Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

$11900 նվեր մարզպետի՞ն

Ապրիլ 07,2009 00:00

Մի քանի օր է՝ մեր օրաթերթը Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում իրենց խնդրանքով, վերջիններս վախենում են ավելորդ քաշքշուկների մեջ հայտնվելուց) ահազանգ է ստանում այն մասին, որ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը մարզպետ Լիդա Նանյանի ապրիլի 7-ը շնորհավորելու նպատակով ամեն մի գյուղապետի պարտադրում է 100 դոլար «մուծվել»: Գյուղապետերը հասկանալով, որ Լիդա Նանյանը հանրապետության միակ կին մարզպետն է եւ արժե նրա տոնը շնորհավորել, այնուամենայնիվ, նրանց ուղեղի մեջ չի տեղավորվում գումարի չափը. եթե ի նկատի ունենան, որ Շիրակի մարզում 119 համայնք կա, ուրեմն նվերը 11 հազար 900 դոլար կկազմի: Եվ սա այն դեպքում, երբ Շիրակի գյուղերը աղքատության մեջ փտում են. մարզը սեփական եկամուտների հավաքագրման առումով ռեկորդակիր է, հանրապետության ամենացածր ցուցանիշը միշտ այստեղ է արձանագրվում: Մենք գյուղապետերի վերոհիշյալ դժգոհությունը բառ առ բառ փոխանցեցինք Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին: Վերջինս կտրականապես հերքեց՝ ասելով. «Հարյուր տոկոսով սուտ է, մենք մեզ երբեք թուլ չենք տա նման բան անել, տասը տարի է՝ շփվում եմ գյուղապետերի հետ, ո՞ր մի օրն եմ նվերի փող հավաքել, որ որ հիմա հավաքեմ: Ոչ էն է՝ ծիծաղես, ոչ էն է՝ զայրանաս, սա եւ տարօրինակ է, եւ զարմանալի, եւ գնալով զայրացուցիչ է դառնում: Էդ կարգի նվեր լինո՞ւմ է: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ են շահարկում իմ անունը, սա թշնամանք է ի՞մ դեմ, թե՞ մարզպետի: Չեմ կողմնորոշվում, թե սլաքն ո՞վ է ուղղել, ընդհուպ չեմ ուզում հավատալ, որ համայնքի ղեկավարներից որեւէ մեկն է մարզով մեկ տարածել այս խոսակցությունները. երկու-երեք օր է՝ լրագրողներն ինձանից հարցնում են: Ես գյուղապետերին փող հավաքել եմ տալիս, որ բյուջե լցնեն, բայց ստիպեմ, որ նվեր առնելու համար գումար հավաքեն, ինձանից էդ երեւույթը շատ-շատ հեռու է, այդ առումով ես կասեմ, որ միշտ էլ իդեալական դիրքերում եմ եղել, հատկապես, որ գյուղապետերի հետ շփվելիս ես միշտ էլ զգուշավորություն եմ պահել»: Ի դեպ, նմանատիպ խոսակցություններ պտտվում էին նաեւ մարտի 8–ի նախօրյակին, միայն այն տարբերությամբ, որ փող հավաքողների ցանկում շոշափվում էին դպրոցի տնօրենների անունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել