Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ

Ապրիլ 07,2009 00:00

Հոգեբանները խորհուրդ են տալիս քնել ու երազել

«Գարնանը կանայք դառնում են ավելի հուզական եւ խոցելի»,- ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի էլ՝ «տղամարդիկ էլ դառնում են ավելի ագրեսիվ»:

Երեկ «Հայելի» ակումբում հոգեբանները խոսեցին գարնանային դեպրեսիաների, կանանց մոտ սթրեսի առաջացման եւ դրանց դեմ պայքարի մասին:

Ս. Խուդոյանի ձեւակերպմամբ, «Գարունը այդպես կտրուկ սթրեսային գոտի չի կարելի դիտել: Գարնանը նաեւ դրական էմոցիաներն են շատ: Դա խիստ անհատական է: Սթրեսները՝ կապված երկրի ֆիզիկական վիճակի փոփոխության, արեւի, ճառագայթման, օդի ճնշման հետ՝ ազդում են կենսաբանական ռիթմերի ոլորտի վրա: Դրանք կարող են առաջ բերել ինչպես էյֆորիկ, այնպես էլ դեպրեսիվ վիճակներ: Կան աֆեկտիվ սեզոնային խանգարումներ, օրինակ՝ մանյակալ դեպրեսիվ պսիխոզը, որը հենց գարնանն ու աշնանն է ի հայտ գալիս: Դրանց դրսեւորումներն ու հայտնվելը եւս խիստ անհատական բնույթ են կրում: Տղամարդկանց մոտ ագրեսիվությունն ու սեքսուալ ոլորտն է ակտիվանում: Սակայն հստակ ասել, որ գարնանը մասսայական դեպրեսիոն վիճակ է առաջանում՝ թերեւս սխալ կլինի»:

Պարոն Խուդոյանի համոզմամբ, դեպրեսիան «սպառնում» է միայն հուզական անկայունություն ունեցող մարդկանց: Կարինե Նալչաջյանի խոսքով. «Ձմեռնամուտից գարուն անցման շրջանում կարող է լինել դեպրեսիվ վիճակ, որը կանանց երկու անգամ ավելի շատ է «այցելում», քան տղամարդկանց: Կարծում եմ՝ գարնանային հուզումնալից վիճակները ավելի շատ կնոջ դեմք ունեն, քան տղամարդկային: Կարող է լինել նաեւ հակառակը. գարունը զարթոնքի շրջան է, մարդկանց մեջ կենսական էներգիա է լցվում, արթնանում է ինչպես բնությունը, այնպես էլ մարդը՝ ձմեռվա թմբիրից, ցրտից եւ բացվում է հոգին ու մարմինը: Եվ այս պարագայում շատ կարեւոր են սպասելիքները՝ նորի, գեղեցիկի, սիրո… Դրանք միշտ չէ, որ բավարարվում են: Իրականության եւ ներքին սպասելիքների բախումից էլ կարող են առաջանալ սթրեսներ»: Հոգեբանի կարծիքով, գարնանային անցումային հոգեվիճակների բացասական կողմը մեծ ախտաբանական երանգ չունի. «Դրանք թույլ, թեթեւ դեպրեսիաներ են, որոնք հեշտ հաղթահարելի են: Այլ խնդիր է, որ դրանք ոմանց մոտ լինում են տեւական»: Կ. Նալչաջյանը նաեւ փաստեց, որ եթե մարդը ներշնչվող է, խոցելի, ավելի շատ է հակված դեպրեսիաների, բայց մյուս կողմից էլ գարունը նոր հույսեր է բերում, լիցքեր, ակտիվություն:

Դեպրեսիայի դեմ դեղատոմսերի մասին Ս. Խուդոյանն ասաց. «Ներշնչանքն ամենալավ եւ օգտակար դեղատոմսն է: Եթե մարդ իրեն ներշնչի, որ կարող է դեպրեսիայից դուրս գալ, ամեն ինչ լավ կլինի, նրան կլքեն վատ մտքերը: Միշտ էլ, ցանկացած պարագայում տվյալ հոգեվիճակը stop տալու հնարավորություն կա»: Կ. Նալչաջյանն ընդգծում է. «Բացի ինքնաներշնչանքից, կարեւորում եմ նաեւ պոզիտիվ մտածողությունը: Երբ սկսում ես վերլուծել այն, ինչ կատարվում է քո շուրջը, միշտ գտնում ես դրական եւ բացասական կողմեր: Պոզիտիվ մտածելակերպն այն է, որ շեշտը դնում ես դրականի վրա եւ գնում դեպի դրականը: Ամեն հնարավորություն պետք է օգտագործել հոգեվիճակից դուրս գալու համար: Ամեն մեկի մոտ մի միջոց է ակտիվ աշխատում: Դեղատոմսերը ստեղծագործելն է, վերլուծելը, քնելը, երեւակայելը, երազելը…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել