Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Ապրիլ 07,2009 00:00

Կամ՝ անկեղծանում են հայտնի կանայք

Մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Դա որոշ գծուծ եւ բազմազբաղ տղամարդկանց ուղղակի նյարդայնացնում է, որոշներին էլ հնարավորություն ընձեռում՝ դրսեւորել իրենց կնամեծարությունը: Կան տղամարդիկ էլ, որ կանանց հանդեպ ուշադիր են ողջ տարվա ընթացքում: Եվ ուշադրության արտահայտությունը ամենեւին էլ շքեղ նվերները չեն, որովհետեւ սիրող կանայք նյութապաշտ չեն լինում. բավական է գեղեցիկ մի անակնկալ, փոքրիկ խենթություն, անսպասելի մի ժեստ կամ անկեղծ խոստովանություն, եւ սիրեցյալդ երջանիկ է: Այս թեմայով «Առավոտը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց տարբեր ոլորտներում հայտնի կանանց հետ:

Շոկոլադե սրտիկներ եւ քնքուշ երկտողեր

\"\"«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը մինչեւ հիմա չի մոռացել ամուսնու՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին նվերը: Ամուսնության առաջին տարիներին բոլոր նվերները տնային պարագաների տեսքով էին, իսկ իրենց ամուսնության 5-րդ տարեդարձին ավագ որդու՝ Կարինի ձեռքով մատուցված զարդատուփի պարունակությունն ուղղակի շլացնում է տիկին Արմինեին. «Ես տուփը բացեցի եւ շքեղ վզնոց ու ականջօղեր տեսա այնտեղ: Մտածեցի, որ իմ մայրը չի կարող այդպիսի թանկ նվեր անել, ուրեմն մամա Վարդն է գնել: Հեռաձայնեցի, որ շնորհակալություն հայտնեմ, բայց նա տանը չէր: Րաֆֆին ողջ ընթացքում լուռ նստած էր ու ոչինչ չէր ասում: Նրա մորաքրոջ տղան ասաց, որ նվերը ոչ թե Րաֆֆիի մոր, այլ հենց ՐաֆՖիի կողմից է: Ես շատ էի հուզվել՝ դա իմ անձնական առաջին նվերն էր»: Տիկին Արմինեի փոխանցմամբ, այժմ ինքն ու դուստրը՝ Շուշին, իրենց ընտանիքի բոլոր տղամարդկանցից հավասարապես նվերներ են ստանում, որոնց մեջ մեծ տեղ են գրավում ծաղիկները: Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, նրա կողմից կնոջն արված նվերները բազմատեսակ են՝ սկսած գեղանկարիչների գործերից, վերջացրած սրտիկի տեսքով շոկոլադներով ու ամեն երկրից բերված խորհրդանիշներով: Պարզվում է՝ նա ռոմանտիկ տղամարդ է: «Օրինակ, իմ ամենասիրելի նվերներից մեկը ծղոտե գլխազարդն է, որը Րաֆֆին Չինաստանից է բերել ինձ համար: Այն Չինաստանում դնում են նորահարսի գլխին… Րաֆֆին սիրում է երկտողեր գրել: Օրինակ, Շուշիի տարեդարձի առիթով նա ինձ էլ է շնորհավորել ու գրել, որ երախտապարտ է ցկեանս՝ իրեն տիեզերք պարգեւելու համար… Եղել է ժամանակ, որ ստացել եմ թանկարժեք ոսկեղեն, որ հիմա չեմ էլ կրում, դրանք բանկի պահատուփերում են պահվում. գալիս է մի տարիք, երբ դու այնքան հանգիստ ես զգում քո զույգի հետ, որ կարիք չունես արժեքավոր նվերների, դրանք երկրորդական նշանակություն են ստանում»,- հավելում է Ա. Հովհաննիսյանը: Մեր զրուցակիցն ասում է, որ իրենց ընտանիքում էլ երեխաներին այնպիսի դաստիարակություն են տվել, որ հեռու մնան նյութապաշտությունից. «Երբ Կարինն ավարտում էր համալսարանը, ես պետք է Նյու Յորք մեկնեի իր ավարտականին: Մտածում էինք՝ ի՞նչ նվիրենք, որ յուրահատուկ լինի: Պատրաստեցինք 25 էջանոց մագաղաթներով գիրք, ու յուրաքանչյուր մագաղաթի վրա մի պատգամ գրեցինք մեր ընտանիքի որեւէ անդամի կողմից՝ Կարինին ուղղված: Որդիս նվերից շատ էր հուզվել, նա ասաց, որ դա իր կյանքի ամենալավ նվերն է»: Օգտվելով առիթից, տիկին Հովհաննիսյանին հարցրինք՝ որպես հայտնի քաղաքական գործչի կին, ինչպե՞ս է վերաբերվում իր ամուսնու հասցեին հնչող ոչ հաճո արտահայտություններին: Ա. Հովհաննիսյանը մի պատմություն հիշեց, երբ իրենց նյույորքաբնակ ընտանիքը կարոտ է եղել հայի ու հայերեն խոսքի ու, տեղափոխվելով Լոս Անջելես, երջանիկ է զգացել հայահոծ համայնքում հաստատվելով. «Հիշում եմ՝ Լոս Անջելեսում մի օր դպրոց էինք գնում ընկերուհիներով, ու հայ տղաները մեզ խոսեցնում էին: Ուշադրություն գրավելու համար նրանք սկսեցին մեզ վրա փոքրիկ քարեր գցել, որը զայրացրեց ընկերուհուս: Նա վազեց, որ խփի տղաներից մեկին: Ես էլ նրա հետեւից վազեցի՝ կանչելով՝ Սյուզի, Սյուզի, հայ է, մի արա… Մինչեւ հիմա ընկերուհիներս հիշում են այդ պատմությունը ու ծիծաղում վրաս: Այսօր էլ այդ փիլիսոփայությամբ ու զգացումով ենք ապրում, որ յուրաքանչյուր հայ ինքնին արժեք է ու հային չես կարող վնաս պատճառել: Մեծանալով Սփյուռքում՝ զգալով կարոտը հայի հանդեպ, դու հասկանում ես, որ բարձրագույն արժեքը՝ հայրենիքը, միայն Արարատը չէ, այլեւ հայն է, որը քո մեծ ընտանիքի անդամն է: Իմ եւ Րաֆֆիի համար զարմանալի է, երբ տեսնում ենք ոչ բարյացակամ վերաբերմունք միմյանց հանդեպ՝ հատկապես քաղաքական ասպարեզում: Ես ընդունում եմ, որ մարդիկ կարող են տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալ, որովհետեւ կարծիքների բախումից են ծնվում ճիշտ որոշումները: Մի բան, սակայն, չենք ընդունում. ապրելով նման փոքր երկրում, ուր այդքան մարտահրավերներ ու արտաքին թշնամիներ կան, թշնամիներ ենք փնտրում մեր հայրենիքում: Դա ինձ համար խորթ է, անընդունելի է եւ ինչ-որ առումով՝ ցավալի»:

Խենթությունները տղամարդկանց հակացուցված չեն

«Հայելի» ակումբի հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանն «Առավոտին» պատմեց, որ այս միամսյակում, հանուն իրեն, պատանեկական խենթություն են արել, թե ո՞վ, բնականաբար, չասաց: Տղամարդկանց մասին էլ այսպես արտահայտվեց. «Ես սիրում եմ մեծահոգի տղամարդկանց, որովհետեւ նրանք երբեք ստոր չեն լինում: Աշխարհի շրջապտույտը կառուցված է կին-տղամարդ հարաբերության շուրջ. տղամարդուն կարելի է սիրել, փայփայել, փաղաքշել հենց միայն նրա համար, որ քեզ տալիս է ամենամեծ վայելքն ու ամենամեծ գանձը՝ երեխան: Իսկ երջանիկ ես զգում այն ժամանակ, երբ ամենահասուն տղամարդը պատրաստ է իրեն պատանու պես պահել… երջանիկ ես, երբ ինքը քո ականջին շշնջում է ամենաինտիմ բաները, ու դու ո՛չ այդ պահին, ո՛չ հինգ ժամ, ո՛չ էլ առավել եւս հինգ տարի հետո չես կասկածում դրանց անկեղծության մեջ: Երջանիկ ես, երբ տղամարդը, քեզ ունենալով հանդերձ, չի խեղդում քո ներքին ազատությունը եւ քեզ համար ճախրելու հնարավորություն է ստեղծում, թողնում է, որ մի քիչ քմահաճ, թեկուզ մի քիչ էլ երես առած լինես: Իմ տեսակը սիրում է ուժեղ տղամարդուն, թույլին կարող եմ ներել, հանդուրժել, բայց որոշակի ժամանակ, եւ մեղք է այն կինը, որը թույլ տղամարդու է հանդիպում»:

Անսպասելի նվերների ու անակնկալների մասին էլ Անժելան պատմում է. «Մի տարի Ստամբուլ էի մեկնել: «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքն ասաց, որ շատ է ուզում՝ Ստամբուլը սիրեմ ու սիրուն աչքերով նայեմ: Նա ինձ համար նավ վարձեց, 3-4 ժամ պտտվեցինք կղզիներով, ամենավերջում էլ նավը հանգրվանեց Գնալիի կղզում: Դա մի հեքիաթ էր՝ գիշեր, լուսին, լույսեր, ծովի ալիքներ… գուցե նաեւ թանկ հաճույք էր, բայց դա չէ էականը… Հիմա Դինքը չկա, եւ ես Ստամբուլը իր հայացքով եմ հիշում: Բելգիաբնակ ընկերներիցս մեկն էլ մի ուրիշ անակնկալ է արել. այնտեղ ծովափ կա, ուր առավոտյան ջուրը հետ է գնում, երեկոյան՝ առաջ գալիս: Բրյուսելից մի 3 ժամվա ճանապարհ է՝ դրա համար վաղ առավոտյան դուրս եկանք տնից, որ կարողանանք որսալ պահը: Մի օր էլ երեկոյան գնացինք ծովափ, որ տեսնենք, թե ալիքները ոնց են հետ գալիս: Այ, էսպիսի խենթություններ եմ սիրում, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում կյանքը: Կամ մյուս ընկերս էլ, որ գիշերը Լոռիից վերադառնալիս արջի քոթոթ էր բերել, ժամը երկուսին էդ քոթոթը բերեց, որ ես էլ տեսնեմ, ուրախանամ…»:

Ճերմակ վարդեր եւ ալպիական կապույտ մանուշակ

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հավաստիացնում է, որ իր կյանքում ոչ թե մեկ խենթ նվեր, այլ նվերների շարք է ունեցել: Նա հիշում է, որ տարիներ առաջ, մեկ ամիս շարունակ մի «աներեւույթ» ձեռք սպիտակ վարդերի փունջ էր դնում իրենց դռան առաջ ու ոչ մի կերպ հնարավոր չէր լինում պարզել «հեղինակին». «Ես երկար ժամանակ գլխի չէի ընկնում, թե ով է նա: Մեր հարեւանների համար էլ էր դա տոնի վերածվել, ասում էին՝ գոնե մի օր շուտ արթնացիր, որ տեսնես ով է: Մի շրջան էլ այդ երիտասարդը մեքենան կանգնեցնում էր մեր շենքի բակում ու մեղմ երաժշտություն միացնում, որ ես այդ ձայնին ի պատասխան՝ դուրս գամ պատշգամբ: Ես էլ դիտմամբ ուշ էի դուրս գալիս: Դա 90-ականներին էր, ես այսօրվա պես հիշում եմ մեզ կապող մեղեդին՝ «Պրոֆեսիոնալը» ֆիլմի երաժշտության մասին է խոսքը… Հետո այնպես ստացվեց՝ մենք բաժանվեցինք, ու այդ երիտասարդը Հայաստանից գնաց: Նա արտասահմանից զանգում էր, ոչինչ չէր խոսում ու լսափողի միջից դարձյալ մեր երաժշտությունն էր հնչում»: Ռոմանտիկ այս պատմությունը Լ. Գալստյանի կյանքում միակը չէ: «Առավոտին» նա այլ սիրուն հուշ էլ պատմեց: «Դա սեր էր հայտնի մեկի հետ, որի անունը չեմ տա: Նրա հետ էլ եմ դաժան եղել ու չեմ պատասխանել սիրուն: Հիշում եմ՝ ինքը կռիվ գնաց՝ Օմար, բայց պատճառը միայն իմ անպատասխան սերը չէր, այլ հայրենիքի հանդեպ պարտքը… Ես անընդհատ տանջվում էի՝ բա որ հետ չգա՞: Լավ էր՝ եկավ, իհարկե, ինձ չներելով: Երբ նա վերադարձավ Օմարից, առաջինը իմ աշխատավայր եկավ ազատամարտիկի հագուստով, հոգնածության ու պատերազմի փոշին վրան, դառնացած աչքերով: Նա ծոցագրպանից հանեց Օմարի ալպիական գոտուց բերած մի կապույտ ծաղիկ, որ արդեն չորացել էր ու հայտնի տողը հիշեցի. «Կապույտ ծաղիկ մը գարունքի»… Հիմա մենք լավ ընկերներ ենք: Այդ պատմության արդյունքում ծնվեց մի չքնաղ պատմվածք, որն ինքն ուրիշ ձեւ է գրել, ես ուրիշ կերպ եմ գրելու, երբ մեծանամ»,- ասում է պատգամավորը:

Նա հետաքրքիր է բնորոշում տղամարդկանց. «Իմ ռոմանտիկ այս պատմություններից հետո ես պիտի դաժան բան ասեմ՝ տղամարդիկ, այնուամենայնիվ, սպառողներ են… Բայց, մյուս կողմից էլ, առանց իրենց կյանքը տխուր է: Ի դեպ, իմ ընկերներն ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք: Տղամարդիկ իրենց ժանրով գրաֆիկական աշխատանք են, կանայք՝ գեղանկարչություն, մենք սիմֆոնիա ենք, իրենք՝ կամերային ստեղծագործություն…»:

Հայրենասեր տղամարդիկ են ուժեղ

\"\"Երգչուհի Աննա Մայիլյանի համար ամենագեղեցիկ նվերները ծաղիկներն են: Ինչ վերաբերում է ապրիլի 7-ին, որը ընկալվում է իբրեւ մայրության եւ գեղեցկության տոն, Աննայի խոսքով. «Դա ինձ համար նվերների օր չէ, որովհետեւ այդ օրը կամ դրսում եմ լինում, կամ եկեղեցում՝ պատարագի, որովհետեւ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնն է, եւ ես որպես եկեղեցական մարդ, այդ օրը անցկացնում եմ պատարագում»: Երգչուհին գտնում է, որ անսովոր նվերների առումով իր կյանքում շռայլումներ չեն եղել: Տղամարդկանց մասին էլ Ա. Մայիլյանը հետեւյալ կարծիքի է. «Այսօրվա տղամարդու կերպարն այլ է, ցանկալի տղամարդունը՝ լրիվ այլ: Ցավալի է տեսնել թույլ տղամարդկանց, որոնք ոչ կեցվածք ունեն, ոչ սանրվածք, ոչ հագնվելուն են հետեւում, անճաշակությունը նրանց համար սովորական երեւույթ է: Իսկական տղամարդ լինելու համար բնավորության համապատասխան գծեր կան, բայց հաճախ դա ասոցացվում է միայն ֆիզիկականի հետ: Կոնկրետ ինձ համար իսկական տղամարդիկ նրանք էին, ովքեր գնացին պատերազմ եւ իրենց կյանքը Արցախի ազատագրմանը նվիրեցին: Փառք նրանց, ոմանք այսօր ողջ են, բայց իրենց մասին քիչ է խոսվում ու փառաբանվում: Ես նմա՛ն տղամարդկանց եմ գնահատում, ովքեր իսկապես ուժեղ են: Հիմա շատերը վախենում են ուժեղ լինել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել