Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականն արդեն մի քանի օր է, ինչ մրցավայրում է: Երեկ մարզաձեւի մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ թե տղաները, թե աղջիկներն իրենց նորմալ են զգում ու պատրաստվում են իրենց մրցահերթին:
Հայաստանի ծանրորդներից Բուխարեստում այսօր առաջինն ասպարեզ են մտնելու 69 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Գեւորգ Կակոյանը: Տեւական բուժումից հետո վաղն իր առաջին լուրջ մեկնարկն է ունենալու Մելինե Դալուզյանը, որը հանդես է գալիս իր՝ 63 կգ քաշային կարգում: Ապրիլի 9-ին մեր հանրապետությունը Եվրոպայի առաջնությունում ունենալու է երեք մասնակից. Նազիկ Ավդալյան՝ 69 կգ քաշային կարգ եւ Գեւորգ Պողոսյան ու Արամ Անդրիկյան (երկուսն էլ՝ 85 կգ): Մեկ օր անց կհասնի 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի հերթը: Ապրիլի 11-ին իր ուժերը կփորձի 105 կգ քաշային Արթուր Բաբայանը, իսկ վերջին օրը՝ Ռուբեն Ալեքսանյանը՝ գերծանր (+105) քաշային կարգ: