Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՏՐՎԵՑ

Ապրիլ 07,2009 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է դիմել 2 տարի առաջ՝ մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքից ցած նետված Լեւոն Գուլյանի հայրը՝ Աշոտ Գուլյանը: «Երկու տարի առաջ ոստիկանության մի շարք աշխատակիցների անօրինական, կամայական եւ հանցավոր գործողությունների հետեւանքով իմ որդին՝ Լեւոն Գուլյանը զրկվեց կյանքից:

Մեր ընտանիքի համար այս երկարատեւ ու տառապալից ամիսների սպասումները, ըստ էության, որեւէ արդյունք չեն տվել: Քրեական գործում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 2008 թ. հունիս եւ հուլիս ամիսներին դատական երկու ատյաններ, վերացնելով քրեական գործը կարճելու մասին որոշումը, հաստատեցին, որ գործի նախաքննությունը չի եղել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ, ոստիկանության աշխատակիցների գործողություններին չի տրվել պատշաճ գնահատական, ինչի հետեւանքով չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել Լեւոնի մահվան մեջ մեղավոր անձինք», գրել է Ա. Գուլյանը:

Ըստ վերջինիս՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքում կատարվածը դժբախտ պատահար չի եղել: «Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության պաշտոնյաները հետեւողականորեն չեն ցանկանում որեւէ ջանք գործադրել դատարանների որոշումները եւ իրենց անմիջական պարտականությունները կատարելու ուղղությամբ: Գործի քննությունը վերսկսելուց ավելի քան 7 ամիս անց այն շարունակվում է քննվել առանց մեղադրյալների, ինչն էլ ավելի է ընդգծում քրեական գործը կրկին կարճելու իրավապահպան մարմինների անթաքույց մտադրությունը»,- հավելում է Ա. Գուլյանը, որի կարծիքով՝ նամակը ՀՀ ներպետական ատյաններում ոտնահարված իրավունքների պաշտպանություն հայցելու վերջին փորձն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել