, կռիվները, կրակոցները արդեն սկսվել են. ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական այսպիսի վիճակը, այս ամենը մինչեւ ո՞ւր կհասնի:

– Քաղաքական ուժերի համամասնական ցուցակների ձեւավորումից հետո կարծես աշխուժություն է մտել բոլոր համայնքներում, եւ նրանք, ովքեր հայտնվել են ցուցակներում եւ ավելի շահագրգռված են, փորձում են ինքնադրսեւորվել: Երեւի պատճառն այն է, որ երիտասարդներ են, անփորձ են քաղաքականության մեջ, չեն պատկերացնում՝ քաղաքական ընտրարշավը կամ աշխատանքը ինչ է նշանակում, եւ անցել են անձնական ռազբորկաների: Այս ամենի արդյունքում եղան եւ զոհեր, եւ ձերբակալություններ: Իհարկե, բացասական երեւույթ է, որը քննադատվում է եւ մեր քաղաքական ուժի, եւ ցանկացած ուժի կողմից: Որպես կին՝ հանդուրժողականության եւ քաղաքակիրթ պայքարի կոչ եմ անում բոլոր քաղաքական թիմերին: Թող հաղթեն իրոք ուժեղները, իրոք արժանավորները եւ հաղթեն արդար, որ նաեւ արդար ծառայեն մեր ժողովրդին:

– Կոալիցիոն ուժերը առանձին-առանձին են գնում Երեւանի ավագանու ընտրություններին, եւ մեր տեղեկություններով՝ բոլորդ ունեք հրահանգ՝ իրար չխանգարելու, բայց ինչպե՞ս եք դա պատկերացնում, երբ ամեն մեկդ ձեր առանձին շահերն ունեք այս ընտրություններում:

– Գիտեք, հրահանգի խնդիր չկա, նման բանը մեզ համար անընդունելի է. այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին, բավականին մեծ փորձ ունեն եւ պետք է հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ եւ արդար: Մամուլում հնչեցված են պարտադրանքների մասին հրապարակումները, բայց ես հստակ գիտեմ, որ պարտադրանքը ոչ թե համակրանք, այլ ատելություն է առաջացնում: Անընդունելի եմ համարում նաեւ միմյանց նկատմամբ ցեխ շպրտելը, որովհետեւ ընտրությունը պետք է լինի գաղափարների պայքար, եւ յուրաքանչյուր քաղաքական թիմ իր նախընտրական ծրագիրը պետք է ներկայացնի: Կարծում եմ՝ մտավորական, կիրթ եւ խելոք մարդիկ ընտրում են այն քաղաքական ուժը, որտեղ տեսնում են մտավոր ներուժ, տեսնում են ծրագիրը, որն իրականանալու հավանականություն ունի: Սա պետք է լինի քաղաքական պայքարի առանցքը եւ ոչ թե տարբեր քաղաքական ուժերի հասցեին բամբասանքները, ավելորդ պիտակներ կպցնելը եւ ցեխ շպրտելը: Ցավոք, մեր քաղաքական դաշտում կան այս բաները, եւ սրանք պետք է վերացնել, սա մերժելի պրակտիկա է:

– «Օրինաց երկիրը» ինչպե՞ս է պատրաստվում անցկացնել իր քարոզարշավը, դուք ե՞ւս նախընտրական փուլում Դաշնակցության պես դառնալու եք ընդդիմադիր:

– Անկեղծ ասած, դուք այդ հարցը տալիս եք մի մարդու, ով անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն, միշտ հարցերը բարձրացնում է ուղիղ: Ինձ համար այդպիսի խնդիր չկա՝ ես իշխանությա՞ն մեջ եմ, թե՞ ընդդիմության: Ես վստահ եմ, որ ուժը ճշմարտախոսության մեջ է: Ճշմարտությունը ամենահզոր զենքն է, եւ ես իմ տեսակով պարզապես չեմ կարող ճշմարիտ չլինել, ես միշտ խոսում եմ ճշմարտության դիրքերից: Եթե կան թերություններ, եկեք դրանք չթաքցնենք, ընդհակառակը՝ միասին, համատեղ պայքարենք այդ թերությունները վերացնելու համար: Այս առումով պետք է ճիշտ ընկալել մարդկանց, ես չեմ ընդունում կեղծ ընդդիմադիր խաղերը, բայց եթե կան խնդիրներ, դրանք պետք է բարձրացնել: Ի՞նչ է եղել, եթե իշխանության մեջ ենք, մենք իրավունք չունե՞նք խոսել թերություններից ու խնդիրներից, որոնք կան: Մենք իշխանության մաս ենք կազմել, կոալիցիայի անդամ ենք դարձել հենց այդ թերությունների վերացման համար՝ աջակցելու, սատարելու կոալիցիային, որպեսզի այդ թերությունները վերացվեն, եւ ունենանք ավելի ուժեղ եւ անխոցելի պետություն:

– ՕԵԿ Երեւանի կառույցի կոնֆերանսի ժամանակ, երբ ձեր թեկնածությունը ներկայացվեց՝ որպես ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար, դուք ելույթ ունեցաք եւ հայտարարեցիք, որ «պետք է թափանցիկ դարձնել մեր տան անկյունները»։ Ի՞նչ նկատի ունեիք անկյուններ եւ թափանցիկ ասելով:

– Բյուջեի հաստատման ժամանակ ես միշտ հարց եմ բարձրացնում, ասելով, որ մենք բավականին լուրջ գումարներ ենք տալիս ինքնակառավարման մարմիններին, բայց երբեք չենք ճշտում, թե դրանք ինչի վրա են ծախսվում: Մեզ համար խիստ կարեւոր է, որ բավականին սուղ վիճակում գտնվող բյուջեից գումարներ ենք հատկացնում, բայց արդյունքում եւ մանկապարտեզների, եւ երաժշտական դպրոցների մանկավարժները դժգոհ են իրենց աշխատավարձերից, բակերն են անբարեկարգ ու փնթի, եւ շենքերի մուտքերն ու տանիքներն են գտնվում անմխիթար վիճակում: Բայց տարեցտարի աճում է այն գումարը, որը մենք հատկացնում ենք ՏԻՄ-երին: Օրինակ, համայնքները առյուծի բաժին են տանում աղբահանության համար, բայց քաղաքում շատ հաճախ բակերը եւ փողոցները չեն մաքրվում: Էլ չեմ խոսում ձմեռային մաքրումների գրեթե իսպառ բացակայության մասին: Քանի որ գումարը մենք ենք հատկացնում, ճիշտ կլինի, որ նաեւ հաշվետվություն պահանջենք դրանց ծախսման վերաբերյալ: Այս առումով, ամբողջ Երեւանը համարելով մեր տունը, մենք պետք է տեսնենք, թե ինչպես է այն մաքրվում եւ դրա համար հատկացված գումարները ինչպես են ծախսվում: Եթե Երեւանին նայենք՝ ինչպես մեր տանը, բոլոր մտահոգիչ խնդիրները ավելի արագ եւ հեշտ կլուծվեն: Մենք առաջարկելու ենք մեր քաղաքի զարգացման մրցունակ ծրագիր, մենք առաջարկում ենք նոր մոտեցումներ, քաղաքի արդյունավետ կառավարման նոր մոտեցումներ: Ես վստահ եմ, որ Երեւանը վիթխարի պոտենցիալ ունի, որը հավուր պատշաճի չի օգտագործվում:

– Ի՞նչ եք կարծում, ընտրությունների ժամանակ իրավիճակը կարո՞ղ է լարվել:

– Իրավիճակը կարող է լարվել ինչպես նախընտրական, այնպես էլ ընտրությունների շրջանում կամ դրանից անմիջապես հետո: Մենք, սակայն, պետք է հնարավորինը անենք, որ մեր ժողովուրդը նորից չվերապրի անցյալ տարվա մարտի ողբերգական իրադարձությունները, որի արդյունքում զոհեր եւ վիրավորներ ունեցանք: Դրա համար ես քարոզելու եմ սեր եւ փոխադարձ հարգանք միմյանց ծրագրերի եւ մոտեցումների նկատմամբ, քաղաքակիրթ մրցակցություն բոլոր քաղաքական թիմերի համար, այլ ոչ թե քաղաքական պատերազմ եւ ատելություն, որից ոչ ոք շահած դուրս գալ չի կարող:

– Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին ձեր թեկնածության առաջադրման որոշումը քաղաքական թիմի՞նն էր, թե՞ ձերը:

– Երեւանի քաղաքապետի իմ թեկնածությունը մեր քաղաքական թիմի որոշումն է: Մեր քաղաքական թիմում միանձնյա որոշումներ չեն լինում։

– Ի՞նչ եք կարծում, կին լինելու գործոնը կաշխատի հօգո՞ւտ ձեզ, թե՞ ընդդեմ:

– Երեւանի քաղաքապետի կին թեկնածու լինելը, կարծում եմ, կաշխատի հօգուտ ինձ, վստահ եմ, որ շատ ու շատ կանայք եւ տղամարդիկ անպայման ձայն կտան ինձ, զուտ այն պատճառով, որ այդ պաշտոնը կին զբաղեցնի։ Մեր հասարակությունը ձանձրացել է մշտապես որոշում կայացնող պաշտոններում տեսնել տղամարդկանց, որոնց կատարած աշխատանքները եւ կայացրած որոշումները այնքան էլ չեն գոհացրել մեր հանրությանը, եւ համոզված եմ, որ ժողովուրդը ուզում է այդ փոփոխությունը: Ես կարծում եմ, որ ոչ միայն քաղաքը, այլ նաեւ ողջ երկիրը ունի կանացի առանձնահատուկ հոգածության եւ խնամքի կարիք։ Կանայք նրբագեղ եւ բարձրաճաշակ են, հոգատար են, ազնիվ ու նվիրված, եւ ահա սրանք են այն գործոնները, որոնք խիստ կարեւոր են քաղաքական պաշտոն ստանձնելու համար: Կանացի հոգածությունն ու խնամքը առանձնահատուկ են դառնում, որովհետեւ ամեն ինչի հիմքում ընկած է սերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել