Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱՆԱՅՎԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Խոսքը ՀՀ ՔՕ փոփոխության ենթարկված 225-րդ հոդվածի տարբեր մասերով արդեն դատապարտված անձանց գործերի մասին է:

Այսօր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կշարունակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում գտնվող «Յոթի» գործով դատավարությունը: Իհարկե, ամբաստանվողի աթոռին այսօր նստած կլինեն կամ, գուցե, դատական նիստի ողջ ընթացքում առաջվա նման կանգնած կմնան երկու քաղկալանավորներ՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատավորի որոշմամբ «Յոթի» գործը մասնատվեց 5 տարբեր գործերի, որոնք լսվելու են տարբեր դատարաններում:

ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններից հետո «Յոթին» առաջադրված մեղադրանքները վերանայվեցին: Բոլոր 7 քաղբանտարկյալներին մինչ այդ առաջադրված 225-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքները փոխարինվեցին նույն հոդվածի 1-ին մասով: Բայց այդ փոփոխությունները առայժմ տարածվել են միայն դատավարության փուլում գտնվող ամբաստանվողների վրա: Հայտնի է, սակայն, որ բացի «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալներից, եւս 31 հոգի, այդ թվում՝ ներում ստացած անձինք, մեղադրվել եւ արդեն իսկ դատապարտվել են ՀՀ ՔՕ 225 հոդվածի՝ «զանգվածային անկարգություններ», տարբեր՝ 2-րդ եւ 4-րդ մասերով: Նրանցից միայն երկուսի՝ 225/2-րդ մասով մեղավոր ճանաչված Կարեն Թարխանյանի եւ Գեւորգ Ղազարյանի գործերն են, որոնք բողոքարկվել են Վճռաբեկ դատարանում եւ գործերը վարույթ ընդունելու մերժում ստացել: Ասել է թե՝ միայն այս երկուսի մասով է, որ գործերը Հայաստանում վերանայելու բոլոր ատյանները սպառված են, ու նրանց գործերն արդեն ենթակա են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ուղարկվելու: Մյուս՝ քաղբանտարկյալ ճանաչված 14 անձինք իրենց վերաբերյալ կայացրած վճիռները դեռ շարունակում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եւս երկու քաղբանտարկյալի՝ 225/2-րդ մասով 4 տարվա ազատազրկման դատապարտված Քրիստափոր Էլազյանի ու 3 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Մանուկյանի գործերը Վերաքննիչում են:

Արդյոք ՔՕ 225-րդ հոդվածի փոփոխությունից եւ մասնավորապես՝ 2-րդ հոդվածի վերաշարադրումից հետո այդ նույն հոդվածով դատապարտվածները հնարավորություն ունե՞ն իրենց վերաբերյալ կայացված վճիռները բողոքարկել՝ հիմք ընդունելով օրենսգրքում կատարված փոփոխությունները: Սա այն հարցն է, որն ամենաշատն է հուզում այդ հոդվածով դատապարտվածների հարազատներին:

Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը, որը ժամանակին պաշտպանել էր հենց 225 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող քաղբանտարկյալներից մեկին, «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ եթե հիշյալ հոդվածում՝ այդ կետով հանդերձ, կատարված փոփոխության այն ապաքրեականացվել է, ինչը նշանակում է՝ փոխվել է այդ հոդվածի դիսպոզիցիան, ապա միանշանակորեն պետք է վերանայվեն սույն հոդվածի՝ այդ դրույթով կայացված դատական ակտերը, եւ այդ գործերով արդարացման վճիռներ կայացվեն դատական կարգով: Հենց այստեղ է, որ մասնագետների կարծիքները չեն համընկնում. ոմանք պնդում են, որ եթե ՔՕ 225-րդ հոդվածը փոփոխվել, վերաշարադրվել, ապաքաղաքականացվել է, ապա միայն դա արդեն բավարար է, որ այդ հոդվածի որեւէ կետով դատապարտվածների գործերը եւս վերանայվեն, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ եթե 225-ի 2-րդ կետը, որով մարդիկ դատապարտվել են, իր բովանդակությամբ մնացել է նույնը, ապա արդեն կայացված դատական ակտերը վերանայման ենթակա չեն: Այսպիսի տեսակետ հայտնողները վկայակոչում են այն, որ օրենքի փոփոխության արդյունքում այդ մարդկանց առաջադրված մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, ըստ էության, չի փոխվել՝ ճիշտ այնպես, ինչպես չի փոխվել այդ արարքի համար նախատեսված պատժաչափը՝ 3-8 տարի ազատազրկում:

Այն, որ այդ հոդվածով դատապարտվածները չեն կարող իրենց գործերը վերանայելու հույս փայփայել՝ հիմնվելով բացառապես հոդվածի փոփոխության վրա, երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Այդուհանդերձ, Հայ ազգային կոնգրեսում դեռ աշխատում են ստեղծված իրավիճակի առնչությամբ ճշգրտումներ անելու, դիրքորոշում հստակեցնելու ուղղությամբ՝ համարելով, որ իրավիճակը միանշանակ չէ: Մասնավորապես, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Առավոտին» ասաց, թե ՀԱԿ-ում իրավական, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարցով զբաղվող առանձին հանձնախումբ եւ մարդիկ են գործում, որոնք այդ հարցը եւս լուրջ ուսումնասիրում են: Լ. Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ թեեւ պետությունն ինքը 225 հոդվածի վերանայումից հետո պետք է քայլեր ձեռնարկեր այդ հոդվածով դատապարտված քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ, բայց Կոնգրեսում հույսները պետության վրա չեն դրել, այլ արդեն մշակում են իրավական ուղիներ՝ հարցը բարձրացնելու համար: «Աննախադեպ վիճակ է, բայց մարդիկ դատապարտվել են այնպիսի հոդվածներով, որոնք արդեն գոյություն չունեն: Այս բոլոր հարցերին մենք պատասխան տալու ենք եւ իրավական ձեւեր գտնելու ենք հարցը բարձրացնելու եւ տարբեր ատյաններում այդ հարցը վիճարկելու ու խնդիրը լուծելու համար»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց Լ. Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել