Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի ապրիլի 1-ի որոշմամբ «Յոթի» գործը մասնատվեց 5 տարբեր գործերի, որոնք այլեւս քննվելու են 5 տարբեր դատարաններում: Դեռ ապրիլի 1-ին հայտնի էր միայն այն, որ քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը շարունակվելու է նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Երեկ Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ միայն այսօր պարզ կլինի, թե մյուս ամբաստանվողների գործերը կոնկրետ որ դատավորներին կմակագրվեն: Այդուհանդերձ, «Առավոտին» հայտնի դարձավ, որ քաղկալանավոր Հակոբ Հակոբյանի գործը մակագրվել եւ փոխանցվել է դատավոր Գագիկ Ավետիսյանի, Գրիգոր Ոսկերչյանինը՝ Գագիկ Պողոսյանի եւ Մյասնիկ Մալխասյանինը՝ Արմեն Խաչատրյանի վարույթ: Հայտնի չեն միայն Սասուն Միքայելյանի եւ Շանթ Հարությունյանի գործով դատավորների անունները:
Կարդացեք