Երեկ Ստամբուլում բացվել է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումը: Հայաստանը պաշտոնապես չի միացել դաշինքին, սակայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու այս միջոցառմանը: Համաժողովին մասնակցում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը երեկ գիշեր Պրահայից ուղեւորվեց Թուրքիա: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ թուրք-ամերիկյան բանակցությունների հիմնական հարցերից մեկը լինելու է Հայաստանին վերաբերող խնդիրը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել էր, թե Բարաք Օբամայի հետ կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաեւ Հայաստանին ու Lեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ: Թուրքիա մեկնելուց առաջ, Պրահայում Եվրամիություն-ԱՄՆ գագաթաժողովում Բարաք Օբաման Եվրամիությանը կոչ արեց՝ Թուրքիային ընդունել որպես Եվրամիության անդամ, ասելով, թե դա դրական ազդանշան կլինի մահմեդական աշխարհի համար: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հակադարձել է Օբամային, ասելով, թե ինքը չի փոխել ու չի փոխի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը` վճռականորեն դեմ արտահայտվելով դրան: Սարկոզին հավելել է, թե իր բացասական կարծիքը կիսում են եվրոպական երկրների մեծ մասը: Ի դեպ, Ստամբուլում է գտնվում նաեւ ՆԱՏՕ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (նկարում), որի պաշտոնավարման առաջին իսկ օրերը նշանավորվեցին տհաճ պատահարով. նա ընկավ Ստամբուլի հյուրանոցի աստիճաններից եւ վնասեց ուսը: