Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ «ՈՍԿԻ» ԵՎ ԹԻՄԱՅԻՆ «ԲՐՈՆԶ»

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց անհատական երկու ոսկե մեդալ եւ 33 երկրների պայքարում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Լեհաստանին:

Մեր թիմի հաշվարկին առաջին «ոսկին» բերեց մինչեւ 74 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին: Մինչեւ եզրափակիչ հասնելը` նա մրցագորգի վրա անցկացրեց չորս գոտեմարտ՝ միմյանց հետեւից պարտության մատնելով խորվաթ Զուգայ Նեվենին, գերմանացի Ադամ Յուրեձկոյին, լատվիացի Ալեքսանդրս Վիշնյակովսին եւ բելառուս Ալեքսանդր Կիկինյովին: Վճռորոշ գոտեմարտում Արսենի մրցակիցը մարզաձեւի Ուկրաինայի անչափ ուժեղ դպրոցի ներկայացուցիչ Վոլոդիմիր Շացկիխն էր: Սակայն հայ ըմբիշը, որը մարզիչների վկայությամբ արդեն դուրս է եկել երիտասարդ տարիքից ու գորգի վրա այլեւս զգացմունքներից դրդված չմտածված գործողություններ չի անում, Շացկիխին հաջողություն փայփայելու ոչ մի հույս չթողեց: Հատկապես տպավորիչ էր երկրորդ մրցափուլի պարտադիր չորեքթաթ դիրքում, երբ հայ ըմբիշն աշխատում էր վերեւից, Արսենի կատարած «գլորում» հնարքը, որը կատարման տեխնիկայի տեսանկյունից ուսուցողականների շարքը կարելի է դասել:

Արսեն Ջուլֆալակյանն իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ բարձրացավ Եվրոպայի մեծահասակների առաջնության հաղթողի պատվանդան: Չեմպիոնական ոսկե մեդալը նաեւ արժանի նվեր էր հոր ծննդյան տարելիցին:

Հաջորդ օրը մեր եռագույնը բարձրացավ, եւ Հայաստանի օրհներգը հնչեց նաեւ ի պատիվ 120 կգ քաշային, Պեկինի օլիմպիական խաղերի եւ Բաքվում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Յուրի Պատրիկեեւի հաղթանակի, որը նաեւ Եվրոպայի այս առաջնության ամենավառ մասնակիցն է եղել: Նա մինչեւ եզրափակիչ իր բոլոր գոտեմարտերը շահել է մրցակիցների նկատմամբ մեծ առավելությամբ եւ կիրառել այնքան արդյունավետ հնարք, որը գերազանցել է միասին վերցրած բոլոր քաշային կարգերում հանդես եկած ըմբիշների կատարածներին: Ափսոս, որ մեր թիմի առաջատարի կատարմամբ նոր հնարքներ չտեսանք Շվեդիայի ներկայացուցիչ Յալմար Շյոբերգի հետ վճռորոշ գոտեմարտում: Սակայն դա այնքան էլ էական չէ, քանի որ կարեւորը ճիշտ ընտրված տակտիկան էր եւ մրցակարգով սահմանված վերջնական հաղթանակն ապահովող միավոր վաստակելը: Պատրիկեեւը Վիլնյուսում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի իր չորրորդ «ոսկին», որոնցից վերջին երկուսը՝ արդեն Հայաստանի պետական դրոշի ներքո:

Մրցավայր մեկնելուց առաջ Լեւոն Ջուլֆալակյանը, սովորության համաձայն, խոստումներ չէր տալիս, թեեւ վստահ էր, որ Եվրոպայի այս առաջնությունից էլ հավաքականը ձեռնունայն չէր վերադառնա: Երբ նրա հետ զրույցներից մեկի ժամանակ հարցրինք, թե մեր տղաներից ո՞ւմ հետ է ավելի շատ հույսեր կապում, պատասխանեց, որ բոլորն էլ պատվո պատվանդան բարձրանալու հնարավորություն ունեն, եւ շատ բան կախված է լինելու վիճակահանությունից ու անկողմնակալ մրցավարությունից: Համոզված ենք, որ գլխավոր մարզիչը նախ եւ առաջ նկատի ուներ օլիմպիական բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռոման Ամոյանին: Սակայն մարզիկը մեկնարկային երկու գոտեմարտ շահելուց հետո հեռուստատեսությամբ, Ջուլֆալակյանի մեկնաբանությամբ, թերագնահատեց նաեւ ապագա մրցակիցներին, հեշտ հաղթանակներ ակնկալելով, որի համար էլ պատժվեց:

Հայաստանի ազգային հավաքականի անդամներն իրենց քաշային կարգերում զբաղեցրել են այսպիսի տեղեր:

55 կգ՝ Ռոման Ամոյան 7-րդ

60 կգ՝ Արտակ Հարությունյան 8-րդ

66 կգ՝ Խոսրով Մելիքյան 10-րդ

74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան 1-ին

84 կգ՝ Դենիս Ֆորով 10-րդ

96 կգ՝ Արման Գեղամյան 16-րդ

120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ 1-ին

Հունահռոմեական ոճում Վիլնյուսում հանդես էին գալիս եւս երկու հայ ըմբիշներ, որոնք ներկայացնում էին այլ երկրներ: Եվ այդ երկուսն էլ մեդալ նվաճեցին: Արծաթե մրցանակ վաստակեց 60 կգ քաշային Էդուարդ Բարսեղյանը: Եվ դա էլ օգնեց Լեհաստանին թիմային պայքարում առաջ անցնել մեր ընտրանուց: Իսկ Շարուր Վարդանյանը, որ ներկայացնում էր Շվեդիան, արժանացավ բրոնզե մեդալի:

Հունահռոմեական եւ ազատ ոճերի մեր ազգային հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցը կտպագրենք առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել