Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տգեղ կին չկա

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Ալավերդցի կանանց գեղեկցության գաղտնիքը

Ալավերդցի 24-ամյա վարսահարդար Տիգրան Հախինյանն արդեն 5 տարի ամեն օր սպասարկում է քաղաքի բազմաթիվ կանանց: «Տիգրանը հրաշալի վարսահարդար է, ճաշակով, բարեհամբույր, մի խոսքով՝ ունի այն ամենը, ինչ պետք է երիտասարդ վարսահարդարին, որպեսզի հաճախորդը հաճելի տպավորություններով հեռանա: Սանրվածքից էլ եմ շատ գոհ լինում, մեր քաղաքի կանանց պահանջներին համապատասխանում է, ես գոհ եմ, իր աշխատանքը իմ պահանջներին էլ է բավարարում: Միշտ բարձր տրամադրությամբ եմ նրա մոտից դուրս գալիս»,- վարսահարդարին այսպես բնութագրեց ալավերդցի Անահիտ Իշխանյանը: Տիգրանի հաճախորդների ցանկը ընդգրկում է սոցիալական տարբեր խավերի կանանց: Սակայն նրա համար հաճախորդը ընկալվում է ոչ իր վճարունակությամբ կամ դիրքով: «Ես գտնում եմ, որ տգեղ կին չկա, եւ նրանցից յուրաքանչյուրը իր տեսակի մեջ արժանի է ուշադրության եւ հարգանքի: Տարբերակում չեմ դնում: Այնպես չի լինում, որ բարձր դիրքում հայտնված մեկին շատ արտոնություններ տրվեն վարսավիրանոցում, իսկ հասարակ մեկին անուշադրության մատնենք: Վարսավիրանոցում գործում է հերթագրումը, եւ ամեն կին իր հերթին ստանում է մեր ողջ ուշադրությունը: Բոլորի մազերն էլ գեղեցիկ հարդարելու համար գործադրում եմ իմ ողջ կարողությունները»,- ասում է Տիգրանը:

Պարզվում է, երիտասարդ վարսահարդարի համար սկզբում այնքան էլ հեշտ չի եղել կանանց հետ աշխատել: «Մի քիչ հուզվում էի, հետո բոլորը ինձ համար դարձան մանեկեններ»,- ասում է նա:

Տիգրանը սանրվածքների նկատմամբ սեր է ունեցել դեռ մանկուց: Կտրել է բոլոր նրանց մազերը, ովքեր իրեն վստահել են: Սկզբում հաճախորդները տնեցիներն էին՝ մայրը, քույրերը, նաեւ հարազատները, հարեւանները: Մասնագիտական հմտությունները ստացել է Երեւանի հեղինակավոր վարսավիրանոցներից մեկում: Տիգրան Հախինյանի կարծիքով՝ վարսահարդարումը եւ արհեստ է, եւ արվեստ: «Մազերի վրա աշխատանքը ավելի շատ ստեղծագործական է»,- ասում է նա: Ցանկացած կին Տիգրանի շնորհիվ աչքիդ առաջ աներեւակայելիորեն վերափոխվում է, երիտասարդանում, դառնում նազելի ու հմայիչ: «Սանրվածքը անպայման զուգակցում եմ կնոջ դիմագծերի հետ, կանայք շատ շուտ ինձ վստահում են, եւ դա այն պատճառով, որ ես սիրով եմ կատարում իմ աշխատանքը: Եթե չսիրեի՝ հաստատ չէի աշխատի»,- իր վարպետության գաղտնիքը այսպես է բանաձեւում Տիգրանը:

Վարսավիրանոցում կատարյալ տոն է լինում, երբ Տիգրանի հաճախորդը հարսնացու է: Հինգ տարիների ընթացքում քանի՜-քանի հմայիչ աղջիկներ են հարսանիքից առաջ իրենց «գլուխը վստահել» Տիգրանին եւ երջանկությանն ընդառաջ դուրս եկել Տիկոյի վարսավիրանոցից՝ իրենց հետ տանելով երիտասարդ վարսահարդարի անկեղծ մաղթանքները: Այնպես չի եղել, որ որեւէ տղամարդ իր կնոջը սաստի կամ խանդի նրա ծառայություններից օգտվելու համար: «Ես բոլոր առումներով՝ բոլորի վստահությունը վաստակել եմ»,- վստահեցնում է Տիգրանը:

«Արդեն քանի տարի մազերս Տիգրանն է հարդարում, գոհ եմ եւ՛ վերաբերմունքից, ե՛ւ կատարած աշխատանքից: Տիգրանը սանրվածքը հարմարեցնում է կեցվածքի հետ, խորհուրդներ է տալիս, հաշվի առնում նաեւ մեր կարծիքը: Ինձ թվում է, նա պարբերաբար կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները»,- ասաց Տիգրանի հաճախորդ Անահիտ Մեհրաբյանը: «Տիգրանի աշխատանքի ամեն ինչն էլ ինձ դուր է գալիս, պրոֆեսիոնալ է, ես նրա մշտական հաճախորդներից եմ, նրա մոտ մազերս հարդարելուց հետո ես իմ տեսքից գոհ եմ լինում, տրամադրությունս լավանում է», – սա էլ տնային տնտեսուհի Արմինե Նիազյանի կարծիքն է: Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք. Տիգրանը իր սանրվածքներով հաճելի պահեր է պարգեւում հոգսաշատ քաղաքի՝ հոգսաշատ կանանց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել