Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գալիս է ապրիլի 7-ը…

Ապրիլ 07,2009 00:00

Երբ մոտենում են մարտի 8-ն ու ապրիլի 7-ը՝ դպրոցական երեխաներ ունեցող ծնողները սկսում են դրամ խնայել, վստահ լինելով, որ ուսուցիչներին նվերներ գնելու համար անպայման գումար է հավաքվելու: Այս գործի կազմակերպումը սովորաբար դրված է յուրաքանչյուր դասարանի ամենաակտիվ ծնողներից մեկի վրա, որին «ծնողկոմիտե» են կոչում: Նա գործընթացն իրականացնում է դասղեկի հետ: Սակայն նվեր գնելու արարողությունը հաճախ չի սահմանափակվում միայն դպրոցի ուսուցիչներով, տնօրենով: Կանանց միամսյակի առիթով անուշադրության չեն մատնվում նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատարն ու տեղակալը, տեսուչները: Նրանց էլ է նվեր մատուցվում՝ կլորիկ գումարի տեսքով: Օրինակ՝ Կենտրոն համայնքի դպրոցներից մի քանիսում աշխատող ուսուցիչներ, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան իրենց անունները հրապարակվի թերթում, պատմեցին, որ նշված համայնքի դպրոցների տնօրենները $50-ական են հավաքում՝ քաղաքապետարանի կրթության վարչության կին պաշտոնյաներին նվեր մատուցելու համար: Հետաքրքիր է՝ այս դեպքում «թեժ գիծ» չի՞ գործում: Տնօրենները կարող էին զանգել եւ բողոքել: Կատակը մի կողմ, բայց այս համակարգը մի փակ շրջան է իրենից ներկայացնում. դասղեկը չի կարող գումար չհավաքել ծնողներից եւ «վճարել» տնօրենին, որովհետեւ հակառակ դեպքում նա այդ ուսուցչին լավ աչքով չի նայի, դասղեկությունից կազատի, ժամերը կկրճատի, իսկ տնօրենը չի կարող վերեւներին չվճարել, հակառակ դեպքում՝ իր դպրոցն աչքաթող կարվի: Եվ այնուամենայնիվ, այսօր տոն է, ու «Առավոտը» Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ի սրտե շնորհավորում է իրենց կոչմանը հավատարիմ ուսուցչուհիներին, որոնք իրենց սաների համար «երկրորդ մայր» են: Ձեզ անսպառ համբերություն ենք մաղթում ձեր կարեւորագույն գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել