Էմիրաթներում չեչեն հայտնի հրամանատար Սուլիմ Յամադաեւի սպանության պատվիրատուն հայտնի քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովն է: Ըստ «Գազետա» թերթի, այդպիսի հայտարարություն է արել կիրակի օրը Դուբայի ոստիկանության պետ Դահի Հալֆան Թամիմը: Նա հայտնել է նաեւ, որ գործով արդեն կա 2 ձերբակալված, որից մեկը Իրանի քաղաքացի է: Ձերբակալվածներից մեկը ցուցմունք է տվել, որ մարտի 28-ին իրեն ատրճանակ է փոխանցել Դելիմխանովի թիկնապահներից մեկը: Հենց այդ ատրճանակից էլ սպանվել է Յամադաեւը: Թամիմը հատուկ նշել է, որ կասկածյալը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մոտիկ ընկերն է եւ բարեկամը: Ըստ ոստիկանապետի, եւս 4 կասկածյալներ հասցրել են փախուստի դիմել եւ, ըստ որոշ ենթադրությունների, այժմ գտնվում են Ռուսաստանում: Նրանք բոլորը, ինչպես եւ Դելիմխանովը, Ինտերպոլով հետախուզման մեջ են հայտարարվելու: Սակայն ռուսաստանյան դատախազությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ռուսաստանը որեւէ երկրի չի հանձնում իր քաղաքացիներին: Զուտ տեսականորեն հնարավոր է, որ կասկածյալներին պատասխանատվության են կանչելու հենց իրենց հայրենիքում՝ ՌԴ-ում, սակայն դրա համար պետք է փաստաթղթերի լուրջ փաթեթ, եւ այդ դեպքում էլ Դելիմխանովն օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ: Ինքը՝ պատգամավորը, կտրականապես հերքում է Դուբայի ոստիկանապետի տարածած տեղեկատվությունը: «Այդ հայտարարությունը հիմնված է մարդասպանի, նարկոմանի եւ մարդկանց առեւանգողի ենթադրությունների վրա, ինչպիսին է սպանված Սուլիմ Յամադաեւի եղբայրը՝ Իսան»,- պարզաբանել է Դելիմխանովը: